Խորհրդարանի Իմ քայլը մեծամասնության պատգամավորների խումբը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Վրաստան այցի եւ արդարադատության բարեփոխումների թեմայով համաժողովի մասնակցության մանրամասներ: Պատգամավորներին հետաքրքրել է արդարադատության ոլորտում Վրաստանի փորձը, նաեւ այն առումով, որ Վրաստանը Հայաստանի հետ համադրելի երկիր է թե քաղաքական, թե մշակութային առումով:
Վրաստանը Հայաստանի հետ համադրելի չէ թերեւս հենց այդ երկու՝ քաղաքական ու մշակութային առումներով: Այդ իմաստով, Հայաստանում տարածված է համեմատությունը Վրաստանի հետ, վարդերի հեղափոխությունից հետո Սահակաշվիլու իրականացրած բարեփոխումների հետ, որոնց թվում եղել է նաեւ բարեփոխումն արդարադատության ոլորտում:
Այդ ամենում հաճախ մոռացության կամ անուշադրության է մատնվում ելակետերի հանգամանքը: Բացարձակապես տարբեր են ելակետերը Սահակաշվիլու եւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բարեփոխումների անհրաժեշտության հարցում: Միխայիլ Սահակաշվիլին վարդերի հեղափոխություն է առաջնորդել եւ հաղթել բացարձակապես այլ համակարգում, քան այն, որ կար Հայաստանում:
Հայաստանում գործել է բավական հստակ կազմակերպված, կառուցակարգված համակարգ, որին հաղթել այն մեխանիզմով, ինչով հաղթել է Սահակաշվիլու վարդերի հեղափոխությունը, գործնականում հնարավոր չէր: Ավելին, երբ Վրաստանում տեղի էր ունենում այդ հեղափոխությունը, Հայաստանում օրինակ շատերն էին տարակուսած հարցնում, թե ինչպե՞ս հաջողվեց Սահակաշվիլուն մարդկանց անհամեմատ ավելի փոքր քանակ հավաքելով հասնել իշխանափոխության, երբ Հայաստանում հավաքվել է դրանից ավելի մեծ բազմություն, բայց ապարդյուն:
Որովհետեւ բացարձակապես տարբեր են եղել համակարգային, բազային ելակետերը, թե ներքին, թե նաեւ աշխարհքաղաքական համատեքստի առումով: Ըստ այդմ, զուտ մեխանիկորեն հնարավոր է դիտարկել վրացական բարեփոխումների փորձը, սակայն պրակտիկայի առումով դրանք չեն կարող Հայաստանի իրավիճակի հետ համադրելի լինել:
Հայաստանում բարեփոխումները կարող են արդյունավետ լինել ոչ թե արտաքին փորձի ուսումնասիրման, այլ ներքին «բազային» իրավիճակի ճշգրիտ գնահատման արդյունքում, երբ հստակորեն կախտորոշվի, թե որտեղ է խնդիրը, տվյալ դեպքում` դատաիրավական համակարգի:
Հայաստանում ներկայում կա առանցքային մի խնդիր, թե արդարադատության, թե գործնականում մի շարք այլ առանցքային ուղղություններում: Իշխանությունից ապամոնտաժված համակարգը գործնականում շարունակում է շատ ավելի լավ ճանաչել նոր իշխանությանը, քան նոր իշխանությունն իբրեւ համակարգ ճանաչում է այն բազան, որը մնացել է հնից:
Այդ՝ նոր իշխանության համար բացասական հաշվեկշիռը հնարավոր չէ լրացնել այլ իշխանությունների փորձի փոխառությամբ, այլ միայն մրցակցին կամ հակառակորդին ամբողջապես ճանաչելու՝ ախտորոշելու կարողությամբ:
Ի վերջո, հեղափոխությունների հաջողության արդյունքի հիմքում փորձի փոխառությունը չէ՝ այդ թվում պոստհեղափոխական վերափոխումների շրջանում, այլ հեղափոխական տեխնոլոգիայի «նորարարությունը»՝ ներառյալ այդ պոստհեղափոխական վերափոխումների փուլում:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am