«168 ժամ» թերթը գրում է. «Ներկայումս Ռուսաստանին թեեւ ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան եւ անկանխատեսելի է, եւ կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը:

Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես բանակցային գործընթաց, որը եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի ազդեցության տակ է, նման միջամտություն չի թույլատրվի»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու բանակցային գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա կարեւորել է ԱՄՆ պետքարտուղարի վերջին մի քանի հայտարարությունները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ վերջին շրջանի պասիվության ֆոնին կարեւոր էր ամերիկյան կողմի աջակցությունը շփման գծում հատուկ միջոցառումների իրականացմանը:

«Կարեւոր եմ համարում նաեւ երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում: Այնուամենայնիվ նախարարները եւ նախագահները պետք է հանդիպեն, Մինսկի խումբը պետք է աշխատի, որպեսզի առանձին երկրների նախաձեռնությունների արդյունավետությունը պակասի: Այդ ձգտումների մասին ես շատ եմ խոսել, ոչինչ չի փոխվել: Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը, այդ ժամանակ պետք է աչալուրջ լինել»,- ընդգծել է Փոլ Գոբլը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում