Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել, սակայն Պաշտպանության նախարարության արձագանքը ուշանում է։ Այս մասին  հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:

«Մի քանի տարի առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խնդիր են դրել ստեղծել համակարգ, որն ունակ կլինի արձանագրել դիվերսանտների մոտենալը սահմանին կամ մեր պաշտպանական դիրքերին։ Մենք մշակել ենք համակարգ, որը հիմնված է շարժվող մարդու ջերմային ճառագայթման գրանցման սկզբունքի վրա»,-պատմեց Ստեփան Պետրոսյանը։


Նրա խոսքով, շարժման հաղորդիչը ավտոմատ աշխատում է բոլոր եղանակային պայմաններում, ցերեկը եւ գիշերը։ Համակարգը սնուցում է ստանում բարակ արեւային էլեմենտիցներից, որոնք կարող են տեղադրվել շարժման հաղորդչի կողքին կամ թաքցվել մի քիչ հեռու։ Մեկ հաղորդիչը ունակ է «ծածկել» ուղիղ գծով 100 մետր տարածություն եւ տեղեկությունը ռադիոկանալով փոխանցել սահմանային դիրքերին, որոնք կգտնվեն 500-1000 մետր տարածության վրա։ Այս տարածությունն անհրաժեշտության դեպքում կարելի է մեծացնել։ Հաղորդիչները «պաշտպանում» են միմյանց եւ ազգանշան են տալիս, երբ ինչ-որ մեկը փորձում է վնասել դրանք։ Այդպիսով, դիվերսանտի մոտենալու ժամանակ եւ որոշակի սահմանային գիծ հատելու դեպքում հերթապահ զինծառայողը ձայնային եւ լուսային նախազգուշացում է ստանում, որից հետո նա ունի բավականաչափ ժամանակ, որ հաղորդի ինչ-որ մեկին եւ ժամանակին արձագանքի դիվերսիոն ներթափանցմանը։ Համակարգը թանկ չէ, վերահսկվող սահմանային գծի մեկ կիլոմետրը կարժենա 4000-4500 դոլար:

«Համակարգը փորձարկվել էր, դաշտային փորձարկումներ է անցել, համապատասխան ակտեր են կազմվել, բայց հետո Պաշտպանության նախարարության ոգեւորությունը չքացավ: Իմ դիմումները ՊՆ այդ ժամանակվա ղեկավարությանը մնացին անպատասխան։ Արդյունքում, չհասկացա՝ պե՞տք էին այդ հաղորդիչները, թե՞ ոչ։ Մեզ համար, իհարկե, վիրավորական է, քանի որ բավականին շատ ենք աշխատել, մեծ գումարներ ենք ծախսել: Ապրիլյան պատերազմից հետո որոշ էնտուզիաստներ հաղորդիչների պատվեր տվեցին այն քանակությամբ, որն անհրաժեշտ կլիներ շփման գծի 2 կմ վերահսկելու համար: Համակարգը լավ է դրսեւորել իրեն ղարաբաղյան շփման գծում, բայց, ըստ երեւույթին, մեր զինվորականներն այդքան էլ հակված չեն նոր մշակումների, եւ խնդիրը ծագեց: Խոսքերով բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, որ դուք ստեղծել եք մի համակարգ, որը կարող է գտնել այլ կիրառություններ եւս, բայց ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել»,-հայտնեց փորձագետը:

Ընդ որում՝ Պետրոսյանը պատրաստ է շարունակել եւ զարգացնել այս նախագիծը դրա նկատմամբ հետաքրքրվածության եւ օգնության դեպքում։ «Այս համակարգը մշակեցինք Պաշտպանության նախարարության առաջարկով, մեր սեփական միջոցներով, եւ չենք ակնկալել, որ դրանք կփոխհատուցվեն։ Մենք ցանկանում էինք օգնել մեր զինվորների կյանքը փրկել թշնամու դիվերսիոն հարձակումներից»։

Այն ժամանակ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, մենք չկարողացանք կապ հաստատել նրանց հետ եւ պաշտոնական պատասխան ստանալ այս նախագծի ապագայի առումով, չնայած այն հանգամանքին, որ նա հետաքրքրություն էր ցուցաբերել, անձամբ կարգադրել էր նոր դաշտային փորձարկումներ անցկացնել եւ զեկուցել: Քանի որ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի նոր ղեկավարը տեղյակ է համակարգի մասին, հուսով եմ, որ այս հարցում տեղաշարժ կլինի»,-հավելել է նա։

Նշենք, որ դիվերսանտների հայտնաբերման եւ ահազանգման համակարգը մշակվել է «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ մասնագետների կողմից: