Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ձախողեց հերթական ընտրական փուլը: ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգան դարձյալ արթնացրել էր Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարի եզրափակիչ փուլում տեսնելու հավատը, սակայն հայ երկրպագուներին սպասում էր հիասթափության հերթական ալիքը: Ազգերի լիգայից ավելի թույլ մրցաշար հավաքականների մակարդակով հնարել, երեւի, հնարավոր չէ, բայց նույնիսկ այս պայմաններում Հայաստանի հավաքականի խաղը ցույց տվեց, որ մենք դեռ շատ հեռու ենք լուրջ ամբիցիաներով թիմ լինելուց:
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը մրցեց եվրոպական ֆուտբոլի թզուկների՝ Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) հավաքականների հետ, որոնք 2-ական գոլ խփեցին հայկական թիմին: Դա, իհարկե, խոսում է թույլ պաշտպանության մասին, որը զգալ էր տվել այս մրցաշարի հենց մեկնարկից:
Այս ընտրական փուլում թվում էր, թե առաջնային խնդիրը հարձակման գիծն է ու չիրացված գոլային պահերը, որոնց պատճառով Հայաստանի հավաքականը Երեւանում խայտառակ պարտություն կրեց Ջիբրալթարի հավաքականից եւ այդ խաղով, մեծ հաշվով, վերջ դրեց հաջորդ փուլ դուրս գալու հույսերին: Բոլորը բողոքում էին չիրացված գոլային պահերից, սակայն Հայաստանի հավաքականի ամենամեծ խնդիրը, իրականում, գալիս էր պաշտպանությունից: Ազգերի լիգայի այս մրցաշարում չեղավ մի խաղ, որում հայկական թիմը գոլ բաց չթողներ պաշտպանական կոպիտ սխալի հետեւանքով:
Երբ ասուլիսներից մեկում Արմեն Գյուլբուդաղյանցին հարցրեցին, թե ինչ լուծում է նա տեսնում գոլային պահերը չիրացնելու հարցում, մարզիչը պատասխանեց, որ 4 տարվա ընդմիջումից հետո հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ կհավաքի եւ գոլերը կգան: Յուրա Մովսիսյանի հետ, իհարկե, գոլերը եկան, սակայն պաշտպանությունում ու մյուս խաղային օղակներում խնդիրները շարունակում էին զգալ տալ, որ այսպես հեռու գնալ հնարավոր չէ:
Այն, որ Հայաստանի հավաքականում սերնդափոխությունն ավելի քան անհրաժեշտ է, երեւի, կհամաձայնեն բոլորը: Սակայն ինչպե՞ս ապահովել այդ սերնդափոխությունը, եթե չունես ռեսուրսներ: Նայելով Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներին, պարզ է դառնում, որ մոտ ապագայում Հայաստանի հավաքականը չի ունենալու հզոր ռեզերվ: ՀՖՖ նոր ղեկավարությունը լուրջ աշխատանք է տանում մանկապատանեկան ֆուտբոլի առաջընթացի ու մարզերում ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, սակայն դրա պտուղները մենք, լավագույն դեպքում, կտեսնենք 6-8 տարի հետո:
Իհարկե, այդ ամենը շատ կարեւոր է ու անհրաժեշտ, բայց այժմ բոլորի մտահոգությունը կապված է ազգային հավաքականի հետ: Պետք չէ մոռանալ, որ ֆեդերացիայի աշխատանքն առաջին հերթին գնահատվելու է հենց ազգային հավաքականի մրցելույթներով:
Դժվար է չհամաձայնել ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի այն ասածի հետ, որ 20 տարվա փչացրածը հնարավոր չէ 20 օրում շտկել: Բայց պետք չէ նաեւ մոռանալ, որ բազմաթիվ երկրպագուներ այսօր պարզապես ապրում են Հայաստանի հավաքականով, իսկ մենք նրանցից պահանջում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը սպասելուն:
Այս պայմաններում Հայաստանի հավաքականին թարմություն կարող են բերել միայն արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները, իսկ վերջին տարիներին այդ ուղղությամբ տարվում է շատ թույլ աշխատանք: Հավաքական չեն գալիս այն խաղացողները, որոնք իրապես կարող են ուժեղացնել թիմը: Այստեղ եւս անհրաժեշտ են լուրջ աշխատանքներ ու մասնագետներ:
Օրինակ՝ բարդ է Հայաստանի հավաքական բերել Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողի, որն ունի լեգեոնական դառնալու խնդիր: Սակայն, մյուս կողմից, բարդ է հայրենասիրություն պահանջել մի ֆուտբոլիստից, որը երբեք չի ապրել Հայաստանում եւ շատ բան չգիտի իր հայրենիքի մասին: Այդպիսի խաղացողներին շահագրգռելու համար անհրաժեշտ են լուրջ աշխատանքներ՝ սկսած լրացուցիչ պարգեւավճարներից մինչեւ ակումբային կարիերայում աջակցելու ջանքեր: Երեւի, այս պահին դա ոչ պակաս կարեւոր է, քան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին մտածելը:
Այսօր Ազգերի լիգայից օգտվում են Վրաստանի, Բելառուսի ու Մակեդոնիայի պես հավաքականներ, որոնք հաղթեցին իրենց խմբերում եւ կշարունակեն պայքարը Եվրոպայի առաջնության ուղեգրի համար: Հավաքականներ, որոնք տարիներ առաջ խաղամակարդակով հեռու էին մեզանից, իսկ այսօր մենք ենք հեռու նրանց հաջողություններից:
Առաջադիմում են բոլոր՝ Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Ֆարերյան կղզիները եւ այլ հավաքականներ, որոնց տարիներ առաջ լուրջ չէին ընդունում ֆուտբոլային աշխարհում, իսկ մենք այսօր դարձել ենք մի թիմ, որը խիստ կախվածություն ունի 34-ամյա ֆուտբոլիստից:
Շատերը կհամաձայնեն, որ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վերջին տարիներին դարձել էր Հայաստանի հավաքականի առաջատարը: Վերջերս Մարկոսը ստացավ ծնկի ծանր վնասվածք եւ տեւական ժամանակով չի օգնի Հայաստանի հավաքականին, իսկ նրա տեղը վերջին խաղերում շատ էր զգացվում խաղադաշտում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումն ինչ-որ տեղ սպասելի էր (թեեւ Հայաստանում կա մեկ այլ մասնագետ, որն իր մարզչական հաջողություններով պակաս արժանի չէր գլխավորել ազգային թիմը), սակայն շատերը սպասում էին արտասահմանցի մասնագետի:
ՀՖՖ-ն Գյուլբուդաղյանցի նշանակումն արդարացնում է նրանով, որ մարզիչը վաղուց է ճանաչում հավաքականի ֆուտբոլիստներից շատերին եւ կարող է ճիշտ աշխատել նրանց հետ: Սա այն դեպքն է, երբ մարզիչի՝ ֆուտբոլիստներին լավ ճանաչելը կարող է ոչ թե օգտակար լինել, այլ՝ հակառակը:
Պատճառն այն է, որ մարզիչը վստահում է հավաքականում երկար տարիներ հրաշալի ֆուտբոլ ցուցադրած խաղացողների, որոնք այսօր շատ հեռու են իրենց լավագույն տարիներից: Նրանց անունները դաշտում են, իսկ որակները՝ ոչ: Իսկ նոր մարզիչը, որը չի ճանաչում հավաքականի խաղացողներին, մեկնարկային կազմն ընտրելիս հաշվի չի առնի նրանց անցած ուղին, այլ կգնահատի այսօրվա մարզավիճակը:
Ժամանակն է վերջ դնել այնպիսի հավաքական լինելուց, որում ֆուտբոլիստներից շատերը մարզավիճակ են հավաքում ազգային թիմի խաղերի ժամանակ: Բոլոր խաղացողների համար պետք է հստակ լինի, որ հավաքականում տեղ ունենալու համար ամեն ինչ պետք է անել ու գլխից վեր ցատկել ակումբում խաղային պրակտիկա ունենալու հարցում:
Ինչպես ասում են՝ պարտությունները մեզ դարձնում են ավելի ուժեղ: Այդ փորձը մենք զգացինք Ջիբրալթարից կրած երեւանյան պարտությունից հետո մակեդոնացիներին հաղթելով, սակայն այս վերջին 2 խաղերը դարձյալ ցույց տվեցին, որ խնդիրները մնում են անլուծելի:
Հայաստանի հավաքականը դարձյալ հայտնվեց կոտրած տաշտակի առջեւ, իսկ հայ երկրպագուներին մնում է միայն ճիշտ ու արդյունավետ աշխատանքի սպասելը, ինչը վերջին տարիներին դարձել է նրանց գլխավոր առաքելությունը:
Նյութի աղբյուրը՝ News.am