Ամռանը լողափերում պետք է հետեւել անվտանգության կանոններին, իսկ ջրահեղձվածներին 3-5 րոպեի ընթացքում պետք է անհապաղ առաջին բուժօգնություն ցույց տալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը:
Ճզմաչյանի խոսքով, ցանկալի է լողանալ այն վայրերում, որտեղ փրկարարները հետեւում են, որտեղ անվտանգ է լողալը: Լողալիս չպետք է անցնել լողանշանները, պահպանել անվտանգության մի շարք կանոններ:
«Խորհուրդ կտայի պահպանել անվտանգության կանոնները, լիճը չմտնել ոչ սթափ վիճակում, որ կարող են բազմաթիվ խնդիրներ առաջացնել ջրում, լճում չլողալ շատ սնունդ օգտագործած վիճակում, լողալ այն վայրերում, որ լողափեր են եւ լողի համար են նախատեսված, չցատկել ջուրը ջրային տեխնիկաների վրայից, նավամատույցներից, որովհետեւ պարզ չէ՝ ինչ ծակող-կտրող առարկաներ կարող են տակը լինել կամ ինչ խորություն կա, պետք է զգուշանալ ջրային արագընթաց միջոցներից, ջրային մոտոցիկլերից: Դրանք լողանշանների շնորհիվ չեն հայտնվի լողալու համար նախատեսված տարածքում, բայց շատ արագ են ընթանում: Ծնողները թող ուշադրության կենտրոնում պահեն երեխաներին»,- ասաց փրկարարը՝ անդրադառնալով նաեւ ջրահեղձության դեպքում առաջին բուժօգնության կանոններին:
«Ջրահեղձի մոտ մահ առաջանում է 3-5 րոպեի ընթացքում, եթե կարողանում ենք այդ ընթացքում դուրս բերել, պետք է կատարենք թոքերից ջրի հեռացում. մարմինը բարձրացնել վերեւ, գլուխը պահել ցածր, ծնկի վրա պառկացնել փորի վրա, որ ջուրը թոքերից թափվի, այնուհետեւ տալիս ենք արհեստական շնչառություն սրտի աշխատանքը վերականգնելուեւ համար: Եթե դուրս բերողը վստահ չէ իր ուժերին, պետք չէ գնա, երկրորդ տուժողը դառնա, ավելի լավ է ինչ-որ առարկա՝ փայտ, կամ այլ հարմարանք ձգի, դրա միջոցով ափ քաշի խեղդվողին»,- ասաց Ճզմաչյանը: