Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանքը անկասկած փոթորիկ էր Հայաստանի քաղաքական դաշտում և, շատերի՝ գրեթե համընդհանուր գնահատմամբ, անսպասելի գործողություն անգամ թավշյա հեղափոխության պարագայում: Այստեղ, սակայն, երկրորդ նախագահի հանգամանքը առերևույթ է առանցքային, թեև ակնհայտ է, որ ուշադրության գերակշռող մասը կենտրոնացած է հենց այդ հանգամանքի վրա: Սա բնական է, քանի որ հանրությունը, առավել ևս հայաստանյան հանրությունը վարժված է քաղաքական գործընթացների մասին դատել, գնահատել, հետևել ըստ անձերի և ըստ, այսպես ասած, սիմվոլիկայի:

Սակայն Քոչարյանի հանդեպ ներկայացված մեղադրանքի և ըստ այդմ՝ դրանից բխող իրավական գործողությունների և անխուսափելի քաղաքական ազդեցության հանգամանքը առանցքային է այն տեսանկյունից, որ իրավապահները այդպիսով մատը դնում են Հայաստանում երկու տասնամյակից ավելի իշխած, 1995-96 թվականներից ի վեր իշխանությունն ընտրությունների անվան տակ յուրացրած մի ամբողջ տնտեսաքաղաքական ուժային, քրեաօլիգարխիկ և ռազմաֆեոդալական համակարգի առանցքային կետին: Այն կետին, որում, այսպես ասած, հատվում են դիմադրողունակ մասնիկները իրենց հաճախականությամբ, և, օրինակ, անկոտրում ապակու հենց այդ կետին մատի մի թեթև հպումը բավական է՝ ամբողջ ապակին, անկոտրում, անհաղթահարելի թվացող դիմապակին փշուր-փշուր անելու համար: Այդ դիմապակու տեղում է այժմ նախկին գրեթե քառորդդարյա համակարգը, իսկ Քոչարյանն էլ հայտնվել է այդ համակարգի այն կետում, որտեղ արդեն մատի թեթև հպումն իսկ բավական է անկոտրում թվացող համակարգը ամբողջությամբ մասերի բաժանելու համար:

Ահա այդ տեսանկյունից, խորքային առումով, Մարտի 1-ը, որպես այդպիսին, իհարկե լինելով բացահայտման անհրաժեշտություն ենթադրող առանցքային իրողություն, այդուհանդերձ՝ ըստ էության մի դրվագ է առավել լայն շղթայում և գործընթացում, որը ինքնին լինելու է համակարգի քայլ առ քայլ, փուլ առ փուլ, դրվագ առ դրվագ և անուն առ անուն ապամոնտաժման մի գործընթաց: Ահա սրանում է գործի խորքային առանձնակիությունը, որն իհարկե մնում է հասարակության անձնավորված ընկալումների ներքո:

Ըստ էության, Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը ինքնին իրականում չափազանց բազմաշերտ երևույթների կոդազերծում ենթադրող մի բանաձև է, որտեղ առանձին անձինք, այդ թվում և Քոչարյանը, գուցե ունեն նույնիսկ շատ արդյունավետ պաշտպանություն կառուցելու հնարավորություններ, բայց այդ հնարավորությունները այնպիսին են, որ ինչպես էլ կառուցվի պաշտպանությունը, այն գործնականում լինելու է քառորդդարյա համակարգի դիմադրողունակության և պաշտպանվածության հաշվին:

Համակարգը, որը եղել է բազմաշերտ ու բազմադեմ, այդ թվում՝ թե՛ հրեշների, թե՛ հրեշտակների դիմակներով, դեմքերով, դերերով, որոնք փոխլրացրել են իրար, երբեմն նույնիսկ առերևույթ հակադրության պայմաններում, և այդ ամենով հանդերձ՝ հենց կազմել է այն կարծր ու դիմադրողունակ օրգանիզմը, որը հնարավոր չի եղել հաղթահարել երկար ժամանակ, և որն ըստ էության անգամ թավշյա հեղափոխությունից հետո ունի հաղթահարվելու կարիք, ինչն էլ հանգուցալուծելու է սկսված գործընթացը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am