Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը զենքերի գնման հարցում շեշտադրումը փոխել է։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կողմից հրապարակված 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առեւտրի վերաբերյալ նոր զեկույցը։
Նրա խոսքով, նախորդ տարի Ադրբեջանը նախընտրություն էր տալիս հարձակողական սպառազինությանը եւ քիչ ուշադրություն էր դարձնում ինժեներական կառույցներին։ Սակայն Ադրբեջանի կողմից 2014 թվականին իրավիճակի լարումից եւ 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո Բաքվում վերանայել են մոտեցումները։ Վերջին տարիներին Ադրբեջանը հարձակողական զենքերի ձեռքբերումից անցել է պաշտպանողական զենքերի գնման. «Ադրբեջանին պարզ դարձավ, որ մի բան է տեսությունը եւ Բաքվի փորձերը ներշնչել մյուսներին սեփական ռազմական գերակայության մասին, մինչ դեռ մարտի դաշտում հայկական բանակը հեշտությամբ պաշտպանությունից անցնում է հակահարձակման»,–ընդգծել է Արկադի Գրիգորյանը։
Անդրադառնալով անջատ ու տարաբնույթ գնումների հարցին` Արկադի Գրիգորյանը նշել է, որ դա ցավոտ թեմա է Ադրբեջանի համար: «Ամբողջ աշխարհը գնում է միավորման ճանապարհով, եւ միայն Ադրբեջանն է նույն զենքը գնում տարբեր երկրներից, ապա հանդիսավոր կերպով խոսում դիվերսիֆիկացիայի մասին: Փաստացիորեն, դա Պաշտպանության նախարարության եւ Ռազմական արդյունաբերության նախարարության տարբեր մոտեցումների, ինչպես նաեւ լավ մտածված ծրագրի բացակայության արդյունքն է»,–նշել է Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ նման անջատ զենքերը խնդրահարույց են ինչպես անձնակազմի պատրաստման, այնպես էլ զորքի հետ փոխգործակցության առումներով։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am