Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով սպառազինության ձեռքբերումների մասին, հայտարարել է, որ կլինեն ռազմական անակնկալներ: Նախարարը չի բացել մանրամասները, սակայն անակնկալների մասին հայտարարությունն արդեն իսկ ուշագրավ է:
Ընդ որում, ուշագրավ է ձեւակերպումն ինքնին, քանի որ պարունակում է որոշակի հարաբերականություն եւ թողնում առնվազն այնպիսի տողատակի տպավորություն, թե ռազմական նոր ձեռքբերումները ունենալու են ընթացիկ կիրառություն, այսինքն չեն լինելու լոկ զսպող գործոն: Դա իհարկե հայտարարության ձեւակերպման որոշակի հարաբերականությունից բխող ենթադրություն է, բայց մյուս կողմից այդ տրամաբանությունը լիովին կարող է համահունչ լինել հայկական կողմի նոր անվտանգային մոտեցումներին, որոնց մասին խոսել է պաշտպանության նախարարը:
Խոսքն այն մասին է, որ հայկական զինուժն, ըստ նրա տարբեր հայտարարությունների, պաշտպանականից անցում է կատարում հարձակողական ռազմավարության եւ պատրաստ է որեւէ լարման դեպքում գործողություն սկսել հակառակորդի տարածքում, հատուկ ստորաբաժանումների կիրառմամբ: Դավիթ Տոնոյանը ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր այդ մասին, նշելով, որ Հայաստանը զարգացնում է հատուկ կարողության իր այդ ստորաբաժանումները:
Ռազմական «գործուն» անակնկալի հնարավորության իմաստով հետաքրքիր հարց կարող է լինել եւ այն, թե որն է լինելու այդ անակնկալի աղբյուրը: Հայաստանի սպառազինության հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, մի շարք հայտնի պատճառներով: Միաժամանակ, ընդհուպ ապրիլյան քառօրյայից հայտնի է, որ դրան հաջորդել է հայկական զինուժի ռազմա-տեխնիկական կարողության համալրում Արեւմուտքից, տեխնոլոգիական միջոցներով, որոնք էապես բարձրացրել են Հայաստանի առաջնագծի հետախուզական-կանխարգելիչ կարողությունը:
Պատերազմն այդ հանգամանքում ունեցել է էական դերակատարում, մի քանի գործոնի պատճառով: Առանցքայինը թերեւս այն է, որ ապրիլյան քառօրյան որպես ռազմա-քաղաքական իրողություն ուներ մի քանի աստիճան, եւ դրանցից մեկում իբեւ ռեգիոնալ անվտանգության «պարեկ» Ռուսաստանի միջազգային տապալումն էր:
Այդ իրավիճակում հայկական զինուժի օպերատիվ կարողունակության բարձրացման հարցում Արեւմուտքի աջակցությունը էական անհրաժեշտություն էր նաեւ Ռուսաստանի համար: Ընդհանրապես, քառօրյան իր ընդգրկուն շրջանակով դրսեւորեց այն, որ մի շարք գործոնների բերումով Մոսկվայի համար գործնականում բարդ է դառնում կատարել անվտանգության «պարեկի» ռեգիոնալ դերը, եւ այդ հարցում կա երկու տարբերակ՝ կամ այդ դերը կատարել Թուրքիայի պայմաններով, որոնք գործնականում նշանակելու են Մոսկվայի աստիճանական դուրսմղում, կամ կատարել այդ դերն Արեւմուտքի աջակցությամբ, որտեղ չկա դուրսմղման պայման, այլ կա ընդամենը անվտանգության միջազգային համակարգին համարժեք վարքագծի խնդիր: Իսկ այդ խնդրի լուծման հարթակ է Հայաստանը՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության առանձնահատկությունը:
Պաշտպանության նախարարի ազդարարած ռազմական անակնկալը ա՞յդ համատեքստում է, թե ոչ: Ընդհանուր առմամբ, ռեգիոնալ անվտանգության համակարգի տրանսֆորմացիան այդ համատեքստում է արդեն տեւական ժամանակ, եւ այն ուժգնացել ու ամրացել է Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում:
Կոնկրետ անակնկալի իմաստով, իհարկե, մանրամասները հայտնի չեն, սակայն այդ առումով թերեւս արժե հիշատակել մի հանգամանք, որ մոտ երեք շաբաթ առաջ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՆԱՏՕ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարը, որը հանդիպել էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Միաժամանակ հատկանշական է այն, որ Դավիթ Տոնոյանը ռազմական անակնկալի մասին ազդարարում է օրերս ԱՄՆ, իսկ հետո նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ հանդիպումների ֆոնին:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am