«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին արել է երկու ուշագրավ հայտարարություն: Առաջինը դեսպան Ռիչարդ Միլզի խոսքն էր այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հայաստանում բռնությամբ, ուժով, զինված ճանապարհով քաղաքական օրակարգ առաջ տանելու փորձերին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբին: Երկրորդ հայտարարությունը, որ արդեն արեց դեսպանատունը, վերաբերում էր Հայաստանին ԱՄՆ հատկացնելիք օգնությանը: Դրա վերաբերյալ վերջին օրերին տարածվել էին տեղեկություններ, թե առաջին անգամ ԱՄՆ-ը օգնություն չի հատկացնի Հայաստանին: ԱՄՆ դեսպանատունը փաստորեն անիրազեկ է որակում այդ տեղեկությունների աղբյուրները՝ արձանագրելով, որ պարզապես չկա հասցեական, նպատակային մատնանշված բյուջեի տող, սակայն դա էլ նորություն չէ, եւ Հայաստանի մասով արդեն մի քանի տարի է, ինչ օգնությունը մասհանվում է հենց այդ տրամաբանությամբ: Ավելին՝ դեսպանատունը հայտարարել էր, թե Հայաստանն այս տարի կստանա նույնիսկ ավելի շատ օգնություն:
Երկու հայտարարությունները, այն էլ՝ մեկ օրում, բավական հատկանշական են եւ վկայում են այն մասին, որ Նահանգները տեղեկատվական հոսքերում տեսել է ավելի լուրջ խնդիր, քան պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետեւում պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետեւում ըստ ամենայնի նկատվել է քաղաքականություն: Ընդ որում, այդ ամենն ուշագրավ է վերջին շրջանում հայ-ամերիկյան ուղղությամբ ինտենսիվ քաղաքական գործընթացների ֆոնին, որ դրսեւորվեցին նախ ԱԺ խորհրդարանական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցով, փաստացի աննախադեպ ֆորմատի, իսկ դրանից գրեթե անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցով՝ դարձյալ աննախադեպ ֆորմատ, ինչի նշանակությունն անուղղակիորեն ընդգծեց Ադրբեջանի բողոքի նոտան ԱՄՆ-ին:
Ահա այս ֆոնին հետաքրքիր է Միացյալ Նահանգների դեսպանատան, այսպես ասած, կրկնակի արձագանքը, որը թերեւս անուղղակի պատասխան է ԱՄՆ-Հայաստան հարաբերության նոր հեռանկարի կամ, ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանն էր Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում վերադարձից հետո ասել, հայ-ամերիկյան հարաբերության ռեսթարտի դեմ նախանշվող որոշակի գրոհի:
Նահանգներն ըստ երեւույթին նախընտրել է պատասխանը հասցնել նախքան գրոհի ակտիվ ծավալումը, ընդ որում՝ առնվազն երկու ուղղությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ միեւնույն ժամանակ միջազգային օրակարգի կամ արտաքին քաղաքականության, որի ներքո էր դիտարկվում ֆինանսական օգնություն չհասցնելու մասին որոշումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում