Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր ընդունել է Ստանիլսավ Զասին, որին Բելառուսն առաջադրում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նազարբաեւը հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն այսօր հերքել է, որ արդեն որոշվել է գլխավոր քարտուղարի թեկնածությունը:

«Դուք արդեն սկսել եք հանդիպել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել», – ասել է Նազարբաևը Զասի հետ հանդիպմանը:

«Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների եւ խորհրդակցությունների: Մենք աջակցելու ենք ձեզ», – ավելացրել է Ղազախստանի նախագահը:

Փաստորեն, Նազարբաեւն ու Լուկաշենկոն որոշել են գնալ ճեղքման, որովհետեւ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստից հետո Ռուսաստանն ու Հաաստանը հայտարարել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշում չի կայացվել:

ՀԱՊԿ երկրների առաջնորդները դեռ չեն լուծել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: Այս մասին լրագրողների հայտնել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որ պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:

Պեսկովի խոսքով, Լուկաշենկոն ԵԱՏՄ վեհաժողովում բարձրացրել է այդ հարցը, չնայած այն օրակարգում չէր: Սակայն, նրա խոսքով, այդ պահին սեղանի շուրջ ՀԱՊԿ ոչ բոլոր երկրների ղեկավարներն էին ներկա: Նրանց հետ զրույցն այդ թեմայով շարունակվել է ավելի ուշ՝ ԱՊՀ վեհաժողովին:

Հայկական կողմը հայտարարել է նաեւ, որ որոշում չի կայացվել եւ «գրեթե ՀԱՊԿ վեհաժողով» չի եղել:

Սակայն Լուկաշենկոն իր թեկնածուին ուղարկել է Բիշքեկ եւ Աստանա՝ հավանաբար կարծելով, որ Ռուսաստանը դժվար թե դեմ գնա Ղազախստանին, Բելառուսին եւ Ղրղզստանին «հանուն Հայաստանի»: Առավել եւս, որ Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների առթիվ՝ դրանով իսկ որոշակի ուղերձ փոխանցելով:

Ինչի՞ են ձգտում Լուկաշենկոն եւ Նազարբաեւը՝ խառնաշփոթ ստեղծելով ՀԱՊԿ-ում: Նրանք ու՞մ են ցանկանում վնասել: Դժվար թե Հայաստանին: Հավանաբար, նրանք իրենց հաշվիներն ունեն Ռուսաստանի հետ:

Նման «անհնազանդությունը» տհաճ անակնկալ կլինի Պուտինի եւ Լավրովի համար: Չէ՞ որ հենց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է ՀԱՊԿ-ը համեմատել ՆԱՏՕ-ի հետ՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները ժողովրդավար ճանապարհով, կոնսենսուսով են ընդունվում, այլ ոչ թե ինչպես ՆԱՏՕ-ում, որտեղ թելադրանքն է գործում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am