Հուլիսի 4-ին Ֆրանսիայի Կանն քաղաքում սկսվել են «Ադրբեջանը Կաննում» մշակույթային օրերը, որին ներկա է գտնվել Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի հիմադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան:
Այս մասին հայտարարում է Day.az-ը` հղում կատարելով Մեհրիբան Ալիևայի պաշտնական կայքին:
Մեհրիբան Ալիևան ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ, որտեղ մասնավորապես նշել է, որ Ֆրանսիայի գեղեցիկ քաղաքներից մեկում` Կաննում անց են կացվելու ադրբեջանական մշակույթի, երաժշտության, հին արհեստների, արվեստին, Ադրբեջանի անցյալին և ներկային նվիրված միջոցառումներ:
Հետաքրքիր է նաև Ալիևայի այն հայտարարությունը, համաձայն որի Ադրբեջանի ժողովուրդը հպարտանում է իր երկրի հարուստ և հին պատմությամբ և մշակույթով:«Մշակույթը չի ճանաչում սահմաններ, մշակույթը անփոխարինելի և ունիվերսալ միջոց է, որը թույլ է տալիս մարդկանց ավելի խորը ճանաչել և հասկանալ միմյանց: Յուրաքանչյուր ժողովրդի գլխավոր արժանիքը նրա մշակույթային ժառանգությունն է, անցյալի արմատները և ավանդությունները: Մենք` ադրբեջանցիներս, հպարտանում ենք մեր հին և հարուստ մշակույթով և պատմությամբ, ցանկանում ենք ամբողջ աշխարհում ճանաչեն Ադրբեջանը որպես խաղաղասեր, հին և պարարտ հողի, որտեղ դարերով խաչվել են մշակույթներ և քաղաքակրթություններ»,- նշել է նա:
Սակայն անհասկանալի է, թե Ադրբեջանի առաջին տիկինը ինչ պատմության կամ մշակույթի մասին է խոսում: Ցանկանում ենք նրան հիշեցնել, թե որտեղից է սկիզբ առել «Ադրբեջան» արհեստական անվամբ երկիր-պետությունը:
Այսպես հիշատակում է իրանցի գիտնական Հասան Ղոլին գիտական համաժողովներից մեկի ժամանակ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Օսմանյան Կայսրության և Խորհրդային միության օժանդակությամբ Մուհամմեդ Ամին Ռասուլզադեն Իրանի հյուսիսային հատվածում գտնվող Արանի տարածքում հիմնադրեց Ադրբեջան հանրապետությունը:Իրանցի վերլուծաբան Մահմուդ Թահեր Զադեն իր հերթին նշում է, որ «Ադրբեջանի տարածքը մեկ այլ պատմական անվանում է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն Արաքսից հյուսիս ընկած տարածքները, որոնք զբաղեցված են եղել շիաներով, անցել են Ռուսաստանի տիրապետության տակ: 1911 թվականին Բաքում ձևավորվել է Մուսավաթական շարժում,որի հիմնադիրները Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն պանթյուրքիզմի կողմնակիցներ էին և հովանավորվում էին Օսմանյան կայսրության կողմից: Իսկ արդեն 1918 թվականին առաջին անգամ Արանի և Շիրվանի տարածքում ձևավորվեց պետություն «Ադրբեջանի հանրապետություն» արհեստական անվամբ:
Խորհրդային Միությունը պահպանեց Ադրբեջանի անվանումը Իրանի տարածքների հյուսիային տարածքների նկատմամբ ոտնձգություններ ունենալու համար: Հիշեցնենք, որ Իրանի հյուսիսային տարածքների անունը Իրանական Ատրպատական է:
Ադրբեջան կամ Ազերբայջան անվանումը ծագում է դասական պարսկերենի Աթուրբադագան անվան արաբականացված տարբերակը: Այն վերաբերվում է տեղանունների այն տեսակին, որոնք իրենց անվանումը վերցրել են տեղի իշխողից կամ կառավարչից: Այսպես Ատրպատը(Աթուրպատը) եղել է Մարաստանի աքեմենյան վերջին սատրապը, որը ք.ա 320 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո իրեն հայտարարել է Իրանի հյուսիային հատվածների կառավարիչ և դարձել է Փոքր Մարաստանի կամ Աթրոպատենայի հիմնադիր:
Աթուրբադագան բառը ծագում է միջին պարսկերեն ական վերջածանցից և Աթուրբադա բառից, որը նշանակում է կրակով պաշտպանված: Ընդ որում պետք է նշել, որ հենց այս տարածքում է գտնվել զրադաշտների գլխավոր կրակը, որն էլ բացատրում է քաղաքի անվանման ծագումը:
Ուստի խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի գեցեցկուհի առաջին տիկնոջը առաջին հերթին ծանոթանալ իր երկրի պատմության հետ և հետո միայն հպարտանալ դրա անցյալով:
Աղասի Առաքելյան