Lragir.am-ը գրում է.

Կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ պատրաստել է Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ։ Հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության եւ դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաեւ ռուսաց լեզվի հանրայնացումը։
«Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս», - նշված է նախագծում: - Արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:
Պարզվում է՝ կա երկու հայեցակարգ՝ մեկը օտար լեզուների, մյուսը՝ առանձին ռուսերենի: Հիմնավորումներն ընդհանուր առմամբ ճիշտ են՝ լեզուների իմացությունը չափազանց կարեւոր է ժամանակակից աշխարհում բոլոր ոլորտներում հետ չմնալու համար, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում:
ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է, որ ռուսերենն առանձնացրել են այն պատճառով, որ երկրորդ դասարանից է դասավանդվում և ամենամեծ տարածումն ունի։ «Դա նաև եվրասիական տնտեսական համագործակցության մեջ աշխատանքային լեզուն է», ասել է նա, ավելացնելով, որ մեր ավանդույթները, օտար լեզուներով դուռը հիմնականում ռուսերենով է։
Հայեցակարգում եւ ԿԳ նախարարի խոսքում բերված փաստարկները խիստ վիճելի են: Նախ, եթե ռուսերենը դասավանդվում է երկրորդ դասարանից, դա արդեն իսկ բավարար է, դասավանդման համապատասխան որակ ապահովելով, ստանալ արդյունք, երբ երեխան տիրապետի լեզվին: Առանձին հայեցակարգի կարիք այս դեպքում չկա, քանի որ եթե դասավանդման որակը չի ապահովվում, հայեցակարգերն այս դեպքում չեն օգնի:
Հաջորդ վիճելի փաստարկը ռուսերենի «դուռ» լինելն է դեպի այլ օտար լեզուներ եւ գիտություն: Ժամանակին՝ Խորհրդային երկրում իսկապես այդպես էր, ելնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից՝ Խորհրդային միությունը փակ երկիր էր, ստեղծվել էր ընդամենը մեկ խողովակ, որով զտվում ու ներս էր թողնվում տեղեկատվությունն ու մեթոդիկան, գրականությունը հիմնականում ռուսերենով էր, աշխարհի հետ շփումը փաստացի տեղի էր ունենում միջնորդավորված, եւ այստեղ ռուսերենի իմացությունը պարտադիր էր, քանի որ ողջ գրականությունը ռուսերենով էր:
Սակայն ներկայում իրավիճակն այլ է, եւ նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը: Ինտերնետ, մատչելի հաղորդակցություն, գիտական ողջ գրականության մատչելիություն, մի «պարզ» փոփոխությամբ՝ ներկայում համաշխարհային շփման լեզուն, ուզենք թե չուզենք, անգլերենն է: Ընդ որում, Ռուսաստանն էլ այս նոր իրավիճակի մեջ է, ռուսական գիտական, տեխնոլոգիական շրջանակներն անգլերենի խողովակով են հաղորդակցվում նորագույն նվաճումներին:
Այս պայմաններում ի՞նչ կարիք կա կրկին միջնորդավորված շփվել աշխարհի հետ, որը թե ժամանակի կորուստ է, թե նաեւ գիտական տեղեկատվության հնարավոր աղճատման ռիսկ, հաշվի առնելով ռուսական ավանդական «ֆիլտրերը»: Հայ առաջատար գիտնականները, ՏՏ ոլորտի մասնագետները ներկայում ուղիղ կապերի մեջ են առաջատար գիտական եւ տեխնոլոգիական կենտրոնների հետ եւ հաջողությամբ գործունեություն են ծավալում:
Մնում է Եվրասիական տարածքը, եւ այստեղ կրկին վերադառնում ենք երկրորդ դասարանից սկսած ռուսերենի դասավանդման որակի խնդրին: Դրա համար առանձին հայեցակարգ պետք չէ, պետք է ընդամենը, որ երեխաները սովորեն, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնելիս հաղորդակցվել, կամ երբ Դիմա Կիսելյովը Երեւանում տաքսի նստի՝ վարորդը կարողանա նրա հետ մի երկու բառ փոխանակել:
Սա է ռուսերենի այսօրվա պահանջարկի մակարդակը, խոշոր հաշվով: Ընդհանրապես, որեւէ լեզվի դոմինանտությունը եւ պահանջարկը որոշվում է տվյալ երկրի՝ համաշխարհային գործերին մասնակցության մակարդակով ու բովանդակությամբ, քաղաքակրթական առաքելությամբ: Օրինակ, ժամանակին աշխարհի բոլոր խոշոր նավահանգիստներում չինովնիկները սովորում էին հայերեն, քանի որ հայերը մեծ ներկայություն ունեին համաշխարհային առեւտրում:
Ըստ այդմ, որեւէ լեզու միջազգային հաղորդակցման միջոց է դառնում, ելնելով համաշխարհային քաղաքակրթական, գիտական, տեխնոլոգիական իրողություններից:
Կա նաեւ մյուս տարբերակը՝ փակ համակարգերը, որոնք պարտադրում են իրենց լեզուն զուտ քաղաքական նպատակներով, տվյալ երկրների ինքնիշխանությունը սահմանափակելու եւ կամակատար ռեժիմներ հաստատելու համար:
Ո՞րն է այսօր Ռուսաստանի քաղաքակրթական առաքելությունը, ի՞նչ դեր ունի Ռուսաստանը աշխարհի ներկայիս տեխնոլոգիական ու գիտական հեղափոխության շրջանում, այն գիտության ու տեխնոլոգիաների ստեղծո՞ղ է, թե դրանց խոչընդոտը: Օրինակ, ՌԴ անվտանգության հայեցակարգում կանաչ տեխնոլոգիաները համարվում են սպառնալիք Ռուսաստանին:
Այս համատեքստում, ի՞նչ դեր ու առաքելություն ունի ռուսաց լեզուն, ի՞նչ քաղաքականության գործիքն է այն՝ քաղաքակրթական առաջընթացի՞, թե հետադեմ կայսերական էքսպանսիայի:
Այս պայմաններում, երբ ռուսերենի համար առանձին հայեցակարգ է պատրաստվում, դա նշանակում է, որ կա արտաքին պարտադրանք, կամ էլ այդ հայեցակարգի մշակողները չեն նկատել վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած փոփոխությունները: Այս երկրորդը բացառենք, մնում է արտաքին պարտադրանքը: Օրինակ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե անթաքույց պահանջում են ռուսերենի կարգավիճակ Հայաստանում, ընդհուպ՝ պետական լեզվի: Հնարավոր է՝ այս հայեցակարգը դրա առաջին փուլն է:
Կարեն Կարապետյանն ու Կրթության նախարարն ավելի լավ է պարզ ասեն այդ մասին, քան բերեն նման պատճառաբանություններ: Միեւնույն է, ինչ հայեցակարգ էլ մտցնեն, հայերը սովորելու են այն լեզուն, որն իրենց պետք է կյանում, աշխատանքում եւ ուսման մեջ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am