Այս սեզոնին А H1N1 գրիպի (ժողովուրդն անվանում է խոզի) առաջին զոհը դարձած 55-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է դեկտեմբերի 20-ին։ 9 օր անց կինը, ում անունը հարազատները նախընտրեցին չասել, Երեւանի բուժկենտրոններից մեկում մահացել է գրիպի բարդացումներից։

Մահացած կնոջ դուստրը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սկզբում բոլորը մտածել են, թե նրա մոտ սովորական մրսածություն է՝ նրան անհանգստացնում էին սրտխառնոցը, ախորժակի կորուստը, թուլությունը։ Այնուամենայնիվ, ինքնաբուժմամբ նրանք գերադասել են չզբաղվել եւ դիմել են իրենց բնակության վայրի պոլիկլինիկա։

«Թերապեւտն ասաց, որ մայրիկիս թոքերը մի քիչ լավ չեն, եւ ցեֆտրիաքսոն նշանակեց», - պատմեց աղջիկը։

Երեք օր կինն ընդունել է դեղամիջոցը (նշենք, որ դա հակաբիոտիկ է, որը գրիպի եւ այլ վիրուսային հիվանդությունների ժամանակ ցուցված չէ), սակայն նրա վիճակը ոչ միայն չի լավացել, այլեւ շարունակել է վատանալ։

Դեկտեմբերի 24-ին կնոջը տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում, քանի որ թոքերը լրջորեն վնասված են եղել հիվանդությունից, եւ նրան թոքերի արհեստական օդափոխանակություն է անհրաժեշտ եղել։ Մի քանի օր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 7-ին կինը մահացել է։

«Բժիշկները մեզ ասացին․ «Կներեք, բայց վարակը հաղթեց, իսկ մենք՝ բժիշկներս պարտվեցինք նրա դեմ պայքարում․․․»։ Մեր ողջ ընտանիքը մինչեւ հիմա ցնցված է», - պատմեց աղջիկը։

Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ եւ քրոնիկ հիվանդություններ կինը, հարազատների խոսքերով, չի ունեցել։ Սակայն առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կինն, այնուամենայնիվ, ունեցել է ուղեկցող հիվանդություններ, որոնք բարդացրել են գրիպի ընթացքը։

Նրա խոսքով՝ կնոջ մահվան մասին նախկինում չէին հայտնում, քանի որ մասնագետները սպասում էին դիահերձման եւ անալիզների պատասխանների պաշտոնական տվյալներին: Դեռեւս բուժման ընթացքում թեսթերը ցույց էին տվել, որ նրա մոտ А H1N1 է, բայց այդ թեսթերն, ըստ Լիանա Թորոսյանի, կարող են ցույց տալ ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական արդյունքներ, որի պատճառով էլ սպասում էին ավելի ճշգրիտ՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով անալիզների արդյունքներին։

Ներկայում, նշված կենտրոնի տվյալներով, Հայաստանում А H1N1 գրիպի դեպքերի 51 (հետազոտել են 549 նմուշ) լաբորատոր հաստատված դեպք կա։ Այս պացիենտներից ոմանք թեթեւ են տարել գրիպը եւ արդեն առողջացել են, մյուսները ստացիոնար բուժում են ստանում, որոշները վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են։

Գրիպի պատճառով բարդությունների զարգացման վտանգը բարձր է քրոնիկ հիվանդություններով մարդկանց, տարեցների, հղիներիե եւ մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ։ Այդ պատճառով բոլոր թվարկված խմբերին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ եւ առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։