Քաղաքային բրենդինգը շարունակում է ճանաչելի ու հիշվող քաղաքներ և զբոսաշրջային կենտրոններ ստեղծել աշխարհում: Սակայն, Երևանը այդ ցուցակում ավելացնելը դեռևս վաղ է:
Երևանը բրենդավորելու մասին խոսակցությունները սկսեցին 2012թ.: 2013-ին ներկայացվեց ծրագիրը, անցկացվեց զբոսաշրջային տարբերանշանի ընտրման բաց մրցույթ: 2-րդ փուլ անցած դիզայներական կազմակերպություններից ու անհատներից, սակայն, ոչ ոք հաղթող չճանաչվեց: Իսկ Երևանի բրենդավորման ու զբոսաշրջային տարբերանշանի ստեղծման խոսակցությունները մարեցին, ԶԼՄ-ներն այլևս չանդրադարձան այդ թեմային:

2017թ.՝ գործընթացը սկսելուց 4 տարի անց, Հայաստանի մայրաքաղաքը դեռ պատշաճ կերպով ներկայացված չէ զբոսաշրջիկներին ու ներդրողներին: Եվ հաշվի առնելով, որ այս տարի առավել ակտիվորեն էր քննարկվում Հայաստանի ու, մասնավորապես, Երևանի զբոսաշրջային ներուժը մեծացնելու, ֆինանսական հոսքերն ու հետաքրքրվածությունը ակտիվացնելու հարցը, մենք փորձեցինք պարզել, թե 4 տարի տևող գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ աշխատանքներ են տարվել, ու արդյոք մոտ ապագայում հանրությունը կարող է տեսնել վերջնական արդյունքը:

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեր հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները ամփոփվել են 2013թ. հունիսին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013թ. մարտ ամսից իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների և «Մաևտիկա» բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի համատեղ աշխատանքների արդյունքում»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն էլ բազմաթիվ անհարմարությունների է հանդիպում տարբեր հանդիպումների ժամանակ Երևանը ներկայացնելիս, քանի որ դեռ չկա հստակ բրենդ, որով մեր քաղաքը ճանաչելի կլինի արտասահմանցիներին. «Ես, բնականաբար, համաձայն եմ, որ քաղաքի բրենդ ստեղծելը կարևոր է: Սա, միաժամանակ, լուրջ գործընթաց է, որ ժամանակ ու տարբեր ուսումնասիրություններ է պահանջում: Միջազգային ընկերությունը, որը համագործակցում է «Մաևտիկա» գործակալության հետ, արդեն իսկ տարբեր հետազոտություններ է կատարել: Կարևորվում են բոլոր հնարավոր կողմերը: Հարցումներ են անցկացվել քաղաքացիների շրջանում, և քանի որ մեր ազգը որոշ առումով քմահաճ է ու դժվար է նրան գոհացնելը, փորձում են հաշվի առնել բոլոր առանձնահատկությունները»:

2013թ. «Մաևտիկա» բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը «Երևան» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ նպատակ չունեն նոր Երևան ներկայացնել բրենդի միջոցով. «Գլխավոր խնդիրն է, որպեսզի բրենդն իր մեջ ամփոփի և՛ այն Երևանը, որը հիշում են՝ 60-ականների, 80-ականների, և՛ այն մյուսը, որը ձևավորվում է այսօր, որովհետև առանց դրա քաղաքն այլևս դժվար է պատկերացնել»:

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված բրենդը հետագայում աշխատում է քաղաքի օգտին. աշխուժանում է զբոսաշրջությունը, մեծանում է հետաքրքրությունը մշակույթի, քաղաքացիների ու քաղաքային կյանքի նկատմամբ, քաղաքները գրավիչ են դառնում գործարարների ու ֆինանսական ներդրումների համար:
Հաջողված օրինակ է Կոպենհագենի բրենդավորումը. cOPENhagen-Open For You (Բաց քեզ համար): Քաղաքային բրենդի ստեղծման գլխավոր նպատակը բաց քաղաք ստեղծելն էր՝ բաց զբոսաշրջիկների, արկածների, գործարարության ու քաղաքացիների համար: Որպես արդյունք 2012թ. հաջողված բրենդների վարկանիշային աղյուսակում այն գրավեց 12-րդ տեղը՝ առաջ անցնելով Նյու Յորքից, Պրահայից ու Ստոկհոլմից:
Մեկ այլ հայտնի բրենդ` I Love NY-ը (Ես սիրում եմ Նյու Յորքը), այժմ ճանաչելի է աշխարհի բոլոր ծայրերում, իսկ լավ բրենդավորումը 20 տարվա ընթացքում քաղաքի տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվն ավելացրել է 120 անգամ:

Խոսելով ժամկետների ու ֆինանսական ծախսերի մասին` Գ. Օրբելյանն ասաց, որ դեռևս հստակ տեղեկատվություն չկա Երևանի բրենդի հրապարակման մասին, միայն հավաստիացրեց, որ աշխատանքները շարունակվում են և հույս հայտնեց, որ 2018թ`. Երևանի հիմնադրման 2800-ամյակին, քաղաքի բրենդավորումն արդեն ավարտված կլինի ու նվեր կդառնա Երևանի համար. «Ֆինանսական հարցերի մասին խոսելն իմ իրավասությունների մեջ չի մտնում: Չկա նաև վերջնական մի գումար, որ շրջանառվում է որպես բրենդավորման արժեք: Ամեն ինչ պարզ կլինի աշխատանքներն ավարտելուց հետո, երբ վերջնական հաշվարկներ արվեն: Անպայման կլինեն ասուլիսներ ծրագրի վերջում, մանրամասն կներակայացվեն արված աշխատանքներն ու բրենդի ստեղծման ընթացքը»:


Աննա Ստեփանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս