Հայաստանում ունենք այնպիսի կլիմայական գոտիներ, որտեղ նույնիսկ սաստիկ շոգերի ժամանակ կարող ենք լիցքաթափվել Երևանի և Արարատյան դաշտի տապից: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով՝ նույնիսկ սաստիկ շոգերի ժամանակ հանրապետությունում ունենում ենք մարզեր, որ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 31-32 աստիճան է: Այդպես են Շիրակը, Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, Վայոց ձորի լեռնային շրջանները, այսինքն՝ Ջերմուկի հատվածը և համապատասխան բարձրության վրա գտնվող բնակավայրերը:

«Երևանում և Արարատյան դաշտում այդ լեռնահովտային շրջանառության, քամիների առաջացման պատճառը լեռնային շրջանների և Արարատյան դաշտի միջև ջերմաստիճանային տարբերությունն է: Որքան մեծ է այդ ջերմաստիճանային տարբերությունը, այնքան մեծ է քամիների արագությունը»,-տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Ըստ նրա՝ երբ մենք ունենում ենք արևադարձային օդի այնպիսի ներխուժում, որն ընդգրկում է մթնոլորտի բավականին հաստ շերտ, այսինքն՝ այդ տաք օդը մղվում է լեռնային շրջաններ, իրենք դրան ասում են «ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտ», այսինքն՝ փոքրանում է ջերմաստիճանի անկման մեծությունը ըստ բարձրության:

«Եթե փոքրանում է ջերմաստիճանի անկման մեծությունը՝ փոքրանում է նաև լեռնային շրջանների և Արարատյան դաշտի ճնշումների տարբերությունը, հետևաբար նաև դադարում է այդ լեռնահովտային շրջանառությունը»,-բացատրել է Գագիկ Սուրենյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մենք երկրի մակերևույթից մինչև 5000 մետր բարձրության վրա ունենք Իրաքի տարածքից տաք օդային զանգվածի ներթափանցում, որոնք հասել են նաև լեռնային շրջաններ և փոքրացրել են այդ ճնշումային տարբերությունը, որի հետևանքով քամի գրեթե չկա կամ շատ թույլ է՝ 2-3 մ/վ:

«Երբ ասում ենք «ցիկլոն», սովորաբար հասկանում ենք վատ եղանակ՝ տեղումներ, քամիներ, ջերմաստիճանի անկում, բայց այս պրոցեսը կոչվում է ջերմային ցիկլոն: Այն առաջանում է հիմնականում Արաբական թերակղզու վրա, առաջացման պատճառն ամառային ամիսներին այդտեղ նկատվող խիստ բարձ ջերմաստիճաններն են»,-նշել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Արաբական թերակղզում այս ամիսներին ջերմաստիճանը, ըստ Սուրենյանի, հասնում է 45-50 աստիճանի, օդի ճնշումն այդ բարձր ջերմաստիճանից նվազում է, առաջանում է այդ ջերմային ցիկլոնը:

«ՀՀ տաք օդի հոսք ապահովող միակ պրոցեսն այդ ցիկլոնն է, այն իր հետ արևադարձային գոտիներից, Արաբական թերակղզուց մղում է տաք օդային հոսանքներ դեպի Կովկաս, ինչի արդյունքում տեղի է ունենում ջերմաստիճանի այսպիսի կտրուկ բարձրացում»,-ասել է Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ հունիսի 22-ին՝ մի քանի օր առաջ Երևանում ընդամենը 25-26 աստիճան էր, այդ օրվա նկատմամբ ունենք ջերմաստիճանի 10 նիշի բարձրացում:

«Մարդու օրգանիզմը չի հասցնում ադապտացվել այդ միանգամից բարձրացմանը, ուրիշ բան է, որ օրը մեկ-երկու աստիճանով բարձրանար: Այս պահին հունիս ամսվա ջերմաստիճանը նորմայից 5-6 աստիճանով բարձր է»,-ասել է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Նա ասել է, որ այս տարի բավականին շոգ է լինելու հուլիս-օգոստոսը: Դրա միակ գիտական հիմնավորումն այն է, ըստ Սուրենյանի, որ այդ ջերմային ցիկլոնն ունի 25 տարին մեկ ակտիվացման և թուլացման ցիկլեր, և այս տարի մենք գտնվելու ենք ակտիվ ցիկլի պիկում:

«Ջերմային ցիկլոնի ներթափանցումների դեպքերի թիվը հուլիս-օգոստոսին լինելու է բավականին հաճախակի, դրա համար եկել ենք այն եզրակացության, որ այդ երկու ամսին հաճախակի կլինեն ջերմային ալիքներ: Չեմ ասում՝ 60 օր անընդհատ կլինի 38-39-40 աստիճան, բայց այդ ջերմային ալիքները հաճախակի կլինեն: Իհարկե, կլինեն օրեր, որ ջերմաստիճանը կնվազի, կլինեն օրեր, որ տեղումներ կունենանք, անձրևներ, ամպրոպներ, քամու ուժգնացում, բայց շոգ օրերը գերակշռող կլինեն»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Նյութի աղբյուրը՝ tert.am