Ադրբեջանը ձերբակալել է «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին: 2012 թվականին «Դավայ, դասվիդանյա» հանրահայտ եւ աղմկոտ հոլովակը նկարահանելուց հետո ձերբակալվել էր եւ մեղադրվել թմրանյութեր պահելու համար: Ավելի ուշ Ադրբեջանի անվտանգության նախարարությունը նրան մեղադրեց պետական դավաճանության եւ լրտեսության համար: Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման եւ ազատ արձակվեց 2016 թվականին՝ համաներումով:
Ինչու՞ Ալիեւը կրկին որոշեց ձերբակալել Մամեդովին: Եվ տեղավորվու՞մ է արդյոք այդ ձերբակալությունը Ալիեւի քայլերի համալիրում, որոնք խուճապ են հիշեցնում:
Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից բացահայտում են դավադրություններ՝ մեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռ են ցանկացել խփել, մեկ հայերը գրեթե մի ամբողջ ադրբեջանական գունդ են «առել» սահմանին: Ալիեւը փոխել է իր վարչակազմի օգնականներին եւ աշխատակիցներին, առեւանգել է ընդդիմադիր լրագրողին Թբիլսիիի կենտրոնում, ձերբակալել է իր գլխավոր ընդդիմախոս Ալի Քերիմլիի օգնական կնոջը: Այժմ նա փորձում է «գլխատել» թալիշական շարժումը, որը ակնհայտ համարում է իրեն թշնամական եւ Իրանի աջակցությունը վայելող:
Թալիշները վստահեցնում են, որ Ադրբեջանում իրենց թվաքանակը հասնում է 1,5 միլիոնի: 1993 թվականին գնդապետ Ալիքրամ Գումբատովը հռչակեց թալիշական ինքնավարություն, սակայն Ադրբեջանի իշխանությունը չճանաչեց այն: Հավանաբար Ալիեւին հայտնի է դարձել, որ թալիշները պահ են փնտրում իրենց իրավունքի մասին նորից հայտարարելու համար:
Միաժամանակ Ալիեւը մաքրում է իր ճամբարը: Անցյալ տարի հեռացված տրանսպորտի օդիոզ նախարար Զիյա Մամեդովի պատմությունը ունենում է նոր զարգացում: Ադրբեջանական մամուլում գրում են, որ Մամեդովի ընտանեկան բիզնեսը մոտ ժամանակներս կփլուզվի: Minval.az կայքը գրում է, որ Մամեդովին արգելել են հեռանալ երկրից, նա համաձայնել է հանձնել իր բիզնես-կառույցները, որոնք զգալի կշիռ են կազմում Ադրբեջանի տնտեսությունում: «Երեւի Մամեդովի դեմ խոշոր հաշվեհարդարը դեռ առջեւում է», գրում է կայքը:
Հիշեցնենք, որ էքս նախարար Զիյա Մամեդովի եւ նրա որդու ֆինանսական ծանր դրությունը դարձավ Ամերիկա-Ադրբեջանական Ալյանսի դադարեցման պատճառ, որը ԱՄՆ-ում զբաղվում էր Ադրբեջանի լոբբինգով: Այն ղեկավարում էր Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը:
Հիշեցնենք նաեւ, որ մայիսին էլ Ռուսաստանում փակվեց ադրբեջանական սփյուռքի կարեւոր կազմակերպություններից մեկը՝ ՌԴ Գերագույն դատարանը դադարեցրեց «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» գործունեությունը, ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով:
Ալիեւի խուճապի պատճառն ակնհայտ է՝ նավթը վաճառվում է արդեն 47 դոլարով, Ադրբեջանի գլխավոր՝ Միջպետական բանկը պայթում է: Ադրբեջանին մի կերպ հաջողվեց հասնել նրան, որ Լոնդոնի եւ Նյու Յորքի դատարանները թույլ չտան վարկատուներին բռնագրավել բանկի եւ դրա հիմնական բաժնետեր Ադրբեջանի կառավարության արտերկրի ակտիվները:
Ալիեւը փորձում է փակել անցքերը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանն է դառնում է մի մեծ անցք, որը դժվար է փակել:
Նյութի աղբյուրը՝ lragir.am