Հայաստանում մեծ ուշադրության է արժանանում հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Թրամփի աշխատակազմը ծրագրում է Ադրբեջանին հատկացնել ավելի մեծ ռազմական աջակցություն՝ 100 միլիոն դոլար, քան Հայաստանին՝ 7 միլիոն դոլար: Ի դեպ, տարբերությունը նախկինում էլ եղել է հօգուտ Ադրբեջանի, բայց ոչ այդչափ, այլ զգալի ավելի քիչ:
Այդ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Նահանգները Ադրբեջանին հատկացնում է օգնություն առավելապես ծովային, սահմանային կարողությունները ընդլայնելու համար՝ Կասպիցում Իրանի դեմ Բաքվի կարողությունները ընդլայնելու իրական քաղաքականության ռեժիմում: Հենց այդ նպատակով նաեւ որոշակիորեն չեղարկվեց հայտնի 907 ուղղումը, որը Վաշինգտոնին արգելում էր ռազմական օգնություն տալ Բաքվին: Ներկայում, քանի որ Վաշինգտոնն ավելացրել է ճնշումը Իրանի նկատմամբ, ավելանում է նաեւ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունն ու Հայաստանին տրվող օգնության նկատմամբ դրա տարբերությունը:
Այստեղ սակայն հայաստանյան հարթակում քննարկվում է այն, որ չնայած այդ օգնությունը Հայաստանի դեմ չէ, բայց ով գիտե, թե չի կիրառվի Հայաստանի դեմ, որովհետեւ, օրինակ, Ադրբեջանի սահմանապահ զորքերը ներգրավված են եղել ապրիլյան քառօրյային: Հայտնի է նաեւ, որ Տավուշում Ադրբեջանը իր որոշ զորամիավորումներ փոխարինում է սահմանապահներով, որը զուտ քարոզչական քայլ է, քանի որ Բաքվի սահմանապահ զորքերն իրենց սպառազինությամբ գրեթե չեն տարբրվում բանակից:
Իսկ ԱՄՆ օժանդակությունն ուղղված է հենց սահմանապահ ծառայությանը:
Բայց, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ օժանդակության մասին է խոսքն ու արդյոք այդ օգնությունն այնպիսին է, որ մեծացնում է Ադրբեջանի հարձակողական կարղությունը: Արդյոք օրինակ Ռուսաստանից եւ Իսրայելից ձեռք բերած ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի սպառազինության պայմաններում Ադրբեջանի հարձակողական կարողության հարցում էական դեր է ստանում ԱՄՆ ռազմական մոտ 100 միլիոն օգնությունը, այն էլ դեռ պարզ չէ՝ սպառազինությա՞ն, թե որոշակի տեխիկական կարողություննրի տեսքով:
Այդուհանդերձ, դա իհարկե չի նշանակում, որ Հայաստանը չպետք է բարձրացնի հարցը Վաշինգտոնի առաջ եւ քննարկի այն, շեշտելով նաեւ հանգամանքը, որ այդ օգնությունը կարող է կիրառվել նաեւ Հայաստանի դեմ:
Բայց, այստեղ շատ կարեւոր եւ առանցքային է այն, որ «կիրառման արգլքն» իհարկե քաղաքական խնդիր է: Իսկ այդ առումով Ադրբեջանն ինքն է խոստովանել, որ դրված է այդ արգելքը: Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել էր, որ միջազգային հանրությունն արգելում է պատերազմել: Վաշինգտոնի հանդիպումը թերեւս վերջին զգուշացում էր Բաքվին, որ նաեւ արտացոլվեց հանդիպումից առաջ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությամբ, երբ Ադրբեջանը փորձեց խոսել սահմանային լարվածության ու շանտաժի լեզվով:
Դա է նաեւ ամերիկյան ռազմական օգնությունն ընդդեմ Հայաստանի կիրառելու ամերիկյան արգելքը, որ ձեւակերպված է հրադադարի պահպանման եւ հետաքննության մեխանիզմների օրակարգային հարցադրման տեսքով, որ ապրիլյան պատերազմից հետո Բաքվի առաջ դրվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ:
Արգելք, որը բացակայում էր Ռուսաստանից բազմամիլիարդ սպառազինության ձռքբերման պարագայում, եւ ավելին՝ այն ձեռք էր բերվում Ռուսաստանից հենց այն պատճառով, որ դրանով գնվում էր նաեւ սպառազինությունը Հայաստանի եւ Արցախի դեմ իրացնելու քաղաքական իրավունքը: Բաքուն դա փորձեց կիրառել 2016-ի ապրիլին, որից հետո բախվեց ԱՄՆ արգելքին:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am