Եվս 10 օր եւ հայաստանցի սպառողները գազի դիմաց կվճարեն արդեն նոր՝ ավելի թանկ սակագնով,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Ու թեեւ հասարակությունը, կարծես, համակերպվել է ռուսական կողմի նախձեռնությամբ գազի պարբերաբար թանկացման փաստին, այնուամենայնիվ, գազի ավելի էժան տարբերակ որոնելու հույսն էլ, թերեւս, չի մարում:
Եւ դրա պատճառը նաեւ այն է, որ Ռուսաստանը Հայաստան գազ առաքող միակ երկիրը չէ: Տարիներ առաջ պարսկական գազի մուտքը հանրապետություն հենց այլընտրանք ունենալու անհրաժեշտությամբ էլ մեկնաբանվեց: Բայց հիմա ստացվում է, որ պարսկական գազն այդպես էլ ռուսականին այլընտրանք չդարձավ:
Ավելին, հայ հասարակության համար ի տարբերություն ռուսականի, երբեւէ չի հրապարակվել իրանական գազի գինը:
Իսկ տարբեր պաշտոնյաների կցկտուր հայտարարություններից միայն կարելի է ենթադրել դրա իրական արժեքը:
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե Իրանը Հայաստանին ավելի թանկ է մատակարարում գազը, քան Ռուսաստանը: Իսկ, օրինակ, Իրանի դեսպանը հակառակն էր պնդել, ասելով, որ Իրանը մեր երկրին առաջարկում է ավելի էժան գնով գազ:
Իրարամերժ հայտարարությունների խառնաշփոթում, սակայն, մի հստակ ցուցանիշ կա: Այն է՝ Իրանից ստացվող յուրաքանչյուր 1 խ/մ գազի դիմաց Հայաստանը Իրան է առաքում 3 Կվ/ժամ էլեկտրաէներգիա:
Օգտվելով այս երկու հայտնի ցուցանիշներից՝ պարզ թվաբանական գործողության արդյունքում փորձենք ստանալ անհայտը՝ իրանական գազի արժեքը:
Այսպես. քանի որ էլեկտրաէներգիայի 1 Կվ/ժամ-ի մեծածախ գին է սահմանվել 29 դրամը, ստացվում է, որ Իրանից ստացվող 1 խ/մ գազի դիմաց Հայաստանը վճարում է 87 դրամ, նշենք նաեւ, որ 29 դրամը ցերեկային սակագինն է, մինչդեռ գիշերայինը ավելի էժան է՝ 25 դրամ:
Ստացված գինը համեմատենք ռուսական գազի գնի հետ: Որպես հիմք ընդունենք այն արժեքը, որով այն վաճառվում է մեր պետությանը: Ինչպես հայտարարվել է Ռուսաստանը սահմանի վրա գազը Հայաստանին է վաճառում 1000 խ/մ-ը 270 դոլարով, կամ 1 խ/մ- ը 110 դրամով:
Միայն այս պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ իրանական գազը ավելի քան 20 դրամով ավելի էժան է ռուսականից, մինչդեռ պատասխանատու պաշտոնյաները հակառակն են պնդում:
Իհարկե, իրենց ապահովագրելու համար նրանք կպնդեն, որ այսօրինակ հաշվարկ անելը ճիշտ չէ, կամ դրա հիմքում չափելի ցուցանիշներ չեն եւ այլն:
Բայց, համաձայնեք, տրամաբանությունը բոլորովին այլ բան է հուշում:
Նելլի Դանիելյան