Խոսքը չի վերաբերում պատասխան վիրավորանքի և կազմակերպված ֆեյքային հարձակման դեպքերին։
Հարցի պատասխանը ստանալու համար նախ՝ պետք է հասկանալ, թե երբ են մարդիկ, առհասարակ, ոչ հրապարակային վիրավորում ուրիշներին (tête à tête).
Դեպքերը 2-ն են․
1. Երբ վիրավորողը վստահ է, որ մյուս կողմն իրեն փոխադարձ չի վիրավորի։
2. Երբ վիրավորողի համար կարևոր չէ կամ որոշ դեպքերում նույնիսկ ձգտում է, որ իրեն փոխադարձ վիրավորեն։
1-ինն իր հերթին կարող է պայմանավորված լինել հետևյալ մոտեցումներով․
ա) Դիմացինը կվախենա վիրավորել, քանի որ ինձնից թույլ է (30%)։
բ) Դիմացինն իմ մակարդակին չի իջնի, քանի որ ազդեցիկ մարդ է (5%)։
գ) Շատերն են իրեն հայհոյում։ Իմ հայհոյանքն այդքանի մեջ կկորի ու անձամբ իր ուշադրության կենտրոնում չի հայտնվի, իսկ եթե նույնիսկ հայտնվի, ապա դժվար այսքանից հենց ինձ փոխադարձի (20%)։
2-րդ դեպքն իր հերթին կարող է պայմանավորված լինել հետևյալ մոտեցումներով․
դ) Ինքն ինձ այնքան է ջղայնացրել, որ չեմ կարողանում ինձ զսպել և վիրավորում եմ՝ իմանալով, որ ստանալու եմ փոխադարձը (40%)։
ե) Ինքն այնքան հայտնի, կարևոր ու ազդեցիկ է, որ իր կողմից ինձ փոխադարձ վիրավորանք հասցնելը միայն կընդգծի իմ ինչ-որ նշանակություն ունենալու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ եթե բարեկամս չես լինում, ուրեմն՝ գոնե դարձիր իմ թշնամին (5%)։
Նշվածների բոլորի տոկոսներն ավելանում են ա և դ կետերի տոկոսների հաշվին, երբ հարաբերությունները տեղափոխվում են հրապարակային ֆեյսբուքյան դաշտ։
Ստանում ենք մոտավորապես հետևյալ պատկերը՝
Ա - 1%
Բ - 40%
Գ - 40%
Դ - 4%
Ե - 15%
Ինչո՞վ են պայմանավորված տոկոսային այս փոփոխությունները։
Ա՝ նվազում - Անձը պիտի լինի վիրավորողից չափազանց թույլ ու վախկոտ, որ չփոխադարձի իրեն արդեն հրապարակային հայհոյողին, այն էլ, երբ գտնվում է հեռավորության վրա։ Բացի այդ՝ հայհոյողը չի ցանկանում ձեռք բերել «թույլին ճնշողի» համբավ։
Բ՝ աճ - Ազդեցիկ մարդը խուսափում է հրապարակային կոնֆլիկտներից իրենից ցածր ազդեցիկների հետ, քանի որ գիտակցում է, որ խաղում է միագոլանի ֆուտբոլ իր դարպասների մոտ։ Եթե պարտվեց, ահավոր կլինի, եթե հաղթեց, իր կյանքում բան չի փոխվի։
Գ՝ աճ - Ամբոխային պատասխանատվության էֆեկտն է գործում։ Որևէ մեկն իր հայհոյանքի համար չի կարծում, որ անձնական պատասխանատվություն կկրի։ Ի տարբերություն մնացած կետերի՝ այս կետն աճում է ոչ թե նրա համար, որ Ֆեյսբուքը հրապարակային է, ու մարդիկ հեռու են միմյանցից, այլ այն պատճառով, որ Ֆեյսբուքում հաճախ կա «ամբոխ», որը, որպես առանձին կերպար, ունի 10 տարեկան երեխայի մանկամտություն, էգոիզմ ու զգացմունքայնություն։
Դ՝ նվազում - Այս դեպքում հայհոյողի հիմնական շարժառիթը վրեժն է, ինչը Ֆեյսբուքի աշխարհ տեղափոխվելիս ֆիլտրվում է առանձին նամակագրություններով։ Հրապարակային գրեթե ոչ ոք չի ուզում իր անձնական վրեժը լուծել։
Ե - Այս դեպքում հայհոյողի նպատակն իր համար ազդեցություն ունեցող անձից ինչ-որ ուշադրության արժանանալն է, թեկուզ փոխադարձ վիրավորանք ստանալու տեսքով։ Ու եթե այդ ուշադրությունը լինում է հրապարակային, ապա դրա նշանակությունն ավելանում է մի քանի անգամ։ Տվյալ դեպքերում հայհոյանքների քանակն անչափ նվազում է, երբ ի հայտ է գալիս հասցեատիրոջ համակիրների խումբ, որոնք հայհոյողից ցածր նշանակություն ունեն, սակայն պատրաստ են հասցեատիրոջ փոխարեն փոխադարձել։ Այլ կերպ ասած՝ 2-ի դեմ 3-ի ամենաարդյունավետ զենքը միշտ եղել են 1-երը։
Ահա թե ինչու ՀՀ նախկին նախագահներին, քաղաքական վերնախավին, այսօրվա քաղաքապետին, դատավորներին, մեծահարուստներին, աստղերին կամ թեկուզ Մանվել Գրիգորյանին Ֆեյսբուքով հայհոյողները վերջիններիս աչքերի մեջ նույնիսկ զգույշ կնայեն, եթե հայտնվեն Ֆեյսբուքից ու հրապարակից դուրս՝ tête à tête.
Ու հիմա, «հարգելի» ֆեյսբուքյան հայհոյող (վիրավորող), երբ Ֆեյսբուքում հերթական անգամ քաջաբար կվիրավորես մեկին, մի շտապիր քեզ ա կամ դ կետերում տեսնել, փնտրիր քեզ նախ այլ կետերում։
Չնայած, դժվար դու այսքանը 3 անգամ կարդացած լինես։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sahakyan.85/posts/1924542010998310