Ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը «քուչեքում ՀՀԿ հետ բանակցող» ասելով, երբ ելույթ էր ունենում Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը Իմ քայլը դաշինքի նախընտրական մեկնարկային հանրահավաքին: Նրա ելույթից հետո շատերն են տալիս այդ հարցը, եւ փորձում կռահել: Հիմնական «թեկնածուներ» դիտարկվում են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնք թավշյա հեղափոխություն են անցել գործնականում ՀՀԿ հետ պայմանավորվածությունների նախկին համակարգից, ամենավերջին պահին: Մյուս կողմից էլ, մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ ՀՀԿ-ականները ծրագրում են աշխատել Լույս դաշինքի թեկնածուի օգտին: Լույս դաշինքը կազմել են Հանրապետություն եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները, որոնք փողոցում գործնականում նույնպես վերջին պահին միացան հեղափոխությանը: Նրանց թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
Ընդ որում, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հաջորդել է առավոտյան մամուլում տեղեկությունը, որ ՀՀԿ-ն վերանայել է Արտակ Զեյնալյանի օգտին աշխատելու որոշումը, քանի որ կարծում է, որ Լույսը նաեւ իրենց ռեսուրսի օգնությամբ ստանալով ձայներ, քաղաքապետարանում կմիանա Իմ քայլը դաշինքին կամ այլ կերպ ասած ՔՊ-ին, եւ քաղաքապետ կընտրեն Մարությանին:
Հայկական մամուլում տեղեկությունները հայտնվում են իհարկե ամենատարբեր ձեւերով, ուղղակի երեւակայությունից, մինչեւ միտումնավոր հրապարակ նետվող տարբերակներ, որոնց դեպքում կա գուցե կոպիտ կամ անվայելուչ, բայց անփոխարինելի դիպուկ բառ՝ «մուտիլովկա»:
Լինում են տեղեկություններ, որոնք ակնհայտ կեղծ ու հնարովի են, սակայն ընդհանուր առմամբ բավական բարդ է ասել, թե որ դեպքում ինչի հետ գործ ունի հանրությունը: Այդ իմաստով, Լույսի առնչությամբ ՀՀԿ որոշման մասին տեղեկությունից հետո ուշագրավ է, թե ինչ հայտարարություն կամ դիրքորոշում կհնչի դաշինքից, արդյոք Լույսից որեւէ մեկը կհայտարարի, որ Երեւանի Ավագանում չեն պատրաստվում միանալ Իմ քայլը թիմին եւ լինելու են իրենց ստացածի շրջանակում, իրենց դիրքերում:
Չի բացառվում, որ հրապարակված տեղեկությամբ ՀՀԿ-ն փորձում է ստանալ Լույսի արձագանքը, կամ էլ «սադրում» է այդպիսի արձագանք:
Միեւնույն ժամանակ, շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանի ակնարկը առնչվում էր ավելի շատ Լույսին, քան ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Բանն այն է, որ այդ երկու ուժերը, չնայած ՀՀԿ հետ համատեղ անցյալի տարբեր թելերին, այդուհանդերձ ամեն մեկը յուրովի ունի իր խնդիրները: Օրինակ, ինչքան էլ ՀՅԴ-ն ստանա ՀՀԿ ռեսուրսային աջակցությունը, հազիվ թե դա օգնի ընդամենը անցողիկ շեմը հաղթահարելուց բացի լուծել որեւէ այլ խնդիր: Ըստ այդմ, հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դա խնդիր դիտարկեր իր համար:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Բարգավաճ Հայաստանը ստացել է ՀՀԿ-ից տասնամյա ռեւանշի պատմական շանս, եւ ՀՀԿ-ն էլ անշուշտ գիտե այդ մասին, զգացել է իր մաշկի վրա կառավարության ծրագիրը քննարկելիս, երբ ՀՀԿ փետուրները քամուն հիմնական տվողը ԲՀԿ-ն էր, ոչ թե ԵԼՔ դաշինքը: Այդ պարագայում ՀՀԿ-ն որեւէ դեպքում չի աջակցի ԲՀԿ-ին հաղթանակի հասնելու հարցում, լավ հասկանալով, որ ԲՀԿ հաղթանակի դեպքում ներկայացվելու է մի ամբողջ տասնամյակի «հաշիվ»:
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը կամ պարզապես նախընտրական մարտավարական հաշվարկից ելնելով հրապարակ է բերել միտք, որը իրականում ավելի շատ ուներ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի ուղղված զգուշացման, այլ հանրության մոտ որոշակի տրամադրվածության ձեւավորման, մյուս բոլոր ուժերի հանդեպ որոշակի կասկածի ձեւավորման նպատակ: Կամ էլ Փաշինյանն արձագանքում էր Լույս դաշինքի եւ ՀՀԿ վերաբերյալ մամուլի հրապարակումներին, գուցե ունենալով նաեւ այլ տեղեկություններ դրա կապակցությամբ:
Միեւնույն ժամանակ, դա կարող է լինել ավելի հեռանկարային գործընթացի եւ ուրվագծերի սկիզբ, որովհետեւ ի վերջո Նիկոլ Փաշինյանի առաջ կա նաեւ քաղաքական ավելի երկարաժամկետ նախագծման խնդիր, սկսած խորհրդարանում առնվազն 1/3-ի ընդդիմություն լինելու սահմանադրական պահանջից:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am