1in.am-ը գրում է.
Ադրբեջանի ռազմական ագրեսիվ վարքագիծը լայն իմաստով ունի ընդամենը մեկ պատճառ՝ թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի հանդեպ: Ադրբեջանական կողմը մշակել է տարբեր թիրախներ խոցելու հստակ մարտավարություն, որի միջոցով փորձում է լուծել թե՛ ռազմական և թե՛ քաղաքական խնդիրներ, մասնավորապես՝ ուժեղացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը ու նաև ազդել հայ հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով հունիսի 16-ին և 17-ին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում գրանցված ողբերգական դեպքերի մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով երկու օրվա ընթացքում զոհվել է 4 հայ զինծառայող:
– Պարոն Մելիք-Շահնազարյան, ինչո՞վ եք բացատրում սահմանային վերջին միջադեպերը արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Որո՞նք էին պատճառները, և ի՞նչ նպատակներ է, Ձեր կարծիքով, հետապնդում ադրբեջանական կողմը՝ սրելով ռազմական լարվածությունը:
– Ես մշտապես խոսում եմ պատճառների մասին: Ուզում եմ՝ բոլորս շատ հստակ հասկանանք, որ կա Ադրբեջանի նման վարքագծի ընդամենը մեկ պատճառ՝ թշնամական քաղաքականությունը հայկական պետությունների հանդեպ: Պատճառը չպետք է փնտրենք, քանի որ այն ակնհայտ է: Իսկ առիթները շատ են այդ թշնամությունը ցույց տալու համար: Կարող եմ մատնանշել մի քանի տասնյակ առիթներ, որոնք հիմնականում ընկնում են իրենց այդպիսի վարքագծի հիմքում:
Կարծում եմ, որ հայկական պետությունների հանդեպ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ քննարկումը պիտի փոխվի որոշ չափով: Նախևառաջ պիտի հասկանանք, որ Ադրբեջանը ունի մի քանի թիրախ և ընտրել է ժամանակ առ ժամանակ այդ թիրախները խոցելու մարտավարություն: Դա վերաբերում է և՛ ռազմական խնդիրներին, և՛ հայկական պետությունները տնտեսապես ճնշելու, սահմանափակելու, շրջափակման ենթարկելու, ինչպես նաև հայ հասարակության տրամադրությունների վրա ազդելու մարտավարությանը: Կան նմանատիպ մի քանի թիրախներ, որոնց հարվածելու համար ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ դիմում են սահմանային իրավիճակի սրման:
– Ադրբեջանի գործողությունները շփման գծում որքանո՞վ էին կապված Մինսկի խմբի տարածաշրջանային այցի կամ այլ քաղաքական իրադարձությունների հետ:
– Ես արդեն վաղուց եմ համոզվել այն փաստում, որ իրականությանը այնքան էլ չի համապատասխանում մեր այն մոտեցումը, թե Ադրբեջանի ռազմական սադրանքներն ամեն անգամ «նվիրված են» ինչ-որ մի իրադարձության: Իհարկե, Մինսկի խմբի համանախագահների այցը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ, բայց կրկնում եմ՝ Ադրբեջանը ունի տարբեր թիրախներ խոցելու հստակ մշակված մարտավարություն, և սա այդ տրամաբանության մեջ է: Եթե լրացուցիչ ազդող հանգամանք կա, օրինակ՝ նույն համանախագահների այցը, ադրբեջանական կողմը դա էլ է հաշվի առնում:
Պետք է հասկանանք, թե ի՞նչ է թիրախավորել Ադրբեջանը, ինչպե՞ս է նա փորձում խոցել այդ թիրախները, և փորձենք այդ ուղղությամբ աշխատել՝ սահմանափակել Ադրբեջանի հնարավորությունները այդ թիրախները խոցելու հարցում: Այս դեպքում ավելի քան վստահ եմ, որ ադրբեջանական կողմը, կրակելով, սրելով ռազմական իրավիճակը, ոչ միայն ռազմական կամ քաղաքական խնդիրներ է լուծում, այլև փորձում են ազդել հայ հանրության բարոյահոգեբանական վիճակի, տրամադրությունների և ընկալումների վրա: Հետևաբար պիտի լուծումներ գտնենք, թե ինչպե՞ս կարելի է չեզոքացնել Ադրբեջանից բխող այդ վտանգները:
– Ի՞նչ ելքեր եք տեսնում տվյալ վիճակից, հայկական կողմը ինչպե՞ս կարող է զսպել հակառակորդին, կանխել սահմանային զոհերը: Օրինակ՝ հայկական կողմը պիտի «անհամարժեք» ռազմական պատասխա՞ն տա Ադրբեջանին, ինչպես շատերն են կարծում, քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման գործընթացում կամ միջազգային հանրությունից, միջնորդներից պահանջի ճնշո՞ւմ գործադրել Ադրբեջանի նկատմամբ:
– Ըստ էության, Ադրբեջանին զսպելու երկու մեխանիզմ կա. մեկը՝ դիվանագիտական, մյուսը ռազմական ճնշումն է: Փորձը ցույց է տալիս, որ այս երկու տարբերակներից բացի՝ այլ տարբերակներ փաստորեն չկան: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում հարկավոր է աշխատել այս երկու ուղղություններով՝ փորձել ավելի գործուն և ազդեցիկ դարձնել դիվանագիտական ճնշման մեխանիզմները և հատկապես ուժեղացնել ռազմական ճնշման մեխանիզմները: Համոզված եմ, որ Ադրբեջանի նման սադրանքները զուտ ռազմական իմաստով կանխելու համար հակահարվածը պիտի այնպիսին լինի, որ Ալիևի վարչակարգը կորուստները հաշվարկելիս հասկանա՝ Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինեն, քան սպասվելիք օգուտները: Պետք է զրկել Ալիևին իր ներքին և արտաքին խնդիրները սահմանում լարվածություն առաջացնելու միջոցով լուծելու ռեսուրսից: Սա ռազմական խնդիրն է, բայց դիվանագիտական բաղադրիչն, իհարկե, շատ ավելի կարևոր է և նաև՝ անվտանգ: Այստեղ հայկական պետականությունն իսկապես պիտի ավելի պահանջկոտ լինի միջնորդներից Ադրբեջանի վրա ազդելու, նրանց ագրեսիվ քաղաքականությունը կասեցնելու հարցում:
Ամեն դեպքում, այս պահին մեր առջև դրված հիմնական խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, թե ի՞նչ է իրականում ուզում անել Ադրբեջանը նման գործողություններով, որովհետև միանշանակ կարող եմ ասել, որ Ալիևի վարչակազմի տրամաբանությունը զոհերի քանակի մեջ չէ, հաշվարկը միայն թվաբանությամբ չի սահմանափակվում, թե, օրինակ, 3-4 հոգի սպանելու դիմաց կարող են կորցնել 40 հոգի: Միանշանակ Ադրբեջանը նաև այլ խնդիրներ ունի:
– Ձեր կարծիքով՝ պե՞տք է հայկական կողմը ամեն դեպքում փորձի երկխոսել Ադրբեջանի հետ: Նման նախաձեռնությունը Հայաստանի կողմից կդիտվի պարտվողականությո՞ւն, զիջողականությո՞ւն, թե՞ իսկապես խաղաղությանը հասնելուն ուղղված քայլ:
– Կարծում եմ, որ պաշտոնական Երևանի որդեգրած մոտեցումը ամենաադեկվատն է ստեղծված իրավիճակի համար: Կան հստակ նախապայմաններ, որոնք բավարարելու պարագայում միայն պետք է շարունակել բանակցային գործընթացը: Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են. հայկական կողմն ուզում է համոզված լինել, որ երկխոսության ընթացքում նոր զոհեր չեն լինի, և իրավիճակը սահմանին վերահսկելի կլինի: Քանի դեռ դա չկա, երկխոսելու իմաստ, մեծ հաշվով, չկա: Իհարկե, կարող ենք պատրաստակամություն հայտնել, նույնիսկ որոշակի հանդիպումների գնալ զուտ կոնֆլիկտի միջազգային ընկալման համապատասխան ֆոնը ապահովելու համար, բայց հասկանում ենք՝ դա արդյունք չի տալու անվտանգության տեսանկյունից, քանի դեռ այդ նախապայմանները կատարված չեն:
– Կարծիք կա, թե ինչ-որ առումով Մինսկի խմբի մայիսի 18-ի հասցեական հայտարարությունը հրահրեց ադրբեջանական կողմին դիմելու ավելի ագրեսիվ գործողությունների շփման գծում: Համաձա՞յն եք նման տեսակետ ունեցող մարդկանց հետ:
– Կարծում եմ՝ դա չէ հիմնական պատճառը, որովհետև նախկինում էլ է եղել հասցեական հայտարարություն Մինսկի խմբի կողմից: Երկրորդ՝ կրկին վերադառնում եմ առաջին հարցի պատասխանին, որ պետք չէ տեխնիկական պատճառներ փնտրել: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի մշակված մարտավարություն և առաջնորդվում է այդ մարտավարությամբ: Մնացածը՝ կողքից հնչող հայտարարությունները կամ իրադարձությունները, ընդամենը կատալիզատորի դեր են խաղում իրենց մարտավարության հերթական քայլը կատարելու համար:
Նյութի աղբյուրը՝ 1in.am