Օձերին հայտնաբերելուց հետո նրանց անվտանգ վայր տեղափոխելը նշանակում է, որ կենդանին բաց է թողնվում այնպիսի վայրում, որտեղ մարդիկ չեն լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը:
«Անվտանգ վայր ասելով՝ մենք ի նկատի ունենք այն, որ կենդանին իզոլացվում է: Վայրի կենդանի հայտնաբերելու դեպքում այն տեղափոխվում է անտառ, վայրի միջավայր, որը տվյալ կենդանու համար բնորոշ տարածք է, և որ այն մարդկանց բնակավայրերից հեռու է»,- նշեց Գնդոյանը:
Նշենք, որ ԱԻՆ հաղորդագրություններում ասվում է՝ հայտնաբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: Հարց էր առաջանում, արտակարգ իրավիճակների նախարարությունը ի՞նչ նկատի ունի անվտանգ վայր ասելով:
Ընդհանրապես, այս տարի նկատվում է օձերի որոշակի ակտիվացում: ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս տարի, հունիսի 24-25-ին օձի խայթոցից տուժելու դեպքերով հիվանդանոց է դիմել 59 անձ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 40 դեպք:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ոչ թունավոր օձի կծածի դեպքում վերքը պետք է լվանալ և ծածկել մանրէազերծ վիրակապով, իսկ թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։
«Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը»,- հայտնում է ԱԻՆ-ը:
Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում։ Օրինակ՝ չի կարելի թույնը արտածծել բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։ Կծած տեղի շրջանում պետք չէ կտրվածքներ անել կամ այրել. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը ևս նպաստում է թույնի տարածմանը։
Նյութի աղբյուրը՝ tert.am