Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ առաջարկի նախագիծը խիստ գաղտնի է պահվում և ընդամենը մի քանի պատգամավորների ձեռքին կար, ովքեր իրենց կոլեգաներին թույլ էին տալիս միայն աչքի պոչով այն անցկացնել: Սակայն թերթի թղթակցին հաջողվել է հայթայթել այդ նախագիծը, որը պարբերականը ներկայացնում է թերթի ընթերցողներին:
Փաստաթուղթն այսօր քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում, այնուհետև ԱԺ լիագումար նիստում, որից հետո նոր միայն կհրապարակվի պաշտոնապես: Նշենք, որ դրա ընդունումից հետո այն անմիջապես մտնում է գործողության մեջ, որի արդյունքում շատ կարճ ժամկետում ազատ են արձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վերջին տարիների աղմկոտ գործերով անցնող որոշ անձանց վրա ևս այն կտարածվի: Ազատ կարձակվեն մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: