Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ Հայաստանում տարածված է օձերի 24 տեսակ, որոնցից թունավոր են 4-ը։ Թունավոր օձերը հիմնականում պատկանում են իժերի ընտանիքին։ Ինչպես նշեց բանախոսը՝ օձերի այս շրջանի ակտիվությունը պայմանավորված է սեռական ակտիվությամբ։
«Օրինակ՝ իժերի մոտ հղիությունը տևում է 150-160 օր, և այդ ընթացքում, բնականաբար, կենդանին դրսևորում է ակտիվ վարք»,- ասաց բնապահպանը։
Նրա դիտարկմամբ՝ օձերը հայտնվել են բնակավայրերին շատ մոտ, որովհետև մենք խախտել ենք նրանց ապրելամիջավայրը։
«Եթե մենք խախտել ենք ապրելամիջավայրի տարրական կանոնը, ապա չենք կարող խուսափել նրանից, որ օձերը պետք է մոտենային մեր բնակավայրին, որտեղ նրանց կյանքի համար օպտիմալ պայմաններ են անհրաժեշտ։ Օձերին անհրաժեշտ է ջուր, օդ, սնունդ, քանի որ նրանց բնակավայրերն անխնա ոչնչացվել են։ Դրա հետևանքով՝ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր»,- նկատեց Ս. Ադամյանը։
Նրա գնահատմամբ՝ այսօր անխնա ոչնչացվել են լեռնային անտառները, ջուր մատակարարող կենսական փոքր առվակները, դեպի սարերի լանջեր բարձրացած լեռնային վարելահողերի քանակը։
Բնապահպաններ Սիլվա Ադամյանի և Դոլորես Ղափլանցյանի կարծիքով՝ օձերի խայթոցների վերջին դեպքերի ժամանակ այգի իջած օձը կարող է լինել գյուրզա, որովհետև նրանք են ավելի ներքև բնակվում։
«Օձերը երբեք նախահարձակ չեն լինում, եթե վտանգ չեն զգում։ Իսկ այն, որ նրանք հայտնվել են մեր բնակավայրերի մոտ, շատ հասկանալի է։ Նրանք բնական ընտրության ենթակա կենդանիներ են, ապրում են իրենց բնազդներով և ունեն նույն պահանջները՝ ինչպես մնացած կենդանի օրգանիզմները»,- նշեց տիկին Ադամյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում կա նաև կրթված լինելու խնդիրը՝ «արդյո՞ք մենք գիտենք, թե օձի կծելուց հետո ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերենք։ Այստեղ շատ բաց դաշտ ունենք։ Չէ՞ որ առաջին օգնությունը կարևոր է այն իմաստով, որ մենք փրկում ենք տուժածի կյանքը՝ մինչև կհասնեն բժիշկները»։
Իսկ բնապահպան Դոլորես Ղափլանցյանի գնահատմամբ՝ Հայաստանում կլիմայական փոփոխությունների հետ կապված՝ ադապտացիայի խնդիրները միայն մարդու հետ են պայմանավորում։ «Բայց մենք պետք է հասկանանք, որ բնական միջավայրն ազդակն է այդ փոփոխությունների և շատ ուժեղ արձագանքում է փոփոխություններին՝ փոխելով և՛ բուսական աշխարհը, և՛ կենդանական աշխարհը, և՛ բնական միջավայրը»,- ասաց տիկին Ղափլանցյանը։
Նրա գնահատմամբ՝ այն բնակավայրերը, որտեղ բնադրվում են օձերը, մարդու կողմից զավթված են։
«Օրինակ՝ Արարատի մարզում դուք կտեսնեք բազմաթիվ ֆերմաներ, կառույցներ, փոքրիկ գործարաններ։ Մի խոսքով՝ զավթված է ամբողջ արեալը, իսկ կենդանին պետք է բնադրվի։ Այն հեռանում է զավթված տարածքից և գալիս՝ դեպի մարդկանց բնակավայրեր, այնտեղ, որտեղ կան այգիներ։ Եվ վերջին դեպքը հենց այգում է պատահել»։
Դ. Ղափլանցյանի տեղեկացմամբ՝ մասնագետներն ասում են, որ օձին հանդիպելիս 1-1,5 մետր հեռավորության վրա պետք է անշարժանալ. «Սա հստակ ասում են բոլոր մասնագետները։ Վերջին դեպքի ժամանակ մարդը չի հասցրել, անակնկալի է եկել, և խայթել է օձը։ Սա պաշտպանական ռեակցիա է, որը կենդանին դրսևորում է իր բնակավայրը, ինքն իրեն պաշտպանելու համար»,- նկատեց Դոլորես Ղափլանցյանը։
Բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց նաև, որ հետաքրքիր է՝ բոլոր՝ թե՛ քաղաքի, թե՛ գյուղերի բուժհաստատություններն ունե՞ն հակաթույներ, և ցանկալի կլիներ, որ Առողջապահության նախարարությունից այդ առումով տեղեկություն ստանային։