YN.am-ը գրում է.
Անկախ ՀՀ տնտեսությունը ներկայումս գտնվում թերևս ամենադժվարին և ծանր փուլում: Այս մասին հայտարարեց նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մենք կփորձենք ուսումնասիրել մի շարք տնտեսական ցուցանիշներ, որոնք առավել պարզ կցուցադրեն ներկայիս իրավիճակը: Երկրում ընդհանուր տնտեսական վիճակի մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ), որը համակարգային պատկերացում է տալիս տնտեսության մասին:
ԱՀՀ 1-ին բաղադրիչ՝ ՀՆԱ
Երկրի տնտեսության արդյունավետության աստիճանի մասին առավել մեծ պատկերացում տվող ցուցանիշը երկրի համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), որը տվյալ երկրի սահմաններում արտադրված ապրանքներն ու ծառայություններն են՝ ինչպես սեփական, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ։
ՀՆԱ-ն ցուցադրում է երկրի տնտեսության ակտիվության աստիճանը: Երկրի ներսում իրականացվող տնտեսական գործունեության, ակտիվ գործարքների հաշվին երկրի ՀՆԱ-ն աճում է: Այսինքն, որքան պասիվ է տնտեսությունը, այդքան փոքր կլինի ՀՆԱ ցուցանիշը:
Նախորդ տարի՝ 2015թ.-ին ՀՀ ՀՆԱ ցուցանիշը կազմել է 5032089.0 մլն դրամ: 2016թ.-ի վերջին եռամսյակի ՀՆԱ ցուցանիշը դեռ չի հրապարակվել, սակայն ներկայացնենք 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ցուցանիշները: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2016թ.-ի ՀՆԱ-ն 1-ին եռմսյակում կազմել է 897818.4 մլն դրամ, 2-րդում՝ 1127723.3 մլն դրամ և 3-րդում՝ 1518338.5 մլն դրամ:
Երեք եռամսյակների գումարային ցուցանիշը կազմում է 3543880.2 մլն դրամ: Այսինքն նախորդ տարվա ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է, որ 4-րդ եռամսյակի մուտքը կազմի 1488208.8 մլն դրամ:
Դիտարկենք նախորդ 5 տարիների ՀՆԱ ցուցանիշների հարաբերակցությունը:
Գր1. 2011-2015թթ. ՀՆԱ հարաբերակցություն (մլն դրամ)
Ինչպես տեսնում ենք, վերջին տարիների ՀՆԱ աճը չնչին է եղել: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանի ՀՆԱ-ն 2013թ.-ին կազմել է ավելի քան 16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ նույն թվականին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 6 մլրդ դոլարով պակաս՝ 10.43 մլրդ դոլար:
Նշենք, որ ՀՆԱ մեր կողմից ներկայացված տվյալները հաշվարկված են շուկայական գներով, սակայն գոյություն ունի նաև ՀՆԱ հաշվարկ հիմնական գներով: Այս դեպքում հաշվի է առնվում տարեկան գնաճը:
ՀՆԱ արդյունավետությունը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել նաև դրա կառուցվածքը: Այս դեպքում երևում է տնտեսության յուրաքանչյուր ճյուղի արդյունավետությունը: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, ՀՀ ՀՆԱ ունի հետևյալ կառուցվածքը:
Գր.2 ՀՆԱ կառուցվածքն ըստ տնտեսության ոլորտների
Ինչպես տեսնում ենք, ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ չափաբաժինն ընկնում է ծառայությունների ոլորտին՝ 37 տոկոս: Ծառայությունների ոլորտը 2006թ.-ից մեծ աճ է գրանցել. ՀՆԱ-ում 21.6 տոկոսից հասնելով 37.3 տոկոս: Հակառակ դրան անկում է ապրել շինանրարության ոլորտը՝ 2006թ.-ի 23.7 տոկոսից հասնելով 9.4 տոկոս: Մյուս ոլորտներում համեմատած 2006թ.-ի հետ չի գրանցվել մեծ աճ կամ անկում, ՀՆԱ-ում դրանց բաժինը գրեթե նույնն է մնացել: Առանձնացնենք նաև ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների (ՖՄԱՉԾ) ոլորտը: Սա ֆինանսական միջնորդ հանդիսացող մարմինների կողմից իրականացված գործարքների արդյունքում տոկոսային տարբերությունն է:
Համեմատության համար նշենք, որ մի շարք զարգացած երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ) գյուղատնտեսության ոլորտը ՀՆԱ-ում ունի չնչին չափաբաժին՝ 1-2 տոկոս, իսկ ՀՀ-ում՝ 17 տոկոս: Պետք է նշել նաև, որ զարգացած երկրներում ՀՆԱ առյուծի բաժինը հասնում է հենց ծառայությունների ոլորտին: Ինչպես նշեցինք, այս ոլորտի աշխուժացում է նկատվում նաև ՀՀ-ում: Սակայն, յուրաքանչյուր պարագայում, պետք է նշենք, որ ՀՆԱ նման պասիվությունը չափազանց վտանգավոր է, կարելի է ասել՝ տնտեսությունը դոփում է նույն տեղում դեռ 2006թ.-ից: Հաշվի առնելով նաև տարեցտարի մեծացող գնաճը, ապա ՀՆԱ ցուցանիշներն արդեն 10 տարի է գրեթե չեն փոփոխվում:
Մենք ներկայացրեցինք ՀՀ տնտեսության խոշոր ճյուղեր են: Ուսումնասիրենք ճյուղերի մեջ մտնող փոքր ենթաճյուղերը: «Գյուղատնտեսություն» սեկտորի մեջ մտնող որսորդությունն ու անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծությունը միասին ՀՆԱ-ում ունեն 868 975.7 մլն դրամ բաժին, որն էլ կազմում է ՀՆԱ 17 տոկոսը: «Արդյունաբերություն» սեկտորն ընդգրկում է հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում (2.1%), մշակող արդյունաբերություն (9.3%), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (4.5%), ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (0.4%) ճյուղերը, որոնք միասին ապահովում են 817 526.8 մլն դրամ արդյունք (16%) (Ներկայացված են 2015թ.-ի տվյալները): Ինչպես տեսնում ենք, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումն ամենաքիչ արդյունքն է ապահովում ՀՆԱ մեջ: Առանձնացնենք թափոնների կառավարում և վերամշակում կետը, որը զարգացած երկրների տնտեսության մեջ մեծ տեղ է գրավում: Միջինում ԵՄ-ում վերամշակման է ենթարկվում թափոնների կեսից ավելին: Միայն 40 տոկոսն է ոչնչացվում, մյուս 40 տոկոսը վերամշակվում է վերածվելով այլ երկրորդային հումքի, իսկ 20 տոկոսը՝ էներգիայի: Ավելին, եվրոպական մի շարք երկրներում բնակիչները հնարավորություն ունեն օգտագործելու էժան էլեկտրաէներգիա հենց թափոնների վերամշակման արդյունքում: Իսկ Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում, պատկերն աղետալի է: Անգամ Ռուսաստանում դեռ շարունակում են ոչնչացնել թափոնների 80-90 տոկոսը: Սա ոչ միայն տնտեսության համար է հանդիսանում արգելակող գործոն, այլև սպառնում է դառնալ բնապահպանական մեծ աղետ: Հայաստանը դեռ շատ հեռու է թափոնների արդյունավետ վերամշակմամբ զբաղվելու և ոլորտը տնտեսապես շահութաբեր դարձնելու համար: Այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական և տեխնոլոգիական ներդրումներ: Առաջին հերթին, ոլորտի արդյունավետության բարձրացման մեջ պետք է շահագրգռված լինի պետությունը: Անհրաժեշտ է խթանել ոլորտը, տրամադրալ արտոնություններ թե ֆինանսական, թե այլ տեսակի: Կարևոր է նաև խթանել երկրում ՏՏ ոլորտի զարգացումը և նորարարությունների, գյուտերի ստեղծման համար նպաստալի պայմաններ ստեղծել: Միգուցե, երիտասարդների մոտ գիտական առաջընթացի, նոր գաղափարների ստեղծման գործընթացը խթանելու արդյունքում որոշակիորեն կլուծվի նաև ՀՀ-ում հակասանիտարական և համաճարակի բուն հանդիսացող աղբավայրերի խնդիրը:
ՀՀ ՀՆԱ 9 տոկոսը 2015թ.-ին ապահովել է շինարարության ոլորտը: Այս ոլորտի 2006թ.-ից գրանցված անկման մասին արդեն նշել ենք:
Ներկայացնենք ՀՆԱ 37 տոկոսն ապահովող Ծառայությունների ոլորտի ենթակառուցվածքն ավելի մանրամասն:
Գր.3 Ծառայություններ/ՀՆԱ 2011/2015թթ. հարաբերակցություն
Ինչպես տեսնում ենք, 2011թ.-ից ՀՆԱ-ում ծառայությունների մասնաբաժնում ընդամենը մի փոքր տեղաշարժ է գրանցվել: «Մեծածախ և մանրածախ առևտուր. Ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում» ենթաճյուղը մոտ 2 տոկոսային կետով անկում է ապրել: Այս ենթաճյուղը ծառայությունների մեջ ամենամեծ մասն է ապահովում, հետևաբար անկումն ու աճը նկատելի են: Վեց տոկոսային կետով աճ է գրանցել «անշարժ գույքի հետ կապված գործունեություն» ենթաճյուղը: «Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրություն» ենթաճյուղն ընդամենը 1 տոկոսային կետով է արդյունավետ դարձել: Ավելի քան 2 տոկոսային կետով աճել է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղը:
Երկրի տնտեսական զարգացվածության աստիճանն առավել ճշգրիտ նկարագրում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը՝ հաշվարկված սպառողական գների ինդեքսով: Սա որակային ցուցանիշ է, որը ցույց է տալիս միջինում յուրաքանչյուր քաղաքացու կողմից ստեղծած ՀՆԱ բաժինը: Այս ցուցանիշի միջոցով նաև պարզ է դառնում, թե որքան է միջինում քաղաքացին ծախսում տարվա ընթացքում: Այս ցուցանիշը սովորաբար ներկայացվում է ԱՄՆ դոլարով, այլ երկրների հետ համեմատման նպատակով:
Գր.4 Մեկ շնչի հաշվով ՀՆԱ 2011-2015թթ. (դոլարային)
Ինչպես տեսնում ենք, մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 2014թ.-ին, սակայն 2015թ.-ին կրկին անկում է ապրել: Սա տնտեսության ցածր արդյունավետության մասին վկայող ամենավառ ապացույցն է:
Գր.5 Մեկ շնչի հաշվով ՀՆԱ տարածաշրջանի երկրների համեմատություն 2011-2015թթ. (ՀԲ տվյալներ)
Տարածաշրջանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ ամենամեծ ցուցանիշն ունի Թուրքիան, այնուհետև Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը: Ադրբեջանը 2011թ.-ից գրանցել է ամենամեծ աճը՝ մոտ $7000 չափով: Իրանն ու Թուրքիան երկրորդն են աճի ցուցանիշով՝ մոտ $5000: Անգամ Վրաստանը, որն օժտված չէ նման բնական պաշարներով, ինչպես հզոր հարևանները, գրանցել է ավելի քան $4000 աճ: ՀՀ-ն անգամ $200 աճ չի կարողացել ապահովել:
ՀՀ ԱՎԾ-ն 2011թ.-ից ՀՀ տնտեսության համար հաշվարկում է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի տատանումները կներկայացնենք ստորև.
Գր. 6 Տնտեսական ակտիվության ցուցանիշ 2011-2015թթ.
Գրաֆիկից երևում է, որ այս ցուցանիշը սրընթաց անկում է ապրել 2012-2013թթ.: 1.1 տոկոսային կետով անկում է գրանցվել նաև 2014-2015թթ.: Սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ավելի ու ավելի ոչ բարենպաստ միջավայր է դառնում ներդրումների և բիզնեսի վարման համար:
Բիզնեսի վարման հարմարավետության և արդյունավետության աստիճանը ցույց տվող կարևոր ցուցանիշ է նաև Doing Business-ը, որը ներկայացնում է երկրների վարկանիշային ցուցակ: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է 38-րդ հորիզոնականում աշխարհի մակարդակով, իսկ տարածաշրջանային մակարդակով 8-րդն է: Doing Business-ը հաշվարկվում է հիմնվելով մի քանի ոլորտների ուսումնասիրման արդյունքում ստացված գնահատականի վրա: Համեմատենք ՀՀ այլ երկրների ցուցանիշների հետ:
Գր. 8 Doing Business ցուցանիշի համեմատություն (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան)
Ինչպես տեսնում ենք, Doing Business ցուցանիշով Ադրբեջանն առավել անբարենպաստ դիրքում է: Այն 65-րդ է բիզնեսի վարման ցուցանիշով: Հայաստանի դիրքն ավելի բարեհաջող է, բայց նույն տարածաշրջանում գտնվող Վրաստանն ավելի լավ արդյունքներ է ապահովել: Նշենք, որ հետազոտվող քաղաք է ընտրվել Երևանը, ինչն էլ հավանաբար հանդիսացել է նման դիրքի պատճառ:
Ներկայացնենք նաև ՀՆԱ տարեկան տոկոսային աճն ըստ Համաշխարհային բանկի տվյալների:
Գր.7 ՀՆԱ տարեկան տոկոսային աճն ըստ Համաշխարհային բանկի տվյալների
Համաշխարհային բանկն արդեն հրապարակել է Եվրապայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար կանխատեսումը: Ըստ ամենայնի տարածաշրջանային ՀՆԱ-ն 2016թ.-ին աճել է 1.2 տոկոսով, հիմնականում ՌԴ տնտեսության անկման տեմպի նվազման արդյունքում, քանի որ այն ապահովում է տարածաշրջանի ՀՆԱ-ի գրեթե 40 տոկոսը: ՌԴ տնտեսությունը կարգավորվում է կապված նավթի գների կայունացման հետ: Բացառելով ՌԴ-ն, ՀԲ-ն նշում է, որ տարածաշրջանի աճն իջեցվել է մինչև 2.4 տոկոս՝ արձագանքելով Թուրքիայում բարդ քաղաքական իրավիճակին: Ռուսաստանի աճը կազմել է 0.6 տոկոս, նույնիսկ ավելի քիչ, քան նախատեսվում էր:
Ըստ ՀԲ-ի, սրա պատճառը բյուջետային կանոնից հրաժարվելը և բանկային հատվածում կապիտալի ու իրացվելիության ներարկումներն են: Ադրբեջանը 2016թ.-ին գրանցել է 3 տոկոս աճ, իսկ Ղազախստանը՝ 0.9 տոկոս: Միևնույն ժամանակ, ՀԲ-ն կանխատեսում է հումքային ապրանքների գների անկման կանգ, ինչը նպաստավոր կլինի այս երկու երկրների համար: 2017թ.-ին ՀԲ-ն կանխատեսում է մեր տարածաշրջանում 2.4 տոկոս աճ, ինչը պայմանավորված կլինի ապրանքների արտահանման և վստահության աճով: Սա կախված կլինի հումքային ապրանքների գների վերականգնումից և աշխարհաքաղաքական իրավիճակի սրման թուլացումից: ՌԴ-ի համար կանխատեսվում է 1.5 տոկոս աճ, Ադրբեջանի համար՝ 1.2 տոկոս աճ, իսկ Ղազախստանի համար՝ 2.2 տոկոս աճ: Ըստ ՀԲ-ի, ՌԴ և Ղազախստանի աճը նպաստավոր կլինի նաև Հայաստանի, Բելառուսի ու Ղրղզստանի համար, առևտրաշրջանառության և դրամական փոխանցումների աճի հաշվին: