Շուրջ 10 արտադրողներ Հայաստանից ներկա են գտնվելու դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք աննախադեպ ցուցահանդես վաճառքին, որի կազմակերպիչներն են «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը։


Ինչպես Yelaket.am-Ի հետ զրույցում նշել է «Buy Armenian» համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ արդեն 10 ընկերություններ հաստատել են Լոս Անջելեսում կայանալիք «Ամանորի սպասումով» կոչվող տոնավաճառին ներկայացուցիչ ունենալու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն է տալու անմիջական շփում ունենալ ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ, իսկ գնորդները կարող են ձեռք բերել ապրանքներ անմիջապես արտադրողից։ Ըստ Նշան Օդաբաշյանի՝ սա իսկապես լավ հնարավորություն է բոլոր կողմերի համար, և քանի որ, տոնավաճառը սուրբ ծննդյան տոներին ընդառաջ է, ապա բոլոր մասնակիցները կարող են հարազատների համար «հայկական նվերներ» գնել։
Ընդգծենք, որ «Buy Armenian»-ը ևս մեկ կարևոր նորությամբ է հանդես եկել․ հայկական արտադրանքն արդեն վաճառվելու է ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլև ԱՄՆ մյուս նահանգներում։ Մի քանի հայ արտադրողներ արդեն մեծ պատվերներ են ստացել «Buy Armenian»-ի ջանքերի շնորհիվ։ Հաջողություն գրանցելու դեպքում այս համագործակցությունը շարունակական է լինելու։


Կազմակերպիչներն ընդգծել են, որ տոնավաճառին կարող է մասնակցել յուրաքանչյուր արտադրող, որը ցանկություն ունի ցուցադրելու և կիսելու իր արտադրանքը ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների հետ։ Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։ Գնելով «հայկական նվերներ» յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումն է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչն իսկապես ոգևորիչ է։


Հալեպ, Արցախ կարպետ, Կեռաս, Մանեթայլս, Անտառամ թեյեր, Միսմա, Արարատ բոքս, Սուհո մրգեր, Չրենի, Armenia Cheer & chocolates ընկերությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ ներկա են գտնվելու այս ջերմ հայկական միջոցառմանը և շփվելու են ամերիկաբնակ մեր հայրենակիցների հետ։


Իսկ «Հալեպ» ընկերության համահիմնադիր Ալին Մասվելյանը Yelaket.am-ի հետ զրույցում ասել է․ «Հալեպի և «Buy Armenian»-ի համագործակցության օրինակը շատ հաջողված է։ ԱՄՆ-ում Օդաբաշյաններ ամուսինները ստեղծել են «Buy Armenian» հարթակը, որը, ըստ էության, «հայկական Ամազոնն» է։ Նրանք իրենց սերն այդպես արտահայտեցին Հայաստանի նկատմամբ։ Ավելին՝ հարթակը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն իրոք շատ վատ վիճակում էր՝ համավարակ, շրջափակում, պատերազմ, կորուստ։ Այս օրինակը պետք է վարակիչ լինի»։


Այսպիսով, «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։