Հանրապետությունում մեկ շաբաթ առաջ մեկնարկել է ծիրանի մթերումը: Վերջին տվյալներով այն կազմել է 3000 տոննա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Վերջինիս խոսքերով` «Սպայկա» ընկերությունը նպատակ ունի գերակայելու նախորդ տարվա ցուցանիշները: Նա հայտնեց, որ տեղի ունեցած կարկուտը հիմնականում վնասել է Արմավիրի մարզին, իսկ այն վայրերում, որտեղ կարկուտ չի եղել, բերքի որակը շատ լավն է: «Կարկտահարված շրջաններում 20-25% բերք է մնացել: Եվ եթե մարդիկ չհուսահատվեին և կրկին մշակեին, ապա այժմ Հանրապետությունում բերքի որակի խնդիր չէր լինի: Եթե կա որակյալ ապրանք, հետևաբար կա նաև սպառում»,-իր խոսքում նշեց Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ շատ եղել դեպքերը, երբ գյուղացիները պայմանավորվածություն են ունեցել անհատ ձեռնարկատերերի հետ, որոնք խոստացել են գյուղացուց բերքը մթերել շուկայականից ավելի բարձր գնով, սակայն վերջում հրաժարվել են մթերումն իրականացնել, ինչի հետևանքով գյուղացիներն իրենց են դիմում, իսկ իրենք միշտ կանգնած են ֆերմերների կողքին: Նրա գնահատմամբ` երբ ապրանքի գինը բարձրանում է, առաջանում են որակային ռիսկեր: «Հայաստանի արտահանողները գործ ունեն մեծածախ շուկայի հետ: Մանրածախի գինը 4 դոլար է: Այս պահի տվյալներով արտասահմանում հայկական ծիրանն արժե 750-800 դրամ, հին կարտոֆիլը 60-80 դրամ է, իսկ թարմ կարտոֆիլի մթերումը` 150 դրամ է: Մեծամասամբ մթերքն արտահանում ենք ԱՊՀ երկրներ: Մեծ է պահանջարկը հատկապես Ֆրանսիայում և Իտալիայում: Այս պահին ծիրանը 400-500 դրամ է»,- ասաց Բաղդասարյանը: Նրա փոխանցմամբ` այս գումարով Հայաստանում գյուղացիներն ազատ կարող են մթերում անել, և այս թիվը կպահպանվի մինչև վերջ: Իսկ Հայաստանում հիմնական արտահանման ենթակա մթերքները ծիրանն ու խաղողն են: Վերջինիս արտահանումն սկսվում է խաղողօրհնեքից հետո:
Անդրադառնալով վերջերս «Սպայկա» ընկերությունում տեղի ունեցած հրդեհին և դրա թղած հետևանքներին` Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք բոլոր պարտավորություններն իրականացրել են և իրենք գյուղացիների հետ այլևս պարտք ու պահանջ չունեն: