Նախընտրական շրջանում ամենացավոտ և շրջանառվող խնդիրներից մեկը՝ ընտրակաշառքն է: Ի՞նչ անել այս արատավոր երևույթը իսպառ վերացնելու համար և արդյոք հնարավոր է խուսափել դրանից:

   Ինչպիսի՞ Հայաստան է մեզ սպասվում, ինչ ակնկալիքներ ունենանք, իշխանական ո՞ր ուժերը կհաղթանակեն այս ընտրապայքարում:     Այս և նման հարցերի շուրջ YN.am-ը զրուցեց քաղաքագետ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Էդգար Խաչատրյանի հետ:
   

    Արդյոք կա՞ ինչ-որ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի ազատվել թե՛ ընտրակաշառք տալուց, թե՛ վերցնելուց:

    Գիտե՛ք, ընտրակաշառքը արդեն ձևավորված ռեսուրս է, որից ազատվելը այնքան էլ հեշտ չի լինի: Չեմ կարծում, թե կլինի ինչ-որ մեխանիզմ , որը կստիպի տվողին և վերցնողին հրաժարվել դրանից: Քաղաքացին պետք է իրավագիտակից լինի ու ընտրակաշառք չվերցնի, բայց վերցնելու դեպքում անգամ, չպետք է պարտավորվի ընտրել տվյալ թեկնածուին: Պարզապես պետք է աշխատանք տանել քաղաքացու հետ, բարձրացնել նրա իրավագիտակցության մակարդակը, որ նա հասկանա՝ կարող է ընտրել նրան, ում ցանկանում է:
   

    Ինչու՞ է մեզ մոտ, այսպես ասած, բացակայում իշխանություն և ընդդիմություն երկխոսությունը:
   

    Իշխանություն և ընդդիմություն երկխոսությունը չի կայանում վերջինիս պատճառով: Երբ որ իշխանությունն ընդդիմությանը հրավիրում է բանակցելու, ով գնում է, ստանում է դավաճանի պիտակ: Պետություն կառուցելու համար իշխանություն-ընդիմություն երկխոսությունը, իհարկե, պարտադիր է: Եթե ընդդիմությունն իր սեփական նախաձեռնությամբ որոշում է իշխանության հետ բանակցությունների գնալ՝ դա միայն ողջունելի է: Երբ իշխանությանը թողնում են միայնակ իր որոշումների հետ, հնարավոր է դրանք սխալ լինեն, բայց բանակցելու,  երկրորդ կարծիք լինելու դեպքում հաճախ օրենքը փոխվում է, որոշումները՝ ևս: Ընդդիմությունը պետք է հստակ առաջարկություններ անի, բանակցի իշխանության հետ, կոնկրետ կոնցեպտի գա: Այս դեպքում իրավիճակը միանգամայն այլ կլինի:
   

    Ի՞նչ կտա մեզ Խորհրդարանական Հայաստանը և կփոխվի՞ մեր իրականությունը:
 

     Խորհրդարանական Հանրապետությունը կբերի նրան, որ իշխանությունը կբաժանվի և կլինի երկկենտրոն կառավարման համակարգ: Պետության, հասարակության համար դա միայն շահավետ է, որովհետև մեծանում է ընդդիմության դերը: Բանակցությունների խնդիրը դրվում է ավելի ինստիտուցիոնալ հարթակում, այսինքն՝  ընդդիմությունն ու իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է բանակցեն:

  Ավելի շատ օրենքներ ներկայացնելու խնդիր, կմեծանա իշխանության կողմից ընդդիմությանը լսելու, ընդդիմության կողմից էլ իշխանությանը առաջարկներ անելու և երկխոսության հնարավորությունը:

    Ինչպիսի՞ Հայաստանում կարթնանանք ապրիլի 3-ին:

    Ապրիլի 3-ին կարթնանանք նույն Հայաստանում, ինչպիսին եղել է ապրիլի 1-ին: Փոփոխությունները կախված են մեզանից և կլինեն աստիճանաբար: Հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, բալանսավորված խորհրդարան կունենանք, այսինքն՝ չենք ունենա հստակ ռուսամետ կամ արևմտամետ խորհրդարան: Կցանկանամ, որ այն լինի հայաստանամետ:

    Կա՞ն Ձեր կողմից կանխատեսումներ, թե որ ուժերի օգտին կլինի հաղթանակը:

    ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կունենա մեծամասնութուն: Խորհրդարանում կլինեն,  ըստ երևույթի, Ծառուկյան դաշինքը, Հայկական Վերածնունդը, ՀՅԴ-ն և Ելքը: Մնացած կուսակցությունների ընտրազանգվածը նույնն են, իսկ թե ով կանցնի խորհրդարան կապված է նրանց ընտրարշավից:

   Որքան էլ խոսենք հասարակության ցածր իրավագիտակցության մասին, երբեք չպետք է թերագնահատել նույն հասարակությանը, որն ունի հստակ տեսլականներ: Այս դեպքում ճիշտ տարված քարոզարշավը միշտ իր պտուղներն է տալիս: