Fairmont Banff Springs, Բանֆ, Կանադա
Այս պատմությունն արդեն կանադական լեգենդ է դարձել: Հարսանիքի օրը հարսը մարմարե աստիճաններով իջնելիս ընկել և մահացել է: Այդ օրվանից հյուրանոցի աշխատակիցները և հյուրերը տեսնում են նրա՝ աստիճաններով վերուվար անող ուրվականը: Նրան տեսնում են նաև պարահրապարակում, որտեղ նա սպասում է իր հարսանեկան առաջին պարին, որն այդպես էլ չի եղել:


Omni Shoreham, Վաշինգտոն, ԱՄՆ
Ասում են, որ այս հյուրանոցում կան մի քանի մշտական հաճախորդներ, որ այդպես էլ դուրս չեն եկել: Դրանցից ամենահայտնին հյուրանոցի կառավարիչն է, ով այնտեղ էլ մահացել է: Սակայն եղել են և ուրիշները: Եվ այժմ մարդիկ ինչ ասես տեսնում են. միջանցքներով անցնող սայլակներ, ինքնիրեն միացող լամպեր, տարօրինակ ձայներ՝ ասես ինչ-որ մեկը քիթն է սրբում, կամ փռշտում է, երբ կողքիդ ոչ ոք չկա:


Marshall House, Սավաննա, ԱՄՆ
Քաղաքացիական պատերազմի ժամանակ այս շենքում զինվորական հոսպիտալ է եղել, իսկ հետո՝ դեղին տենդի ժամանակ՝ բուժկետ: Այժմ Մարշալ Հաուսը հյուրանոց է, և շշուկներ են պտտվում, թե ծորակներից հանկարծակի ջուր է հոսում, զինվորական նվագախմբի ձայներ են լսվում, իսկ միջանցքներում վազվզում և աղմկում են անտեսանելի երեխաներ:


Place D'Arms Hotel, Նոր Օռլեան, ԱՄՆ
Այս հյուրանոցը կառուցվել է այրված դպրոցի տեղում: Հյուրանոցի այցելուներից մեկն անդրշիրիմյան աշխարհի ներկայացուցչի հետ իր հանդիպումն այսպես է նկարագրել. «Մենք այս վայրի հետ կապված ոչ մի պատմություն չենք լսել, այդ պատճառով անսովոր ոչ մի բան չէինք սպասում: Ես անկողնում պառկած էի, երբ զգացի, թե ինչպես է ինչ-որ մեկը պառկում կողքիս: Բառացիորեն՝ մահճակալը թեքվեց, վերմակը շարժվեց և ինչ-որ մեկը սեղմվեց ինձ»:


Mizpah, Տոնոպա, ԱՄՆ
Այս վայրի հետ կապված է մարմնավաճառի մասին լեգենդ, ով այստեղ ապրել է 19-րդ դարավերջին, և որին խեղդամահ է արել նախկին սիրեկանը: Նրան կոչում են կարմիր զգեստով տիկին: Հյուրանոցի բնակիչները պատմում են, որ հյուրանոցի 4-րդ հարկի համարներից մեկից երբեմն լսում են տղամարդու և կնոջ վիճաբանող ձայներ, երբ համարում, սակայն, ոչ ոք չկա:


Casablanca Inn, Սենթ-Ավգուստին, ԱՄՆ
«Կասաբլանկա» հյուրանոցը կառուցվել է 1914 թվականին, իսկ դրա կառավարիչը «չոր օրենքի» տարիներին ալկոհոլի ապօրինի առևտրով է զբաղվել: Նա, լուսամուտի մոտ ջահը թափահարելով, պայմանական ազդանշաններ էր տալիս, և ապօրինի ալկոհոլով բեռնված նավակները մոտենում էին ափին, երբ մոտակայքում ոստիկան չկար: Ասում են, որ այդ կինը՝ ջահը ձեռքին, առայսօր թափառում է հյուրանոցում և ազդանշան տալիս պատուհանի մոտ:


Queen Anne Hotel, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
1890 թվականին մի միլիոնատեր աղջիկների դպրոց է բացում և իր սիրուհի Մերի Լեյքին նշանակում որպես կառավարիչ: Այնուհետ ֆինանսական պատճառներով դպրոցը փակվում է, իսկ այսօր դրա տեղում հյուրանոց է: Սակայն նույնիսկ 127 տարի անց Մերի Լեյքը հոգ է տանում հյուրանոցի բնակիչներին՝ գիշերները ուղղելով նրանց վերմակները, տեղափոխելով կահույքը և կախելով շորերը: Ահա բնակիչներից մեկի խոսքերը. «Մենք պառկեցինք քնելու և վախեցանք տարօրինակ աղմուկից. կարծես թե ինչ-որ մեկը վերևի հարկում քայլում և տեղաշարժում էր կահույքը: Սակայն ամենավերևի հարկում մենք էինք»:


Francis Marion, Չառլստոն, ԱՄՆ
Այս շենքը կառուցվել է 1924 թվականին և համարվում է ինքնասպան Նեդ Կոենի բնակության վայրը, ով դժբախտ սիրո պատճառով նետվել է շենքի տանիքից:
Battery Carriage House Inn, Չառլստոն, ԱՄՆ
Նոր Օռլեանում և Չառլստոնում շատ են «ուրվականներով տները». ակնհայտ է, որ այս վայրերում նրանց ինչ-որ բան հատուկ է գրավում: Չառլստոնի այս հյուրանոցի կայքում պատմում են, որ այստեղ տեսել են քրջեր հագած և տնքոցներ հանող «առանց դեմքի մարդու»: Շշուկներ են պտտվում, որ այստեղից ոչ հեռու, մի ժամանակ ծառերից ծովահաններ են կախել:


Hotel Del Coronado, Սան Դիեգո, ԱՄՆ
Սա տխուր պատմություն է: Քեյթ Մորգանը և նրա ամուսինը խաբեբաներ էին, ովքեր պտտվում էին երկրով մեկ՝ խաբելով խեղճ մարդկանց: Մի անգամ նրանք կանգ են առնում այս հյուրանոցում: Ամուսինն ինչ-որ տեղ է գնում, իսկ Քեյթը մնում է նրան սպասելով, սակայն նա այդպես էլ չի վերադառնում: Մի քանի օրից Քեյթին գտնում են դեպի լողափ տանող աստիճանի մոտ՝ սպանված: Պարզվում է, որ նա հղի էր և որոշել էր ինքնասպան լինել՝ գլխին արձակած կրակոցով: Այժմ նրան տեսնում են հյուրանոցի միջանցքներում և լողափում: