Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակը ռուս-թուրքական հարաբերության թեմայով տեղի ունեցած դասախոսությանը անդրադարձել է նաեւ Արցախի հարցում երկու երկրների գործակցության փորձին: «Այս հարցում մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցություն էլ եղավ, սակայն կրկին այլ ուժեր միջամտեցին, ու գործընթացը տապալվեց», հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը:
Ի՞նչ «սերտ գործակցության» մասին է նա խոսում: Արդյոք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության: Համենայն դեպս, կարծես թե հենց այդ գործընթացն է եղել նկատելի, ու հետո նույնքան նկատելի էլ տապալվել:
Այդ գործընթացի շրջանակում էր, որ եղան աղմկոտ հայտարարություններ, օրինակ այն մասին, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը Երեւանում Գյուլին առաջարկել ներգրավվել արցախյան հարցի կարգավորմանը: Հետո Երեւանը երկար պարզաբանում էր, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ներգրավվել ոչ թե որպես միջնորդ, այլ ուղղակի օգտագործել ազդեցությունը:
Հայ-թուրքական ֆուտբոլային գործընթացի շրջանում էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Արցախի հարցում փոխզիջումների դեպքում հայ-թուրքական սահմանի բացման հարցը լուծված կլիներ:
Ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը սկսեց հենց Մոսկվայից, ուր նախագահ դառնալուց հետո հունիսին առաջին այցը կատարեց Սերժ Սարգսյանը եւ հայտարարեց, որ Գյուլին հրավիրում է Երեւան Հայաստան-Թուրքիա խաղը դիտելու: Գյուլը տեւական ժամանակ չէր պատասխանում, իսկ հրավերն ընդունելու որոշում կայացրեց վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո:
Իսկ դա խիստ հատկանշական հանգամանք է, որովհետեւ այդ հնգօրյա պատերազմը լիովին նոր իրավիճակ ուրվագծեց Կովկասում: Բանն այն է, որ այդ պատերազմը Վրաստանը վերջնականապես ու անդառնալի կտրեց Ռուսաստանից, անխուսափելիորեն դարձնելով եվրատլանտյան անվտանգության կորի կովկասյան հատված:
Հատկանշական է, որ հենց դրանից հետո Անկարան շտապեց ընդունել ֆուտբոլային դիվանագիտության ռուսական գաղափարը, որ Սերժ Սարգսյանի միջոցով առաջարկել էր Մոսկվան: Այստեղ իհարկե գաղափարն ուներ մի շարք մոտիվացիոն շերտեր: Դրանցում ամենեւին երկրորդական չէր այն, որ 2008-ին Պուտինին փոխարինեց Մեդվեդեւը: Իհարկե համընդհանուր գնահատմամբ դա ժամանակավոր փոխարինում էր, սակայն թատրոնի մասին կարող են խոսել թերեւս միայն միամիտները: Իսկ իշխանությունն ու խոշոր քաղաքականությունն ունի իր տրամաբանությունը եւ գուցե բոլորի համար էր դա ժամանակավոր, սակայն ոչ Մեդվեդեւի եւ ռուսական քաղաքականության մեջ գազպրոմյան իսթեբլիշմենտի:
Պուտինին ոչ թե ժամանակավորապես, այլ հիմնավորապես փոխարինելու համար մի կողմից դիտարկվում էր Արեւմուտքը՝ որպես գործընկեր, մյուս կողմից՝ Թուրքիան, որպես Ռուսաստանի շահերի տեսանկյունից կենսական ռեգիոնի՝ Կովկասի հարցերի գործընկեր:
Մեծ հաշվով, Կովկասում էր ձեւավորվելու Մեդվեդեւի կամ գազպրոմյան հաստատուն գերիշխանությունը Ռուսաստանում, որի «զոհասեղանին» դրված էր նաեւ Արցախի, կամ պարզապես հայկական հարցը: Այդ մասով գլխավոր խաղադրույքներից մեկը Սերժ Սարգսյանն էր եւ նրա հետմարտիմեկյան ծանր վիճակը:
Սարգսյանն այդ իմաստով որոշեց գնալ ոչ թե դիմադրության, այլ հակառակը՝ գործնականում ամեն ինչ հանձնելու ճանապարհով, անգամ գուցե ավելին, քան ակնկալվում էր կամ պետք էր: Սերժ Սարգսյանն անգամ Երեւան չվերադարձավ Պեկինի օլիմպիադայից, երբ Հայաստանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա փակվել էին Հայաստան եկող կենսական ենթակառուցվածքներն, ու վճռվում էր Վրաստանի եւ գուցե նաեւ Կովկասի ճակատագիրը:
Պետք եղածից ավելի շատ եւ ավելի արագ հանձնելու իր պատրաստակամությամբ Սերժ Սարգսյանը բացահայտեց ու գործնականում իր «բաժնեմասով» ճգնաժամ առաջացրեց այն ծրագրում, որի միջոցով Մեդվեդեւը պետք է ժամանակավոր փոխանորդից դառնար հիմնական նախագահ, իսկ դրա համար էլ հայկական հարցում գին վճարեր հիմնական աջակից Թուրքիային, գործնականում փոխանակելով Հայաստանը Վրաստանի հետ:
Արեւմուտքը դա թույլ չտվեց, կանգնեցնելով Ռուսաստանին Վրաստանում եւ արգելակելով ստատուս-քվոյի փոփոխության պլանը Արցախի ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակը խոստովանում է թերեւս հենց այդ միջամտությունը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am