Ստեփանակերտցի 22-ամյա Արմեն Սաղյանն արդեն հասցրել է աչքի ընկնել հերոսությամբ: 2013-2015թթ ծառայության է անցել Արցախի զինված ուժերում՝ Հադրութում: Դիրքերում լինելու պահին հակառակորդի հարձակման ժամանակ կյանքը վտանգելով նա կարողացել է չեզոք գոտուց դուրս բերել հրամանատարի դին, որի համար հետագայում պարգեւատրվել է «Արիության» մեդալով:
«2014թ մայիսի 26-ի լույս 27-ի գիշերն էր: Դիրքերում էինք, սովորական գիշերային հերթափոխի էի: Ես ու Լավրենտը՝ ընկերս, խրամատում էինք: Հենակետի աջ ու ձախ թեւերն էինք նայում, սկզբից ձախ գնացինք, հետո աջ, էնտեղ ինչ-որ սարք ուղղելու կարիք կար: Ուղղում էի ու գումարտակիս հրամանատարը եկավ, ուզում էի ներկայանալ ու զեկուցել, ասաց, շարունակիր ծառայությունդ: Գնացի ու գումարտակի հրամանատարն ու հենակետի պատասխանատուն մնացին: Դրանից մի երեք օր առաջ կրակել էին դիտակետի այն հատվածը, որտեղ դիտարկումներ էինք անում: Էդ պահին գումարտակի հրամանատարը բարձրացավ այդ վնասված տեղը, ու այնտեղից քարեր նետեց ներքեւ նորերը տեղադրելու համար: Հենակետիս պատասխանատուն ասաց՝ գյուլա կկպնի, ինքն էլ, թե ինձ չի կարա գյուլա կպնի»,-պատմում է Արմեն Սաղյանը:
Հենց այդ պահին է, որ հերթական քարը վերցնելուց հակառակորդը կրակում է հրամանատարի՝ փոխգնդապետ Գարիկ Բալայանի վրա, ու նա ընկնում է չեզոք գոտում, եւ շարքային Արմենը առանց իրեն կորցնելու վազում է հրամանատարին օգնելու:
«Ես չէի պատկերացնում, թե ինչ կատարվեց, ես մեջքով կանգնած էի դեպի հակառակորդը, երբ կրակոց եղավ ու մենակ լսեցի՝ վայ մամա ջան…: Էդ պահին գոռացի՝ Զավեն սկոռի կանչի, կամբատին խփեցին ու անցա նրա կողմը: Քաշ տալով մոտիկացրի, ձեռքերի տակից բռնեցի ու էլի չէի հասկանում, որ էլ չկա: Ընկերներս հետեւիցս կրակ էին բացել հակառակորդի կողմը, որ ես կարողանամ նրան հետ բերել: Նրանց արածն աննկարագրելի էր: Ես չեմ հիշում, բայց ընկերներս ասում են, որ ասել եմ՝ կամանդիր, բա խոխեքդ….ես չեմ հիշում…: Մտածում էի, որ ուսինա կպել, որ հեսա ուշքի կգա, բայց չէ…գնդակը թոքն ու սիրտը վնասել էր: Տղերքը ծանր էին տանում ՝ Աշոտը, Լավրենտը, ես սառել էինք, զգում եմ տաքանում եմ, բայց դա ոչ թե իմ մարմնիցա, այլ ուրիշի արյունից»,-պատմում է Արմենը:
Արմենի պատմելով՝ հրամանատարի դին չեզոք գոտուց հանելու պահին ոչինչ չի զգացել: Ասում է. «Դա սխրանք չի, դա երեւի մարդասիրություն է, ընկերասիրություն, հայրենասիրություն, որ մենակ իր մեջ չէ, այլ բոլոր հայերի: Ապրիլան դեպքերը ցույց տվին, որ բոլորիս մեջա էդ միասնությունը, մարդասիրությունը կա: Իմ մեջ այդ դեպքից հետո շատ բան փոխվեց, ոչ միայն հասունացա, մեծացա, այլ սկսեցի գնահատել կյանքը, կյանքի համն ու հոտը զգալ, դա պահի թելադրանք էր, դա հերոսություն չէր, դա ընկերոջը, մարդուն, հային օգնելու պատրաստակամություն էր, որ իմ բոլոր ընկերների մեջ էլ կար այդ պահին: Դա ինձ համար նաեւ դաս էր ու այսօր իմ առջեւ նպատակ եմ դրել այնպիսի մի զբաղմունք ունենամ, որ մարդուն ուրախացնի, ուզում եմ ձիաբուծարան ունենալ, որ մարդիկ գան ու իրենց հանգիստը վայելեն: Այսօր մտածում եմ, որ իմ չնչին ուշադրությամբ դիմացինին ավելի երջանիկ դարձնեմ ու ես աշխատում եմ այդ ուղղությամբ»:
Արմենի հայրը եւս արցախյան պատերազմի մասնակից է. նրանց տանը ամեն օր խոսվել է հայրենիքի ու հայրենասիրության մասին: