ՀՀ կառավարությունը երեկվա նիստում փոփոխություններ կատարեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում։ Նախագծով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն խմ՝ այսինքն՝ օրենքով սահմանվածից 100 մլն խմ ավելի։
Բնապահպան Կարինե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ եթե կառավարությունը միայն մեկ տարվա մասին է խոսում, ապա օրենսդրական փոփոխություն ինչո՞ւ է արվում. «Օրենքն ասում է, որ ամեն տարի իրավունք ունեն մինչև 170 խմ ջրբացթողում իրականացնել, բայց արտակարգ իրավիճակների պարագայում կարող են դիմել ԱԺ, որ թույլ տան ավելի շատ ջուր բաց թողնել, բայց օրենք փոփոխելու կարիք չկա։ Այդ դեպքում ուղղակի ԱԺ-ն թույլ է տալիս ավելի բաց թողնել»։
Բնապահպանի կարծիքով՝ նույնիսկ միայն այս տարվա 100 խմ-ով ավելի ջրբացթողումն ակնհայտ վնաս կհասցնի Սևանա լճին. «Լիճն առողջացման ճանապարհին է։ Շատ վատ վիճակում էր լիճը, երբ սկսեցինք ջրի մակարդակը բարձրացնել, ինչը շատ օգնեց, որ էկոհամակարգը կարգավորվի։ Չնայած՝ լիճը շարունակում է կեղտաջրեր ընդունել, լճի ափերը չեն մաքրվում, այդ ամբողջ աղբը լցվում է լիճ, բայց միայն մակարդակի բարձրացումն օգնեց լճին՝ ինքնամաքրման գործընթացներով կարողանալ առողջանալ։ Հիմա հարված հասցնելը շատ վնասակար կլինի. լճի էկոլոգիական ցուցանիշներն ակնհայտ կվատանան»։
Կառավարությունը լճից ջրբացթողնման ծավալների ավելացումը հիմնավորել է մի քանի փաստարկներով։ Նախագծում մասնավորապես ասվում է. «Ծրագրի հիմնական նպատակն է՝ Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողնման 170 մլն խմ չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչև 270 մլն խմ:
Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն՝ կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա»:
Նախագծում նշվում է, որ էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ «լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ – 1900,91 մ), արդյունքում՝ ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ խմ-ով (459 սմ x 13 մլն խմ/սմ):
-Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ հաշվարկների՝ կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18սմ-8սմ) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված՝ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները»:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ նախագիծը լի է հակասություններով. «Մենք ուշադիր թվերն ենք ուսումնասիրում, որովհետև սա ինչ-որ գլուխկոտրուկ է։ Նախագիծը միայն բյուջեն գումար լցնելու համար է արվում։ Որքան հասկացա՝ ուզում են էներգիա ստանալ ու վաճառել Վրաստանին։ Այս ամենն ակնհայտ կվնասի լճին նաև տնտեսական առումով։ Նրանք ուզում են տուրիզմի կենտրոն ստեղծել. դա լավ է, եթե նորմալ ամեն ինչը կազմակերպեն, բայց միաժամանակ, լճի ջրի որակն այնպիսին կլինի, որ տուրիզմը չի զարգանա։ Եթե այսպես շարունակեն, Սևանի ջուրը նույնիսկ ոռոգման համար պիտանի չի լինի։ Սևանա լիճը կորցնելու վտանգի առաջ ենք»։
Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ 2012 թվականին էլ 317 մլն խմ ջրբացթողում եղավ, ինչի պատճառով լճի մակարդակը նվազեց 7 սմ-ով. «Դա լճին շատ մեծ հարված էր։ Առհասարակ, վերջին տարիներին փորձում են այնպես անել, որ լիճը չբարձրանա, քանի որ ափամերձ շրջաններում անօրինական օբյեկտներ են կառուցվում»։
Նյութի աղբյուրը՝ 168.am