Նոր իշխանության հանդեպ ընդդիմախոսության, ընդդիմության, քննադատության «դիսկուրսը» անցնող ամիսների ընթացքում պարբերաբար աշխուժացողներից էր, որը առաջնային դարձավ նախընտրական շրջանում: Մյուս կողմից պարզ է, որ այստեղ իրավիճակի հեղափոխական առանձնահատկությունը մշտապես առկա է պահում մի յուրօրինակ վիճակ, երբ մի կողմից անհրաժեշտ է ընդդիմության ձևավորումը՝ նոր իշխանությանը զուգահեռ, մյուս կողմից՝ հանրության գերակշռող մեծամասնությունը համաձայն չէ այդ «դիսկուրսում» ներգրավվելուն և այստեղ առանցքային դեր ունի Հանրապետական կուսակցությունը, նախկին իշխող համակարգի այլ սեգմենտները: Թվում է, որ նրանք նպաստում են «դիսկուրսին», հայտարարում, որ իրենք են ամենաիրական և միակ ընդդիմությունն ու իսկապես բոլորից ավելի կոշտ քննադատում են նոր իշխանությանը: Սակայն ինչքան էլ չհնչի տարօրինակ, այդ քննադատությունն ու այդ ընդդիմախոսությունն իրականում ոչ թե նպաստում է «ընդդիմության հարցի» քննարկումներին, այլ տորպեդահարում դրանք, արգելակում:
Բանն այն է, որ նոր իշխանության հասցեին ՀՀԿ կոշտ քննադատությունն արժանանում է հանրային միանգամայն բնական և օբյեկտիվ հակազդեցության: Հեղափոխությունը նախկին իշխանության «ռևանշից» պաշտպանելու մտայնությունը հանրությանը մղում է մնացյալ բոլոր քննարկումները թողնելու: Դա ինքնին մի բաղադրիչն է, որով Հանրապետականն իրականում ոչ թե նպաստում է երկրում ընդդիմության ձևավորմանը, այլ արգելակում դրա շուրջ հանրային զուսպ, հանդարտ քննարկումների առաջացմանը: Իրականում Նիկոլ Փաշինյանը չէ, որ սրում է անհանդուրժողություն և արմատական մթնոլորտ: Այն սրում է ՀՀԿ-ն՝ իր ագրեսիվությամբ: Սրան զուգահեռ կա մասնավոր մի հանգամանք այդ շրջանակում: Դա անհիմն ընդդիմախոսությունն է, երբ կա ոչ թե փաստարկված և առարկայական քննադատություն, այլ երևակայություն, հորինվածք, բամբասանք՝ Արցախը ծախելու, բանակը թուլացնելու, կոռուպցիայի դեմ ձևական պայքարելու և այլնի մասին: Ընդդիմադիր «դիսկուրսը», ընդդիմախոսությունը տանելով բամբասանքի, բանսարկության, մտացածին վտանգների շուրջ անփաստարկ ու անտրամաբանական մեղադրանքների ու շեփորումների դաշտ, Հանրապետականը միաժամանակ իջեցնում է նաև հանրային ընկալման նշաձողը, թույլ չտալով, որ ձևավորվի ավելի բարձրը, որտեղ ՀՀԿ-ն արդեն չի ունենա անելիք: Եվ այդ անհիմն, չփաստարկված ընդդիմախոսությունը էլ ավելի է զգայականացնում հանրության վերաբերմունքը նոր իշխանության քննադատության հանդեպ, ու քանի որ ՀՀԿ-ն այստեղ կարող է իրեն թույլ տալ խաղալ բաց, անկաշկանդ՝ կորցնելու բան, թերևս, չունենալով, ի տարբերություն մյուս ուժերի, մյուս ուժերի անգամ ամենափաստարկված ընդդիմախոսությունը, այլընտրանքային մոտեցումների մատուցումը, առաջարկությունները ինքնաբերաբար հայտնվում են այս լույսի ներքո՝ ՀՀԿ-ի վառած լույսի, լուսարձակի ներքո, քանի որ այն ավելի ուժգին է ՀՀԿ անկաշկանդ ագրեսիայի ճոխությունը թույլ տալու շնորհիվ:
Այստեղ, սակայն, խնդիրը միայն մյուսներին անմիջականորեն խանգարելը չէ: Դա ՀՀԿ համար նախընտրական մարտավարական խնդիրն է, իսկ ավելի երկարաժամկետ առումով թիրախում, անշուշտ, իշխանությունն է, սակայն, այսպես ասած՝ այլ համատեքստում: Բանն այն է, որ իշխանությունն ինքը՝ որպես երևույթ, որպես օրգանիզմ, ցանկացած դեպքում և ցանկացած երկրում, ունի որոշակի հատկանիշներ և օրինաչափություններ, որոնք պարունակում են քայքայիչ «մանրէներ»: Այդ «մանրէները» զսպված են մնում, երբ կա քաղաքական մրցակցություն, բովանդակություն, ընդդիմախոսություն, ընդդիմություն: Երբ այստեղ որակ չկա, իշխանության ներսում առկա վտանգավոր «մանրէածին» օջախները սկսում են ինքնաբերաբար աշխուժանալ: Նրանք զսպված են մնում միայն բովանդակային ընդդիմության առկայության պարագայում: Անբովանդակ ընդդիմադիր «դիսկուրս» թելադրելու ՀՀԿ-ի հաշվարկը նաև այն է, որ տևական ժամանակ այդպիսի հարաբերակցությունը և իրավիճակը քաղաքական դաշտում կարող է բերել իշխանություն երևույթի և օրգանիզմի մեջ անխուսափելի այդ սինդրոմների աշխուժացմանը, երբ Նիկոլ Փաշինյանին ժամանակի ընթացքում բավականին դժվար կլինի անընդհատ հետևել և ուշադրության կենտրոնում պահել այդ արատավոր և ռիսկային օջախները ու թույլ չտալ դրանց ծավալում:
Այլ կերպ ասած, այդպիսով ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության տակ պահել Փաշինյանին և ստիպել նրան անընդհատ անձնապես փորձել կառավարել իրավիճակը, թույլ չտալով անցնել ինստիտուցիոնալ կառավարման, քանի որ դրա համար պետք է, որպեսզի բովանդակային ընդդիմության առկայությամբ, այսպես ասած, ճնշված լինեն իշխանություն երևույթի արատավոր սեգմենտները և դրանց օջախները, այսպես ասած՝ իշխանություն երևույթի սերնդեսերունդ փոխանցված արատավոր «գենետիկան»: Այլ կերպ ասած, ՀՀԿ ռազմավարությունն այդ իմաստով Փաշինյանին հյուծելն է, ինչի համար առաջին հերթին պետք է արգելակել բովանդակային ընդդիմախոսության ձևավորման հեռանկարը: Ի վերջո, ակնառու է նաև, որ այս խնդիրը իր հրապարակային ելույթներում բավականին նրբորեն շոշափում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հանրությանը հորդորելով ընդառաջ գալ ներքևից:
Նյութի աղբյուրը՝ 1in.am