Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ղարաբաղյան կողմը պահանջում է բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում։
«Մենք պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում, ինչի հետ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ նրա կողմից ոչ կառուցողական մոտեցումն այդ հարցում մշտապես հետաձգում է Ղարաբաղյան հկամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիարժեք մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ որոշվում է անմիջականորեն Ղարաբաղի հարցը, և Ղարաբաղի բնակչությունը պետք է համաձայնություն տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակի վերաբերյալ»,- ասել է նա:
Լրատվամիջոցի թղթակիցը նշել է, որ ինչպես հետևում է ոչ պաշտոնական հաղորդագրություններից, «Լավրովյան ծրագիրը» նախատեսում է Հայաստանի տնտեսական արգելափակման չեղարկում և խաղաղապահների տեղակայում ԼՂ-ում՝ «ադրբեջանական 5 շրջանների վերադարձի դիմաց»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս պահանջել է դադարեցնել «անհիմն խոսակցությունները»՝ ասելով, որ Ղարաբաղում ոչ մի հող չի հանձնվի: Թղթակիցը հարցրել է ԼՂՀ վարչապետին, թե ինչու, նրա կարծիքով, ոչ ռուս, ոչ այլ խաղաղապահներ չեն կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը «հինգ շրջան վերադարձնելու դեպքում»:
«Քանի որ ղարաբաղյան կողմը դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկ, ինչպես ես արդեն նշել եմ, դատապարտված է ձախողման: Մեզ հետ չի քննարկվել որևէ ծրագիր, այնպես որ սխալ կլիներ որևէ եզրակացություն անել: Այդ առումով ոչ պաշտոնական տարբերակների տարածումը, ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահը, կարող է ենթադրությունների առիթ դառնալ: Դա հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական և միակ երաշխավորողը ԼՂՀ պաշտպանության բանակն է, որը պահում է նրա կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմական ագրեսիան»,- ասել է ԼՂՀ վարչապետը:
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո Ղարաբաղում զգոնությունը երբեք չի նվազել, քանի որ ադրբեջանակն կողմը 22 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել է, որ փորձում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով: Այսինքն՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանը միշտ ապակառուցողական մոտեցում է ցույց տվել ինչպես բանակցային գործընթացի տապալման, այնպես էլ շփման գծում լարվածությունը պարբերաբար ուժեղացնելու միջոցով:
«Եվ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կարծում եմ՝ կասկած չի թողնում ադրբեջանական իշխանությունների իրական մտադրությունների մասին: Այդ ամենը, իհարկե, թույլ չի տալիս թուլացնել Արցախի բնակչության զգոնությունը, քանի որ մշտապես կախված է հակառակորդի կողմից ֆիզիկական բնաջնջման վտանգը»,- ասել է նա:
Մենք պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում. ԼՂՀ վարչապետ
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո Ղարաբաղում զգոնությունը երբեք չի նվազել, քանի որ ադրբեջանակն կողմը 22 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել է, որ փորձում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով: