«Գելլափ» սոցիոլոգիական ասոցիացիայի հայաստանյան անդամ Էմ Փի Ջի ընկերությունը նախօրեին ներկայացրել է խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ սոցհարցման տվյալ, ըստ որի՝ «Իմ քայլը» դաշինքը հավաքում է 68 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,7, իսկ մնացյալ ուժերը 1,5-ից ոչ ավելի: Այդպիսով, «Իմ քայլը» դաշինքից հետո, ըստ հրապարակված հարցման, ԲՀԿ-ն է հինգ տոկոսի շեմը հաղթահարող միակ ուժը: Երրորդ ուժի հավակնորդն էլ ՀՀԿ-ն է, թեև այստեղ տարբերությունը չորրորդ տեղում գտնվող «Լուսավոր Հայաստանի» հանդեպ ընդամենը 3 տասնորդական է:
Հայաստանում սոցիոլոգիայի հանդեպ հանրային վստահությունը խիստ ցածր է, և դա նորություն չէ, ամենևին գաղտնիք չեն նաև պատճառները: Ըստ այդմ՝ բավական բարդ է ասել, թե ներկայացվող սոցպատկերը որքանով է իրապես արտացոլում հանրային տրամադրությունները: Մյուս կողմից՝ ընդհանուր համատեքստում պատկերը շատ մոտ է Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքին, բացառությամբ թերևս ՀՀԿ-ի, որն այն ժամանակ չկար, այժմ՝ կա: Մյուս կողմից՝ Հայաստանում ներքին իրավիճակի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը թերևս այն է, որ ենթակա է արագ փոփոխման:
Կա բաց և ազատ դաշտ, իհարկե՝ «Իմ քայլը» դաշինքի զբաղեցրած տարածությունից դուրս, որտեղ տեղ զբաղեցնելու համար քաղաքական ուժերը ունեն բացառիկ ազատ մրցակցության հնարավորություն, եթե ոչ իդեալական ազատության և հավասարության, ապա առնվազն շոշափելի աստիճանի պայմաններում, երբ գործնականում յուրաքանչյուր ուժի հնարավորություն ու ճակատագիր իր ձեռքում է:
Մյուս կողմից՝ մենք, իհարկե, ունենք մի իրավիճակ, որտեղ կա նաև «բնական» անհավասարության իրողությունը: Մասնավորապես՝ տեղեկատվա-քարոզչական դաշտում, օրինակ, անխոս առավելություն ունի նախկին համակարգը և այն ներկայացնող ուժերը: Ընդ որում՝ այստեղ այդ առավելությունը նրանք ունեն նույնիսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ, ռեսուրսային իմաստով: Պարզապես «Իմ քայլը» դաշինքը այդ առավելությունը նույնքան բնականորեն չեզոքացրել է հեղափոխական հաջողությամբ ու մթնոլորտով, և դրա վրա կառուցված ոգևորությունն ու հանրային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին տալիս են նախկին համակարգի տեղեկատվա-քարոզչական ռեսուրսային առավելությունը շատ հաջող կերպով չեզոքացնելու հնարավորություն:
Մինչդեռ, մյուս ուժերի համար դա խնդիր է, որովհետև տեղեկատվա-քարոզչական այդ ռեսուրսները կամ ավելի շուտ դրանց բաշխվածությունը գալիս են նախորդ համակարգից, և դա է նաև պատճառը, որ խոսում ենք «բնական» անհավասարության մասին, այսինքն՝ անցյալից եկող: Եվ այստեղ, իհարկե, մի իրավիճակ է, երբ հնարավոր չէ արհեստական միջամտությամբ համահարթեցնել, հավասարեցնել իրավիճակը: Այդ հանգամանքը, անշուշտ, բազմապատիկ ավելի ջանք է պահանջելու ուժերից, որոնք չունեն մի կողմից հեղափոխական առավելությունը, հեղափոխության առաջնորդողի և կրողի առավելությունը, մյուս կողմից՝ նախորդ համակարգից եկող տեղեկատվա-քարոզչական ռեսուրսային առավելությունը:
Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ այստեղ առաջնայինը որակն է, որովհետև, ի վերջո, տեղեկատվական ամբիոնի խնդիր 21-րդ տեղեկատվական դարում թերևս գոյություն չունի: Գոյություն ունի իսկապես որակյալ հաղորդագրությունների և հասարակության հետ կոմունիկացիայի խնդիր, և վճռորոշը, անշուշտ, լինելու է հենց դա:
Ընդ որում՝ այստեղ թերևս կա մի կարևոր հանգամանք. այդ հաղորդակցությունը որպես վերջնակետ կամ վերջակետ չպետք է դիտարկի դեկտեմբերի 9-ը: Սկզբունքորեն առանցքային է լինելու հենց այդ «անհավասարությունը», թե ո՞ր քաղաքական միավորը հանրության հետ հաղորդակցության առումով կսահմանի առավելագույն երկարաժամկետ «սեանս»: Դա գլխավոր մարտահրավերն է ընտրության բոլոր մասնակիցների համար՝ նոր քաղաքական իրողությունները հին տրամաբանությամբ չչափելու կարողությունը:
Նյութի աղբյուրը՝ 1in.am