Մի քանի ժամից կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական ամենամյա հեռուստամարաթոնը: Ավելորդ է թերևս ասել, որ այս մարաթոնը լինելու է առանձնահատուկ, իհարկե նրանով, որ առաջինն է թավշյա հեղափոխությունից հետո, և, ըստ էության, կա սպասում, թե ինչպես է թավշյա հեղափոխությունն ու նոր Հայաստանի իրողությունն ազդելու Հիմնադրամի հանդեպ հայության վերաբերմունքի վրա: Գաղտնիք չէ, որ թեև, այսպես ասած, ապաիշխանական և ապակառավարական, վերկառավարական, համազգային այս կառույցը, ըստ էության, բազմաթիվ ոչ ֆորմալ և ֆորմալ պատճառներով ասոցացվել է օրվա իշխանության հետ: Եվ օրվա իշխանության լեգիտիմության բացակայությունն ու այդ համակարգի հանդեպ անվստահությունը բերել են որոշակի վերաբերմունքի նաև Հիմնադրամի հանդեպ:
Տարեցտարի այդ վերաբերմունքը իր ոչ այնքան ոգևորող դրսևորումներով դարձել է ավելի ու ավելի ակնառու: Եվ այս իմաստով, իհարկե, մեծ է հետաքրքրությունը, թե նոր իշխանության, նոր իրողությունների պայմաններում համայն հայությունն ինչպես է վերաբերելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ամենամյա հանգանակությանը: Այստեղ, իհարկե, հանգանակության արդյունքը դառնում է չափման հիմնական միավորը: Մյուս կողմից հարց է առաջանում՝ եթե արդյունքը չի տարբերվում էականորեն, արդյո՞ք դա ձախողում է կամ ցուցիչ, որ հայության համար փոփոխությունները այդ աստիճան համոզիչ չեն, որ լիներ համազգային վստահության վրա հիմնված հանգանակություն: Այն տեղի է ունենալու թե՛ Հայաստանի նոր իշխանության, թե՛ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ղեկավարության ուղեկցությամբ: Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի շուրջ հայտնի աղմկոտ պատմությունը՝ փողերը խաղադրույք կատարելու մասով, ըստ տարբեր գնահատականների՝ անվստահության խորացման պատճառ էր: Մյուս կողմից, այդ պատմությունը ընդամենը նախորդ իշխող համակարգի առաջացրած գլոբալ անվստահության մի դրվագ էր:
Ի վերջո, տեղի ունեցավ Հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխություն: Անշուշտ, իրավիճակը արդյունքից դատողությունների առումով ամենևին չպետք է բերի միարժեք հետևությունների: Վերջին հաշվով, «Հայաստան» հիմնադրամն էլ այն ուղղություններից մեկն է, ինչպես ներքին ոլորտները Հայաստանում, որտեղ գլոբալ փոփոխությունից հետո պետք է արդեն առանձին, առարկայական փոփոխություններին ուղղված հետևողական ու հանգամանալից աշխատանք: Վերջին հաշվով՝ մի բան է անվստահության հաղթահարումը, մեկ այլ բան՝ վստահության կառուցումը, այդ վստահության բովանդակային համալրումը: Սրանք լրջագույն խնդիրներ են ինչպես ներպետական կառավարման, Հայաստան-Սփյուռք հարաբերության, այդպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով, որը առավել ևս առանձնահատուկ կառույց է, այդ թվում՝ էթնոհոգեբանական լուրջ շերտավորումներով և բաղադրիչներով:
Այդ իմաստով, Հիմնադրամի ամենամյա այս առանձնահատուկ մարաթոնը թերևս պետք է ինքնին դառնա ցուցիչ՝ իր բովանդակությամբ և շեշտադրումներով, ոչ թե արդյունքով: Այսինքն՝ Հիմնադրամի հեռուստամարաթոնն ինքնին պետք է ցույց տա, թե Հայաստանում մեծ վերափոխումների շրջանակում, թավշյա հեղափոխությունից հետո փոփոխությունների ալիքում Հիմնադրամում կատարվող փոփոխություններն ինչ որակ, բովանդակություն, ինչ ծավալ են կազմում, ինչ աշխատանք է սկսվել և որ ուղղությամբ է գնում: Արդյունքը, խոշոր հաշվով, կլինի հետո:
Նյութի աղբյուրը՝ 1in.am


