Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլուն հնարավորություն չի ընձեռվել իր տարեկան հաշվետվությունը ներկայացնել ոչ միայն խորհրդարանում, այլև Ազգային գրադարանում: Եթե առաջին դեպքում երկրի ղեկավարին ընդդիմացել է խորհրդարանի մեծամասնությունը կազմող օրենսդիրների թևը, ապա երկրորդ դեպքում խանգարողի դերում հանդես են եկել գրադարանի դեմ հավաքված, նրանից դժգոհ քաղաքացիները:
«Այն, ինչ որ մենք այսօր տեսանք, դա պատմական պահ է: Ես ցանկանում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը հարցնի՝ սա ա՞յն Վրաստանն է, որը մենք ցանկանում էինք: Սա ա՞յն ճանապարհն է, որը մեզ կհասցնի Եվրոպային»,- հարցրել է Սահակաշվիլին հավաքվածներին:
Խոսելով երկրի ղեկավարի տարեկան զեկուցման տապալման մասին Մ. Սահակաշվիլու մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ այնուամենայնիվ, « ... Վրաստանի նախագահը չի պատրաստվում հետաձգել այս միջոցառումը»:
Նշենք, որ գրադարանի մոտ հավաքվածներին է մոտեցել նաև Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որը հայտարարել է, որ «... Իվանիշվիլին քաղաքական դատապարտյալներին բաց է թողել բանտից այն բանի համար, որպեսզի հետո ստեղծի «գրոհային-խմբեր» և հայտարարի որս վհուկների դեմ... »:
Փոքր ինչ ավելի ուշ այս խոսքերի համար քննադատելով քաղաքապետին Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Ուգուլավայի և նրան ուղեկցողների պահվածքը «... առաջացրել են ագրեսիա ակցիայի մասնակիցների մեջ, որի հետևանքով տուժել են մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ»:
Ազգային գրադարանի մոտ հավաքված համաքաղաքացիների ճնշման արդյունքում, այնուամենայնիվ, Վրաստանի նախագահը որոշել է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնել նախագահական պալատում: Նշենք, որ այս լուրը լսելուն պես գրադարանի մոտ հավաքվածների մի մասը և լրացուցիչ ոստիկանական ուժեր են հավաքվել նաև նախագահական նստավայրի մոտ:
Ելույթ ունենալով նախագահական պալատում Մ. Սահակաշվիլին նշել է, որ չնայած առկա տարաձայնություններին, կան լուրջ պատճառներ վրացական տարամետ քաղաքական ուժերի ջանքերը միավորելու և համագործակցության համար: Նա նաև ափսոսանք է հայտնել Ազգային գրադարանի մոտ տեղի ունեցածի համար: Ըստ նրա աշխարհում չի եղել նախադեպ, երբ երկրի նախագահին չի թույլատրվել ելույթ ունենալ հանրության առջև: Նա ներողություն է խնդրել ամբողջ ժողովրդից և դիվանագիտական կորպուսից տեղի ունեցած միջադեպի և «ոստիկանության գործողությունների, ավելի ճիշտ անգործության համար, քանի որ որպես պետության ղեկավար» ինքն է պատասխանատու «կարգի պահպանման համար»: