Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կարելի է գնահատել ինչպես ասես, սակայն հարկ է համակերպվել, որ Հայաստանի քաղաքական դաշտում նորից նման ֆիգուր է հայտնվել: Հնարավոր է, այն ավելորդ դեմոնացված է, բայց իրականում ոչ միայն քաղաքական պոտենցիալ ունի, այլ նաեւ մեծ ֆինանսական ռեսուրսներ: Իսկ առանց ռեսուրսների քաղաքական ուժը չի կարող իշխանության գալ ու երկար պահել այն:
Ի՞նչ դեր կխաղան Քոչարյանի փողերը Հայաստանի քաղաքական պայքարում, որը խոստանում է կոշտ եւ առեւտրով հարուստ լինել: Որովհետեւ եթե փող կա, միշտ կգտնվեն նրանք, ովքեր կցանկանան ստանալ այն: Այս կապակցությամբ դավադրապաշտական կասկածներ են առաջանում, որ ինչ-որ մեկը դիտավորյալ Քոչարյանին դուրս է բերել «որջից», որ նրա փողերը «կոնին» դնի: Այդ ժամանակ էլ կարելի է սկսել առեւտուրը:
Հայտնի չէ Քոչարյանը կվերադառնար քաղաքականություն, եթե նրան մեղադրանք չառաջադրեին ու չձերբակալեին: Ակնհայտ է, սակայն, որ ձերբակալությունը, իսկ մինչ այդ ատելության ակտիվ գեներացումը, Քոչարյանի դեմոնացումը, որը գալիս էր հայտնի կենտրոնից, ամենեւին էլ մարտի 1-ի բացահայտմանը չէին ուղղված: Չի բացառվում, որ այս, ինչպես նաեւ սովորական քաղաքացիների համար բազմաթիվ այլ սակրալ գործեր քաղաքական մանիպուլյացիայի համար են օգտագործվել: Այս մասին կարելի է դատել նրանից, որ մարտի 1-ի օրակարգի արագ առաջմղման, Քոչարյանի ձերբակալության արդյունքը եղավ այն, որ Քոչարյանը քաղաքական ասպարեզ վերադարձավ:
Դժվար է ասել, թե ինչ փողեր են դրվելու խաղասեղանին եւ որքան մեծ են լինելու խաղադրույքները: Սակայն Քոչարյանի մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամությունը, անգամ բանտից, վկայում է, որ խոսքը մեծ փողերի մասին է: Այդ փողերը բաժանվելու են նախընտրական ձայներ գնելու կամ էլ նախընտրական փիարի վրա: Խոսքը Քոչարյանի «ընկերների» իրական ներդրումների մասին է, ովքեր շատ են նույն Ռուսաստանում: Դա կարող է լինել կապիտալի ներգրավումը, ինչպես 2000-ականների սկզբին, երբ Հայաստանը լցվել էր մաքուր, թե սպեկուլյատիվ կապիտալով, կարեւոր չէ:
Ի՞նչ է կառավարությունը հակադրելու մեծ կապիտալին: Կառավարությունը, ցավոք, փող չունի, չնայած կա հսկայական հանրային աջակցությունը: Կառավարության համար դժվար է փող գտնելը. այն պաշտոնապես հրաժարվել է օլիգարխների «ճամպրուկներից», արտաքին ներդրողները չեն շտապում, Քոչարյանի միլիարդները դժվար է գտնել, իսկ այլ աղբյուրներ չկան:
Այս «ֆինանսական հավասարակշռությունը» կարող է չար կատակ խաղալ ապագա խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ ընտրազանգվածի մի մեծ հատվածը կարող է քվեարկել այն ուժի օգտին, որն իրական փողեր կբերի: Հայտնի չէ, թե Քոչարյանն ինչ ձեւաչափով կմասնակցի ընտրություններին, բայց չի բացառվում կուսակցության ստեղծումը, որը, օրինակ, կհայտարարի Հայաստան միլիարդավոր դոլարներ բերելու մասին:
Այս առումով հարց է ծագում, արդյոք Քոչարյանի ձերբակալությունն ու նրա վերադարձն ակտիվ քաղաքականություն ներկայիս կառավարության օրակարգն էր: Թե՞ դա ուրիշի օրակարգի է, ով հույս ունի Քոչարյանի ու նրա փողերի հետ առեւտրի մեջ մտնել: Առավել եւս, որ առաջին անգամ չէ: Հայաստանում նախագահական եռանկյունու տարբեր կոնֆիգուրացիաներ արդեն եղել են՝ Քոչարյան-Սարգսյան՝ Տեր-Պետրոսյանի դեմ, Քոչարյան-Տեր-Պետրոսյան՝ Սարգսյանի դեմ, եւ վերջինը՝ Սարգսյան-Տեր-Պետրոսյան՝ Քոչարյանի դեմ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am