«Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի մտադրության վկայություն դիտարկելով այն, որ Բաքուն հրաժարվում է խոսել Արցախի իշխանության եւ հասարակության հետ:
Եթե Բաքուն հրաժարվում է խոսել Արցախի հետ, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանին պետք է տարածքը, ոչ թե այնտեղ ապրող ժողովուրդը, հետեւաբար Արցախն Ադրբեջանի կազմում նշանակում է այնտեղ ապրող հայերի ցեղասպանություն, հայտարարել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը փաստացի ուղիղ եւ սարսափելի պատասխանատվության տակ է դնում աշխարհին, արձանագրելով, որ որեւէ տարբերակով Արցախի ենթակայությունն Ադրբեջանին դիտարկելը նշանակում է դիտարկել ցեղասպանության ռիսկ: Ըստ այդմ, Հայաստանի վարչապետը ՄԱԿ ամբիոնից Արցախի խնդրի համար սահմանում է համամարդկային մի նշաձող, որից ցածր իջնելը գործնականում աղերս է ստանում հանցանքի հետ:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այդ պատասխանատվությունը սահմանում է մինչ այդ խոսելով աշխարհի առաջ Հայաստանի պատասխանատվության մասին եւ մատնացույց անելով, որ Հայաստանը լիարժեք մասնակցում է համաշխարհային անվտանգության եւ խաղաղության ապահովման գործընթացներին աշխարհի տարբեր անկյուններում, թեժ գոտիներում: Ըստ այդմ, աշխարհի առաջ իր պատասխանատվությունն իրացնող, ինչպես նաեւ ներքին նոր իրավիճակում եւ նոր իրականության պայմաններում այդ պատասխանատվությունն ամբողջ ծավալով վերահաստատող Հայաստանը, որը ներկայանում է նոր դեմքով, ունի աշխարհից, միջազգային հանրությունից իր ազգային ու պետական խնդիրների հանդեպ համարժեք եւ լիարժեք պատասխանատվություն ակնկալելու եւ սահմանելու իրավունք:
Գործնականում, Հայաստանն այդ առումով նախկին իշխանության շրջանում էլ ունեցել է փոխադարձ հաղորդակցության պատրաստակամություն եւ առնվազն հռետորաբանության առումով եղել այդ դիրքերում: Մյուս կողմից, սակայն, այդ հռետորաբանությունը չի ունեցել քաղաքական կշիռ, քանի որ գործնականում այն չի ուղեկցվել ամբողջական, համալիր քաղաքականությամբ, որը ներառում է ներսն ու դուրսը: Հայաստանի նախկին դիրքորոշումը դիտարկվել է դրսի հաշվին ներսում սեփական, խմբային, ոչ թե պետական հարցեր լուծելու միջոց: Ըստ այդմ, դրսում այդ դիրքորոշումը ընկալվել է այնքան, որքան արտաքին կենտրոնների համար է պետք եղել իրենց խնդիրները լուծելու համար:
Նոր իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո հղում է ազդակներ, որ մտադիր չէ արտաքին հարցերը ծառայեցնել իր ներքին անձնական կամ խմբային շահին ու ինքնապահպանությանը, որ արտաքին հարթությունը ներքին կորպորատիվ ֆինանսատնտեսական շահեր սպասարկելու միջոց չէ, այլ քաղաքական տարածություն, ուր ակնկալում է ընդլայնվել Հայաստանի նոր իշխանությունը եւ այդպիսով ձեւավորել իր քաղաքական սուբյեկտության արմատների եւ սաղարթի բավական բարդ համակարգ:
Ընդ որում, այդ իմաստով միանգամայն լոյալ են նաեւ միջազգային կենտրոններից ստացվող արձագանքները, անգամ այդ կենտրոնների միջեւ կոշտ իրարամերժության առկայության պայմաններում:
Այդպիսով, ներկայում ակնառու է Հայաստանի եւ աշխարաքաղաքական ուժային կենտրոնների միջեւ փոխադարձ պատասխանատվության ճշգրտման, վերանայման գործընթացը: Այդ տեսանկյունից հատկանշական է ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթը: Այդ ելույթը գործնականում Հայաստանի նոր իշխանության աշխարհքաղաքական տեսլականի եւ պատասխանատվության առաջին կոնցեպտուալ մատուցումն էր: Առավել հատկանշական է, որ դրանում նաեւ արծարծվում էր Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության, այսինքն թավշյա հեղափոխության արդյունքում ամբողջական իշխանափոխության եւ իշխանության ձեւավորման հարցը, որպես փոխադարձ պատասխանատվության փաթեթի առանցքային բաղադրիչ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am