Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտությունը.
Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգը իրենից ներկայացնում է պարբերաբար կատարվող բջջաբանական հետազոտություն, կանանց որոշակի խմբերի շրջանում: Վերցվում են բջջաբանական քսուկներ, որոնք ներկվում են հատուկ ներներով և հետազոտվում են նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխություններ հայտնաբերելու նպատակով:
Նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխություններ նկատելու դեպքում կատարվում է կոլպոսկոպիա (հատուկ օպտիկական խոշորոցնող սարքի միջոցով, որը թույլ է տալիս տեսնել նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխությունները): Նախաքաղցկեղային և քաղցկեղային երևույթները հայտնաբերելու դեպքում նշանակվում են բուժման եղանակներ, որոնք կախված են հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունից և ուռուցքային տարածվածության աստիճանից:
Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգը թույլ է տալիս հայտնաբերել ինչպես քաղցկեղային երևույթները, այնպես էլ նախաքաղցկեղային գոյացությունները, որը թույլ կտա վաղ կանխարգելել հետագա քաղցկեղի առաջացումը:
Ո՞ր կանանց շրջանում չի անցկացվում արգանդի պարանոցի սքրինինգ հետազոտություն.
Արգանդի պարանոցի սքրինինգ չի անցկացվում`
- Մինչև 30 տարեկան կանանց և աղջիկների շրջանում, քանի որ արգանդի պարանոցի քաղցկեղը ունի բավականին դանդաղ զարգացման ընթացք և ոչ մի կերպ չի կարող ագրեսիվ ընթացք ունենալ մինչև 30 տարեկան կանանց շրջանում,
- 68 տարեկանն անց կանանց շրջանում, որոնց անցած երկու ՊԱՊ թեստավորման արդյունքները եղել են բացասական (քաղցկեղային և նախաքաղցկեղային բջիջներ չեն հայտնաբերվել),
- Այն կանանց և աղջիկների շրջանում ովքեր երբևիցե չեն զբաղվել սեռական կյանքով,
- Արգանդահատում (արգանդի հեռացում) կատարած կանանց շրջանում:
Բոլոր 30-68 տարեկան կանայք, որոնք չունեն վերոնշյալ խմբային պատկանելիություններից որևիցե մեկը, պարտադիր պետք է անցնեն ՊԱՊ թեստավորում կոչվող սքրինինգ հետազոտություն, քանի որ արգանդի պարանոցի քաղցկեղը համարվում է գաղտնընթաց հիվանդություն և զարգացման առաջին 2 փուլերում ոչ մի կերպ չի անհանգստացնում հիվանդին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում բջջաբանական հետազոտությունը.
Արգանդի պարանոցը պատված է բազմաշերտ, բազմաշարք էպիթելային բջջանքով, որի վերին շերտը իրենից ներկայացնում է միաշերտ տափակ էպիթելային բջջանք` հենց այս հատվածում է տեղակայվում արգանդի պարանոցի քաղցկեղ հարուցող` պապիլոմա վիրուսը:
Բջջային խոզանակի (Ցիտոբրաշի), կամ բջջաձողի (շպատելի) օգնությամբ միաշերտ տափակ էպիթելային բջջանքից վերցվում է քսուկ և քսվում է մանրէաբանական ապակու վրա, որից հետո ներկվում է Պապանիկոլաուսի ներկով: Այս ներկը միակն է իր կիրառական առանձնահատկությամբ, քանի որ ներկում է նախաքաղցկեղային և քաղցկեղային բջիջները տարանջատելով առողջ բջիջներին և հստակ ախտորոշում է այս կամ այն պաթոլոգիկ վիճակը:
ՊԱՊ թեստավորումը իրենից ներկայացնում է մի բջջաբանական հետազոտություն, որը կատարվում է բուժ հիմնարկներում մանկաբարձ-գինեկոլոգների և բջջաբանների միջոցով:
Ինչքանո՞վ է արդյունավետ պապ սքրինինգ կոչվող բջջաբանական հետազոտությունը.
ՀԱԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգների կողմից անցկացված հետազոտությունները փաստում են, որ բջջաբանական հետազոտությունների ցուցանիշները և արդյունավետության աստիճանները տարբեր հետազոտություններում խիստ տարբեր են , սա կախված է բջջաբանական հետազոտության տեսակից և բուժ անձնակազմի մասնագիտական կարողություններից: ՊԱՊ թեստավորումը համարվում է արգանդի պարանոցի նախաքաղցկեղի և քաղցկեղի ամենաարդյունավետ և տարածված բջջաբանական հետազոտությունը, որն արդեն իսկ ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում այդ թվում ՀՀ-ում:
Ին՞չ դրական ազդեցություն է թողնում ՊԱՊ թեստավորումը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման գործում և ՀՀ ԱՆ ո՞ր բուժ հաստատություններում է հնարավոր իրականացնել այս սքրինինգը.
Ընդհանուր ազգաբնակչության շրջանում` ՊԱՊ թեստավորումը թույլ է տալիս նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղային տարածվածությունը շուրջ 80 %-ով, իսկ մահացությունը 72%-ով: Արգանդի պարանոցի քաղցկեղը դասվում է այն եզակի քաղցկեղային հիվանդությունների շարքին, որոնք վաղ հայտնաբերման շնորհիվ լիարժեք վերացվում են: ՊԱՊ սքրինինգը ցանկացած սեռահասուն կնոջ թույլ է տալիս պարբերաբար տեղեկանալ ոչ միայն սեռական օրգանի ուռուցքային հիվանդության մասին այլև զանազան սեռավարակների և նորագոյացությունների վերաբերյալ, որոնք ՊԱՊ թեստավորման ժամանակ` տեսանելի են:
ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում`քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում յուրաքանչյուր 30-ից 68 տարեկան կին կարող է ԱՆՎՃԱՐ հիմունքներով անցնել ՊԱՊ թեստավորում:


