Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը: Այս մասին Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որեւէ բիզնես եւ աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետեւյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ եւ հարստացնել:


Մեր ուղերձը բոլորին հետեւյալն է. հարստացեք եւ հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաեւ «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարեւոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության եւ հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատեւող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաեւ սփյուռքի հետ: «Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետեւյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենեւին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որեւէ մեկը, ամենակարեւորն այն է, որ այսօր այլեւս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր եւ ով` ոչ: Սա ամենակարեւոր փոփոխությունն է, որը որեւէ պարագայում չի փոփոխվի»: