Դիանա Գրիգորյանն ամենահայտնի սերիալների սցենարների հեղինակն է: Աշխատում է հիմնականում «Արմենիա» հեռուստաընկերության հետ: Հիմա սերիալները փակվում են, հեռուստաընկերությունները որոշել են կրճատել դրանց քանակը, և մեծ թվով դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ անգործ են մնալու:
«Հրապարակ»-ը մի քանի հարց ուղղել Դիանային սերիալների, դրանց բովանդակության ու ռեյտինգների մասին:
- Դիանա, արդյո՞ք Դուք կնայեի՞ք «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» և նմանատիպ մյուս սերիալները, եթե դրանց սցենարների հեղինակը չլինեիք:
- Թերևս այս հարցին օբյեկտիվ պատասխանել չկարողանամ: Եթե ոչ որպես սցենարի հեղինակ, ապա որպես հեռուստատեսության աշխատող, համենայնդեպս, պարտավոր ես հետևել հեռուստաեթերին, հատկապես այն հեռուստատեսության եթերին, որտեղ դու ես աշխատում: Իսկ ինձ, որպես հեռուստադիտողի, կարող է գերել այն հեռուստանախագիծը, որտեղ կա նոր շունչ, նոր ասելիք:
- Չնայած սերիալների բարձր ռեյտինգներին և դիտելիությանը, այնուամենայնիվ, ազգը դժգոհ է: Հեռուստատեսության մասին յուրաքանչյուր խոսակցություն հանգում է սերիալների անմակարդակության և բացասական ազդեցության մասին դժգոհություններին: Չգիտես ինչու, մարդիկ առաջին հերթին հիշում են հենց Ձեր մասին և մեղադրում հենց Ձեզ: Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք դարձաք ամենահայտնի սցենարիստը, չէ՞ որ մյուս սերիալներն էլ են դիտում, բայց բացասական կերպար միայն Դուք ձեռք բերեցիք: Եվս մի հետաքրքիր տենդենց է նկատվում. սերիալներից դժգոհ են նույնիսկ նայողները, համամիտ չե՞ք:
- Ազգն այնքան էլ չի դժգոհի սերիալներից, եթե սերիալների հերոսներին տեսնի միայն սերիալի մեջ, այն, ինչ չտեսնի հեռուստատեսային բոլոր նախագծերում, գրեթե բոլոր ամսագրերի շապիկներին, էլ չեմ խոսում կայքերի մասին, որոնք ողողված են սերիալային հերոսներով: Բոլորը խոսում են սերիալից, գրեթե չկա ասուլիս, չկա հարցազրույց, որտեղ շրջանցվի սերիալի թեման: Ստեղծվել է տպավորություն, որ ազգի միակ և լուրջ մտահոգությունը հայկական սերիալներն են, որոնց նկարագիրը տալուց շենշող արտահայտություններ են արվում, «գեղեցիկ» խոսքերի պակաս չի զգացվում: Թերևս այս ամենն ավելի է բարձրացնում սերիալի վարկանիշն ու դիտելիությունը: Եվ այստեղ է, որ հարց է առաջանում. եթե սերիալն այդքան վատ երևույթ է, ինչի՞ են շատ շատերն իրենց աշխատանքն ապահովում սերիալից ու նրա հերոսների անձնական ու գործնական կյանքի մանրամասներից խոսելով: Ի՞նչ է ստացվում, փնովելով սերիալն ու սերիալ արտադրողին` կրակից շագանակներ ենք հանում:
Մինչդեռ կայքերն ու ամսագրերը, արվեստի ներկայացուցիչները, դժգոհելով սերիալից, պետք է սերիալի հակակշիռն ստեղծեն, մատուցեն այն բարձրակարգ արվեստը, որը մենք` սերիալ արտադրողներս, իրենց կարծիքով, «արատավորում» ենք: Անդրադառնալով Ձեր այն խոսքին, որ սերիալից դժգոհում են նույնիսկ նայողները, ապա ասեմ, որ նրանց էլ կարելի է հասկանալ. հեռուստասերիալները տևում են մեկ տարի, նույնիսկ` երկու տարի, ինչը հեռուստադիտողին կարող է նյարդայնացնել: Ինչ վերաբերում է իմ ձեռք բերած բացասական կերպարին, ու թե ինչի է մարդկանց մեղադրանքը հենց ինձ ուղղվում, հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ ես, որպես հեղինակ-վարող, երկար տարիներ եղել եմ եթերում, և հեռուստադիտողն ինձ ճանաչում է իբրև հաղորդավարուհի, և, արդեն ինձ ճանաչելով, բոլոր մեղադրանքներն ուղղում են կրկին ինձ` մոռանալով, որ իմ սերիալը եթերացանցում զբաղեցնում է ընդամենը 39 րոպե:
Միգուցե պատճառներից մեկն էլ, թող անհամեստություն չլինի, ինչպես վարկանիշային թվերն են փաստում, իմ հեղինակած սերիալները բարձր վարկանիշ են ունեցել, ինչն էլ տրամաբանական է, որ խոսելու առիթ է ծնում: Ամեն դեպքում, չէի ցանկանա հայկական սերիալների պատմության մեջ հերոստրատյան հռչակ վայելել: