Հայ հեղափոխությունը լրջորեն մտահոգում է երկրում սոցիալական նպաստը կրճատող ռուս իշխանություններին
Պատկերվածը ռուսական Ազգային Գվարդիայի, որ կոչվում է նաեւ Ռոսգվարդիա, 350 հազարանոց զորաբանակի [1] հրամանատար Վիկտոր Զոլոտովի ելույթն է: Մոտ երեք շաբաթ առաջ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մեղադրել էր նրան զինվորների համար սննդամթերքի գնումների շուրջ խոշոր ֆինանսական չարաշահումների եւ բազմամիլիոնանոց անշարժ գույքի կուտակման համար:
Ի պատասխան, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, բարձրաստիճան ուժայինը արտաիրավական հաշվեհարդար է խոստանում ընդդիմության առաջնորդին: Գործադիր իշխանության մաս կազմող հատուկ ծառայության պետը հրապարակել է այս պահին կալանքի տակ գտնվող Նավալնուն ուղղված մարտահրավերի, այլ կերպ ասած դուելի առաջարկ: Մերժելու դեպքում, Ռուսաստանի թիվ մեկ ժանդարմը սպառնում է ամոթալի վիճակի ենթարկել Նավալնուն եւ ցուցադրել այդ, իր բնութագրմամբ, «թամաշան» ողջ զինվորականությանը:
Վիկտոր Զոլոտովի աննախադեպ հայտարարությունը Youtube-ում մեկնաբանների հակասական գնահատականների տեղիք է տվել: Ենթադրությունների տիրույթը մեծ է. առաջին դեմքի ուղիղ հրահանգը կատարելուց՝ մինչեւ առաջին դեմքի հանդեպ անվստահություն դրսեւորում: Չվերլուծելով տեղական մամուլի այս գնահատականները, ընդգծենք, որ դրանց լայն սպեկտրը արդեն իսկ վկայում է ռուսաստանյան իրադրության շոշափելի անկայունության մասին:
Ռուսաստանում այժմ իրականացվում է սոցիալական պաշտպանության համակարգի փոփոխություն, որով 5 տարով ավելացվում է թոշակի անցնելու տարիքը: Երկրում կտրուկ աճում է վառելիքի գինը: Արագանում է սննդամթերքի գնաճը: Սոցիալական անբարենպաստ ֆոնին զինվորների թերսնման հաշվին հարստանալու մեղադրանքները հատկապես ծանր կարող են հնչել: Այդուհանդերձ, կոռուպցիոն բացահայտումների հանդեպ իշխանության նման սուր արձագանք անցյալում չի գրանցվաել: Ավելին, փորձագետների շրջանում կարծիք էր արմատավորվել, թե կոռուպցիայի թեման հանրությանը ձանձրացրել է եւ այլեւս չի սպառնում ռեժիմին: Եւ հանկարծ…
Նախքան աննախադեպ սրման պատճառի ուրվագծումը, որն անմիջապես կապված է հայաստանյան անցուդարձին, անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հետեւյալի վրա: Հայաստանում տարածված է մի կարծիք, թե Մոսկվան ազդում եւ նույնիսկ որոշում է երեւանյան դեպքերի ընթացքը, իսկ հակառակ ազդեցությունը գործնականում անհնար է: Բացառվում է նաեւ երկու հասարակությունների՝ միեւնույն գործոններին ենթարկվելու հնարավորությունը: Այս պատկերացումը հենվում է երկու երկրների ակներեւ քանակական տարբերության վրա: «Տարբեր քաշային կատեգորիաների» վերաբերյալ պարզունակ դատողությունները չեն նպաստում Հայաստանի եւ հայության իրական կարողությունը գնահատելու փորձերին:
Նկատենք նաեւ, որ բուն ռուսական վերլուծական միտքը եւս հակված չէ հայկական ինքնուրույն գործոնի հրապարակային քննարկմանը՝ ավելի վաղ պատահած մի քանի բացառությամբ [2, տե՛ս 2:30:00 սկսյալ], [3, տե՛ս 1:33:30 սկսյալ]: Այս երեւույթի ակունքները ընկած են հոգեբանական բարդույթների հարթության մեջ եւ արժանի են առանձին քննարկման: Նշենք միայն, որ պարանոյալ հավաքական բարդույթը հանգեցնում է Երեւանում որեւէ չարտոնված գործողության ետեւում հակառուսական աստառի որոնումներին:
Իրականում, պատմական ընդհանրության շնորհիվ, Հայաստանի զարգացումները ռուսաստանյանի կողքին հիմնականում ենթակա են նմանատիպ գործոնների ազդեցությանը, անշուշտ տարբեր ընթացքով: Դա նշանակում է, որ դրանք անփոխարինելի կանխագուշակ արժեք են ներկայացնում ռուս վերլուծաբանների համար եւ 2018 մայիսից ի վեր ենթարկվում են մանրազնին ուսումնասիրության: Բացի այդ, դրանք ունակ են անմիջական, իսկ որոշ դեպքերում վճռորոշ ազդեցություն գործել հսկայածավալ հարեւանի զարգացման վրա: Պատկերավոր ասած՝ Նավալնին մինչեւ Փաշինյան եւ Փաշինյանից հետո տարբեր Նավալնի է: Հայ վերլուծաբանության կարկամությունը եւ ռուսականի՝ տաբուները հաղթահարելու առումով, Զոլոտովի ելույթը գերազանց ծառայություն է մատուցել:
Բանն այն է, որ Նավալնու հակակոռուպցիոն հետաքննության դեմ ուղղված ելույթի մեջ գեներալը անդրադարձել է Ազգային Գվարդիաի զինվորների համար գնվող սննդամթերքի թվաքանակներին, դրանց որակական առանձնահատկություններին եւ շուկայական գնագոյացմանը: Մասնավորապես, մարտական գեներալը քննության է ենթարկել հյութերի համեմատական օգտակարության եւ գների տարբերության հարցերը, ինչը անկեղծ զարմանք է առաջացրել ռուս հասարակության նույնիսկ իշխանամետ շրջանակներում: Նշանավոր «Մանվելի պահածոների» պայթյունը Ռուսաստանում կանխելու նախահարձակ փորձը մատնվել է ձախողման, հանգեցնելով սպասվածին հակառակ արդյունքի:
Զոլոտովի դիմումը ինտերնետ խողովակով իրականացնելով, մոսկովյան վերնախավը նկատի ուներ Հայ հեղափոխության կորիզը կազմած 15-25 տարիքային շերտը: Առցանց արձագանքը, սակայն, հեգնանքի աննկարագրելի փառատոնի է վերածվել: «Ուսադրավոր քեռու» կիսաքրեական-կիսագրական գռեհկաբանությունը թարգմանվել է մաքուր քրեականի ու ոսկեղենիկ պոեզիայի՝ տրոհվել բազմաթիվ meme-երի եւ արժանացել ոչնչացնող ծաղրուծանակի: Զինվորական երիտասարդությունը, որ կազմում է Ռոսգվարդիայի գրոհային բռունցքը, հազիվ թե հրապուրված լինի իրենց բերանից կտրած սննդամթերքի մասին տեղեկություններով, առավելեւս՝ հնարավոր թալանի ինքնագործ փաստաբանությամբ:
Զոլոտովի անսովոր վարքը ակներեւ է դարձնում Հայ հեղափոխության՝ իբրեւ «գունավորների» մեջ վատթարագույնի հանդեպ մոսկովյան երկյուղը: Հետզհետե երեւակվում են վարչապետ Փաշինյանի հանդեպ դրսեւորած մոտեցման հիմնական պատճառները: Նախ եւ առաջ նրա հեղափոխությունը արտոնված չէր եւ, վերը բերված պատճառներով, դիտվում է իբրեւ Կովկասում եւ Միջին Արեւելքում ռուսական շահերին վտանգ սպառնացող: Այնուհետեւ, այն հաստատում է ռուսական իրականության մեջ սերնդափոխության հետ կապված վտանգների փորձագիտական ամենահոռի կանխատեսումները եւ, բացի այդ, պարունակում է օրինակելի նախադեպ ներքին ինչ-ինչ անառողջ կամ պարզապես այլախոհ ուժերի համար: Եւ վերջապես, «թավշյա, խաղաղ, ոչ բռնին» երանգավորված է հստակ էթնիկ, այն է՝ հայկական գույներով, ինչը արթնացնում է 1920 թ. Սեվրի սպառնալից պայմանագրի եւ ավելի մոտ շրջանի՝ 1988-ի սովետակործան հեղափոխության հուշեր:
Ինչպես կարող ենք համոզվել, ռուսական վերնախավի ստվար մի հատվածի համար 2018 թ. Հայ հեղափոխությունը ներկայացնում է բացարձակ անհարմարություն եւ գլխացավանք: Այդուհանդերձ, այն հարցին, թէ մտադի՞ր է արդյոք Կրեմլը գործուն քայլեր ձեռնարկել հեղափոխական ընթացքը ետ շրջելու ուղղությամբ, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Անորոշության հիմնական պատճառն այն է, որ Մոսկվայում չեն կարող չգիտակցել, որ «հների» վերադարձը հնարավոր է միայն բարձր՝ առնվազն Նախիջեւանի վերահայացման գնով, իսկ իբրեւ դրա այլընտրանք, ծավալուն սաբոտաժը, կամ Արցախում ներհայկական սեպարատիզմի խաղարկումը կարող է այնաստիճան ապակայունացնել դրությունը Կովկասում, որ չեչենական երկու պատերազմները Սիրիան էլ գումարած զվարճալի զբոսանք կթվան:
Միջնաժամկետ տիրույթում հայ հասարակությունն ու պետությունը ստիպված են լինելու հաշտվել հյուսիսից եկող առավելապես ամպամած ու քամոտ եղանակի հետ եւ որեւէ քայլ ձեռնարկելիս հնարավորինս ճշգրիտ կանխատեսել իր անցյալի մշուշում խարխափող «պատրոնի» էքստրավագանտ շրջադարձերը: Միշտ չէ, որ մեզ հրամցվելու են գեներալի ուղղամտությամբ դրոշմած հուշագրեր:
[1] Золотов: численность личного состава Росгвардии увеличилась вдвое по сравнению с ВВ МВД
https://tass.ru/politika/4267835
[2] Вечер с Владимиром Соловьевым. Россия 1 ТВ.
http://russia.tv/video/show/brand_id/21385/episode_id/1771708/video_id/1863086/
[3] Место встречи. НТВ.
Նյութի աղբյուրը՝ Lragir.am