Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավո՞ր է պատկերացնել, որ ընդամենը մեկուկես տարի առաջ 769.590 ձայն «շահած» կուսակցությունը մեկուկես տարի հետո «կկորցնի» 710.000 ընտրող: ՀՀԿ-ն երեկ ստացավ 59.059 ձայն, և սա իրականում մեր երկիրը համակարգային կոռուպցիայի վերածած և դրան գործնականում մասնակցած մարդկանց մոտավոր թիվն է: Մասնակցության տարբեր ձևերով՝ օրենսդրական, իրավական, տնտեսական, վարչական: Այս 59.059 մարդկանց այն նվազագույն թիվն է, որ մեկուկես տարի առաջ ընտրություններին ՀՀԿ-ի համար «խփեց» ընտրողների 769.590 թիվը: Նկարեց, կաշառեց, խաբեց, համոզեց, ճնշեց, լցոնեց, խոստացավ... և «խփեց»:
Եվ այսօրվա ՀՀԿ-ն իրավացի է՝ իրենք քիչ չեն: Քիչ չեն որպես քանակ, որը պարարտ հնարավորությունների դեպքում կարող էր 13-ապատիկ թիվ խփել: Կարծում եմ երեկ ԱԺ անցած ԲՀԿ-ի փուչիկը, որն իր հերթին կորցրեց «իր ընտրողների» 325.000-ին, նույնպես պայթեց: Մեծ հաշվով կարելի է համարել, որ Հայաստանում Գագիկ Ծառուկյանին 103.824 մարդ երախտապարտ է, շնորհակալ է կամ ենթակա է: Ուշագրավ է, որ երկու-երեք տարի առաջ ՀՀԿ-ի «կլասիկ պատգամավորների» քաղաքական և մարդկային կոշտ ծաղրին ենթարկված Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն երեկ ՀՀԿ-ի համեմատ համարյա կրկնակի քվեներ ստացավ: Սակայն ոչ թե քվեարկության, այլ Սահմանադրական 30% նորմը պահելու համար ԱԺ-ում 31 պատգամավորական տեղեր կավելանան և ԲՀԿ-ն կունենա 25 մանդատ, «Լուսավոր Հայաստան»ը՝ 19 մանդատ:
Սրանց զգալի մասն, ըստ էության, ոչ թե այս երկու կուսակցությունների շահած քվեների ուժով է, այլ «Իմ քայլ»-ի շահած 70%-ի հետևանք, կարելի է ասել՝ «Իմ քայլ»-ի նվերն է: Անիմաստ է խոսել այն մասին, որ 2016թ. ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցած մարդկանց ընդհանուր թիվը լցոնումների, բացակայողների, կեղծ անձնագրերի, կրկնակի քվեարկությունների, նկարչության հաշվին «խփած» թիվ է: Ընտրողների երեկվա 48.63% մասնակցությունն այն օբյեկտիվ թիվն է, որը ներկայացնում է Հայաստանի փաստական բնակչության ընտրական ակտիվությունը, և սկզբունքորեն սա Հայաստանի փաստական բնակչության 65% ակտիվություն է: Բարձր ցուցանիշ է: Այստեղ լցոնումները, բացակայողները, կեղծ անձնագրերը, կրկնակի քվեարկությունները, նկարչությունը մասնակցություն չունեն:
Ես անկեղծորեն ցավում եմ ՀՅԴ-ի համար: Հասարակությունը պատրանքներ չուներ, որ ՀՅԴ-ն ընտրողների թիվը 50.000-ը չի անցնում: Կարծում եմ` ինքը՝ ՀՅԴ-ն, որոշ պատրանքներ ուներ, բայց երեկ դրանք վերջնականապես փարատվեցին: Թվում է՝ ՀՅԴ-ն դեռ ունակ է ինքնավերլուծություն անելու, պայմանով, որ Գերագույն մարմինը չնստի ինքն իրեն «ինքնավերլուծելու», այսինքն՝ արտաքին մեղավորներ փնտրելու: ՀՅԴ-ի բարոյական պարտությունը առնվազն վերջին երեք խորհրդարանական ընտրություններին էլ ի հայտ է եկել, այսօր միայն ձևակերպվեց: ՀՅԴ-ի խորհրդարանական պարտությունը ոչ միայն հղի է սփյուռքի մի նկատելի շերտի հետ կապերի նվազեցման սպառնալիքով, այլև հայ ժողովրդի անցյալի և ներկայիս Հայաստանի ճիշտ է՝ նվազ, բայց կարևոր դերակատարներից մեկի կորստով: Բայց սփյուռքը բազմաշերտ է, և հմուտ աշխատելու դեպքում Հայաստան-սփյուռք կապերում ՀՅԴ-ի միջնորդական դերի վերացումը կարող է ձևի ու բովանդակության իմաստով նոր և արդյունավետ հարթակներ առաջացնել:
Բոլոր դեպքերում իմ կարծիքով շատ ավելի լավ կլիներ, եթե ՀՅԴ-ն ուժ գտներ վերանայելու եւ առնվազն հստակեցնելու իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Պարզապես իշխանության մաս լինելը և «հարկադրված կոնսենսուսներո» արդարանալը վատ առաքելություն է: Ի վերջո այդ «հարկադրված կոնսենսուսները» չէին լինի, եթե ՀՅԴ-ն առաջնորդվեր ոչ թե ՀՀԿ-ի, այլ սեփական կուսակցական գաղափարախոսությամբ: Երկիշխանությունը վերջացավ: Այսօրվանից սկսվում է «Իմ քայլ»-ի, ըստ էության ՔՊ-ի գործնական, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի հետ միասին՝ օրենսդրական իշխանության շրջանը: Հիմա արդեն ՔՊ-ի վրա է երկրում տեղի ունենալիք գործընթացների ողջ պատասխանատվությունը: Շատ լավ կլինի, եթե ՔՊ-ն գործնական համագործակցություն սկսի քաղաքացիական սեկտորի հետ: Եթե ՔՊ-ն, հետևելով ՀՀԿ-ին, ստեղծի իր գրպանային ՀԿ-ներին, շատ արագ կկորցնի կապը քաղաքացիական ակտիվության հետ: Թվում է՝ լավ կլինի, որ ՔՊ-ն 2019թ. հունվարին ընդլայնված խորհրդակցություն ունենա մտավորականության և ՀԿ սեկտորի հետ՝ Հայաստանի հրատապ լուծումներ պահանջող առաջնահերթությունների ցանկը կազմելու և գործողությունների ծրագիր մշակելու: Որքան էլ երկրորդայնացված՝ ՀԿ սեկտորը չկուսակցականացված, չեզոք պոտենցիալ ունի»: