Դա հեռացող դեսպանի հեռացող մեսիջ է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախօրեին ԱՄՆ դեսպան Միլզի հայտարարությանը: Դեսպան Միլզը, որ ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, հայտարարել էր, թե առանց տարածքների վերադարձի չի լինի Արցախի հակամարտության կարգավորում: Նա միաժամանակ ասել էր, որ հայ ժողովուրդը դեմ է դրան: Նա ասել էր, թե գալով Հայաստան զարմացել է այդ փաստից, քանի որ երկար տարիներ կարծել են հակառակը:

Դեսպան Միլզի հայտարարությունը հասկանալի վրդովմունք էր առաջացրել Հայաստանում, թեեւ իրականում դիտարկման էր արժանի հայտարարության բոլորովին այլ հատված եւ այլ ենթատեքստ: Դրան անդրադարձել եմ ԱՄՆ դեսպանի անակնկալ բացահայտումը հոդվածում:

Հայաստանում դեսպանի պարտականությունն ավարտող ամերիկացի դիվանագետը փաստացի արձանագրում է Արցախի խնդրում նոր իրավիճակը եւ այդ իրավիճակում Հայաստանի հասարակության դերակատարումը, բավական թափանցիկ տողատակով արձանագրելով, որ ներկայում աշխարհը, ուժային կենտրոնները գործ ունեն այլեւս ոչ թե կոռումպացված նախորդ համակարգի հետ, որը այդ կենտրոններին ինչ որ խոստումներ եւ հավաստիացումներ է տվել հայ ժողովրդի անունից՝ իրականում հետապնդելով լոկ սեփական իշխանական դիրքերի արտաքին լեգիտիմության նպատակ, այլ նոր Հայաստանի հետ, որտեղ հանրությունն է ձեւավորում իշխանությունը, հետեւաբար իշխանությունը ներկայացնում է հանրային կամքը:

Իսկ դա տարածվում է նաեւ Արցախի խնդրում: Իսկ Արցախի խնդրում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, կա հանրային մեկ կամք, հիմնված իրողությունների սթափ ու ռացիոնալ գնահատման վրա, որ հանձնելու պատրաստակամությունը բերում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Խաղաղություն կարողանում է նվաճել նա, ով չի հանձնում իր շահն ու անվտանգությունը: Եթե Հայաստանում կային այդ պարզ պատմա-քաղաքական բանաձեւը չպատկերացնողներ, ապա ապրիլի պատերազմից հետո դրանց թիվը հասավ պատմա-քաղաքական գրեթե նվազագույնի: Հայ ժողովուրդը չի ցանկանում հանձնել ոչ թե հանուն ազգային-ազատագրական ռոմանտիկայի, եւ ոչ թե հանուն ռազմատենչության, այլ պարզապես հանուն պետական անվտանգության ու ռեգիոնալ կայունության:

Գործնականում, ԱՄՆ դեսպանի խոսքը պետք է դիտարկել ներկայիս պատմական փոփոխությունների համատեքստում, եւ ամենեւին պատահական չէ, որ հենց այդ ժամանակ է հնչում այդօրինակ բաց ու անկեղծ հայտարարությունը, որքանով դա հնարավոր է գործող դիվանագետի շուրթերից:

Այդ տեսանկյունից նաեւ ուշագրավ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ դա հեռացող դեսպանի հեռացող մեսիջ է: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը համարժեք արձագանքելով դեսպանի հայտարարության տողատակին, արձանագրում է, որ հեռացող դեսպանն իրեն թույլ է տալիս որոշակի անկեղծություն եւ բացություն՝ ի տարբերություն պաշտոնավարումը սկսող դեսպանների, եւ Միլզը փաստացի «հեռացած», այսինքն սպառված ու ժամկետանց է բնորոշում տարածքների հանձնման միջոցով կարգավորման մոտեցումը, այդ մասին հնչեցնելով հայ ժողովրդի ձեւավորած նոր իրականությունում:

Այդ իրականության բանաձեւը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է մայիսի 9-ին Ստեփանակերտ այցի ընթացքում, թե հայտարարություններով՝ Արցախի բանակցային իրավունքի մասին, թե այցի ձեւաչափով ընդհանրապես, որը ընդգծում էր Արցախի սուբյեկտությունը: Հայաստանն ունի ներկայում այդ բանաձեւը լայն կոնցեպտի վերածելու անհրաժեշտություն, որը քայլ առ քայլ, տարեցտարի պետք է ներդրվի պետական քաղաքականության մեջ, փոխելով իրավիճակի տրամաբանությունը:

Հատկանշական է նաեւ այն, որ դեսպան Միլզը այդ «հեռացող մեսիջը» հնչեցնում է Հայաստանին կամ ռեգիոնին մոտեցող Ջոն Բոլթոնի այցին ընդառաջ, որն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդականն է, ամերիկյան իսթեբլիշմենտի հույժ կարեւոր պաշտոնյա: Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ռեգիոն է ժամանելու ամերիկյան շահն առաջ մղելու համար: Նրան ընդառաջ դեսպան Միլզը տալիս է նոր իրավիճակի բաց ու անկեղծ բնութագրումը: Բոլթոնը ժամանելու է Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Պարզ չէ նրա այցի կոնկրետ օրակարգը, բայց որ այն լինելու է կոնկրետ՝ անկասկած է, քանի որ Բոլթոնի կալիբրը միայն շատ կոնկրետ հարցերի համար կկտրի օվկիանոսը: Ռեգիոնալ առումով թերեւս կա Հայաստանի ստեղծած նոր իրավիճակը արձանագրելու անհրաժեշտություն, եւ այդ համատեքստում պատահական չէ նաեւ այցը Ռուսաստան, որպես Կովկասի անվտանգության միջազգայնորեն ընդունված պարեկ, որի միջազգային բացառիկ լեգիտիմ դերակատարություններից մեկը, եթե ներկայում ոչ միակը՝ Հայաստանի անվտանգության միջոցով Կովկասի անվտանգության ապահովումն է:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am