Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը: Այս գործը նախկինում քննվում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Գործի քննությունը մոտեցել էր ավարտին, սակայն դատավորը գործուղվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի, նաև՝ մի շարք այլ գործեր քննելու համար:
Հիմա Դանիել Դանիելյանի գործի քննությունը կատարվում է վերստին, և դատարանը նորից վկաների հարցաքննության փուլում է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով Ճանապարհային ոստիկանության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:
2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, Դանիել Դանիելյանը դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:
Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:
Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:
Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին:
Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:
Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:
Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:
Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:
Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան: Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ կրակոցներ չեն արձակվել:
Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:
Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:
Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:
Դատական այս նիստին չէին ներկայացել գործով տուժողներն ու տուժողների իրավահաջորդները:
Գործով դատակոչված է 36 վկա:
Նիստին ներկայացել էր ու հարցաքննվեց մեկ վկա: Լուսինե Գ.-ն գտնվել է հարձակման ենթարկված բանկի մասնաճյուղի հարևանությամբ գործող գրասենյակում:
Աղմուկի վրա դուրս նայելով՝ վկան ականատես է եղել բանկից դուրս եկած Դանիել Դանիելյանի գործողություններին, տեսել է, թե նա ինչպես է կրակոցներ արձակել փողոցում:
Վկան նշեց, որ բանկից դուրս եկած տղամարդու հագին լայն շալվար էր, գլխին կեպի կար: Դեմքի ստորին հատվածին «սեռի բանդանա» էր կապված, որը վկան սկզբում մորուքի տեղ է դրել: Տղամարդու աչքերը քողարկված չէին:
Վկայի ստացած տպավորությամբ՝ բանկի վրա հարձակվածը տարեց տղամարդ էր: Վերջինիս լուսանկարը համացանցում տեսնելով՝ վկան զարմացել էր՝ տղամարդը նրա պատկերացրածից ավելի երիտասարդ էր:
Վկան տեսել է, որ բանկից դուրս եկած այդ տղամարդու ձեռքին տոպրակներ կային: Տոպրակներից մեկը թափանցիկ էր, երևում էին տոպրակի մեջ լցված թղթադրամները: Մյուս տոպրակից զենքի փող էր երևում: Վկայի ստացած տպավորությամբ՝ այդ զենքը ատրճանակ չէր, քանի որ երկար էր…
Վկան տեսել է, որ փողոցում կարգ պաշտպանող ոստիկանը վազել է դեպի բանկից դուրս եկած տղամարդը՝ երևի նրան կանգնեցնելու նպատակով: Տղամարդը զենքն ուղղել է ոստիկանի վրա ու կրակոց է արձակել: Ոստիկանը վայր է ընկել…
Գործով վկաների չներկայանալը դատարան կարող է բացատրվել նաև այն հանգամանքով, որ նրանք մեկ անգամ արդեն դատարանում հարցաքննվել ու պատկերացրել են, թե արդեն կատարել են իրենց պարտականությունը:
Նման ծավալուն գործի քննությունը ավարտական փուլում կիսատ թողնելը, նոր դատավորի վարույթ հանձնելն ու քննությունը ընդհանուր իրավասության դատարանում վերստին սկսելը գործի ոչ արդյունավետ քննության կազմակերպման օրինակ կարող է հանդիսանալ , երբ, բացի կիսատ մնացած քննության վրա պետական միջոցների անիմաստ ծախսից՝ վտանգի տակ է դրվում նաև ողջամիտ ժամկետներում գործի քննության սահմանադրական դրույթը:
Ըստ մեր ունեցած տեղեկության՝ տուժողներից մեկի իրավահաջորդը մեկուսարանում այցելել է ամբաստանյալ Դանիել Դանիելյանին:
Դեռ նախորդ դատարանում տուժողի իրավահաջորդը հայտարարել էր մեկուսարանում Դանիել Դանիելյանին այցելելու, դեմ առ դեմ նրա հետ խոսելու մտադրության մասին: Նա նշել էր, որ ամբաստանյալի հետ ցանկանում է հանդիպել ու զրուցել, և իր «նպատակը հաշտությունն է, ոչ թե թշնամանքի խորացումը»:
Ամբաստանյալը դեմ չէր այդ հանդիպմանը, իսկ մեղադրող դատախազի կարծիքով՝ տուժողի իրավահաջորդի խնդրանքը «նախադեպը չունեցող խնդրանք էր»:
Մեկուսարանում տուժողի իրավահաջորդի ու ամբաստանյալի հանդիպումը տեղի է ունեցել, այն անցել է խաղաղ, առանց միջադեպի:
Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 4-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը: