Lragir.am-ը գրում է.
Ապրիլի 11-ին նախագահի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Ալիեւի որոշումը քննարկվեց տարբեր տեսանկյուններից, որոնց շարքում առաջնայինն արտաքին հանգամանքներն են: Նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենար այս տարվա հոկտեմբերին, սակայն ներկայիս բուռն ու արագացված գործընթացներն Ալիեւին ստիպեցին գնալ այդ քայլին: Բանն այն է, որ մինչեւ հոկտեմբեր մի շարք ուղղություններով սպասվում էին այսպես ասած դժվար որոշումներ, եւ հերթական ընտրության գնալը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ նրա համար:
Մի ուղղությունն Արեւմուտքն է, որտեղ Ադրբեջանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել միջազգային կոռուպցիոն սխեմաների բացահայտման եւ քաղբանտարկյալների հարցում վերջնագրի արդյունքում: Այս խնդիրներն Ալիեւը կամ պետք է լուծեր մինչեւ հոկտեմբեր, կամ դրանք կարող էին վերածվել պատժամիջոցների:
Մյուս ուղղությունը Ղարաբաղի խնդիրն է, որտեղ անցյալ տարվա նոյեմբերին հաստատվեց միջազգային լայն համաձայնություն շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին: Դրանք էապես սահմանափակում են Բաքվի քաղաքականության հնարավորությունները: Սակայն Ադրբեջանի դիմադրությանը զուգահեռ մեծանում է միջազգային ճնշումն այս հարցում, եւ Բաքվի համար քաղաքական ու ռազմական փակուղին ավելի է խորանում:
Այս երկու ուղղությամբ ըստ ամենայնի սպասվում են «դժվար» որոշումներ, եւ նախագահի ընտրությունն առաջ տալով, Ալիեւը փորձում է դրանք թողնել իր վերընտրությունից հետո:
Մյուս կարեւոր պատճառը Թուրքիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թուրքիան Սիրիայում հայտնվել է անելանելի իրավիճակում, երբ ռազմական գործողություններին զուգահեռ մեծանում է միջազգային ճնշումն ու մեկուսացումը: Թուրքիայում արդես սկսել են խոսել Սեւրի «վերակենդանացման» եւ երկրի մասնատման հեռանկարի մասին, կապված քրդական գործոնի հետ, որը թերեւս դառնալու է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող խոշոր փոփոխությունների առանցքային գործոնը:
Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայում սրված են ծայրաստիճան, անցնելով արդեն սպառնալիքների մակարդակ: Եկող շաբաթ Անկարա են մեկնելու ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, որոնց բանակցությունների թեման լինելու է Սիրիայում Թուրքիայի գործողությունը:
Թուրքիան փակուղային իրավիճակում է՝ կամ ընդունում է ԱՄՆ-ի պահանջները, կամ շարունակում ռազմական գործողությունները: Երկու դեպքում էլ, հաշվի առնելով թուրքական ներկայիս ռեժիմի քաղաքական ոճն ու մոտիվացիան, կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ, առավել եւս, որ այդ երկրում էլ են սպասվում նախագահի ընտրություններ:
Ալիեւն այսպիսով «թռնում» է իր ավագ եղբորից, փորձելով իր հարցերը լուծել մինչ թուրքական հանգուցալուծումը: Ընդ որում, պետք է նշել, որ Թուրքիան ներկայիս բարդ իրավիճակում հայտնվել է մեծապես նաեւ Ադրբեջանի պատճառով, որը Անկարային թույլ չէր տալիս մասնավորապես հայկական ուղղությամբ գնալ նորմալ զարգացումների ճանապարհով:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am


